Լուրեր
Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Կոտրվածքների ի՞նչ տեսակներ կան:
Կոտրվածքը որևէ ազդակի հետևանքով ոսկրի ամբողջականության խախտումն է: Ազդակի ուժգնությունից կախված, կոտրվածքները կարող են լինել առանց տեղաշարժի և տեղաշարժով: Տեղաշարժով կոտրվածքներն, իրենց հերթին, լինում են` փակ և բաց:
Որո՞նք են կոտրվածքների պատճառները:
Պատճառները կարող են տարբեր լինել՝ վայր ընկնելուց, կենցաղային, սպորտային, տրանսպորտային, ռազմական, արդյունաբերական և այլն:
Բարձրությունից ընկնելիս կարող է շինարարական տրավմա լինել:
Ըստ բնույթի և բուժման ընթացքի, բաց կոտրվածքներն ավելի բարդ են, քանի որ խախտվում է մաշկի ամբողջականությունը և միաժամանակ, գործ ունենք նաև աղտոտղած վերքի հետ, ընդ որում, այն կարող է ուղեկցվել նաև արյունահոսությամբ:
Ամենավտանգավոր կոտրվածքներն առաջանում են տրանսպորտային պատահարների հետևանքով: Հարկ եմ համարում նշել, որ ամրագոտիներ կապելու դեպքում, վթար լինելիս վնասվածքների հետևանքով բարդություններն անհամեմատ քիչ են առաջանում:
Ինչպես ասում են. «միշտ հիշե՛ք, որ Ձեզ տանը սպասում են», և գոնե մայրուղիներ դուրս գալիս` ամրագոտիներն ամրացրեք:
Կոտրվածքներն իրենց տեսակով կապ ունե՞ն տարվա եղանակների հետ:
Այո, ունեն, դրանք ամենաքիչը հանդիպում են վաղ գարնանը և ուշ աշնանը, իսկ ձմռանը և ամռանը շատանում են` կապված սեզոնային աշխատանքների հետ:
Ի՞նչ ախտանշաններ կնշեք կոտրվածքների ժամանակ:
Ախտանշաններից առաջինը ցավն է, ապա` դեֆորմացիան, ոսկրի կրեպիտացիան (կոտրված բեկորների շարժման ժամանակ` կտկտոցի ձայնը), հետագայում կարող է նաև այտուց զարգանալ:
Լինում է նաև շարժունակության սահմանափակում` ցավի կամ կոտրվածքի պատճառով:
Ինչո՞վ է տարբերվում կոտրվածքը` հոդախախտից
Ցավը և այտուցը բնորոշ են նաև հոդախախտին, սակայն հոդախախտի ժամանակ բնորոշ է դեֆորմացիա` հոդի շրջանում վերջույթների հարկադիր դիրք և զսպանակաձև շարժումներ:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել կոտրվածքների հետևանքով:
Կոտրվածքները կարող են նաև լինել բարդացած` նյարդի կամ անոթի վնասումով: Կարող են լինել ներհոդային կոտրվածքներ, երբ այն դեպի հոդ է անցնում:
Լուրջ բարդություններ են առաջանում, երբ խոշոր, խողովակավոր ոսկրեր են վնասվում (ազդրոսկր, բազկոսկր). կարող է զարգանալ ցավային շոկ, ճարպային էմբոլիա, այնուհետև` թրոմբոէմբոլիա, որը հնարավոր է երբեմն ունենա մահացու ելք:
Կոնքի կոտրվածքից կարող է զարգանալ հիպովոլեմիկ շոկ, որովհետև ներքին այրունահոսությունն այս դեպքում լինում է առատ և դժվար է ախտորոշվում: Կոնքը նաև համարվում է շոկոգեն զոնա, որի դեպքում շոկն արագ է զարգանում:
Կոտրվածքների ի՞նչ բուժման մեթոդներ կան:
Վնասվածքների ժամանակ, անպայման, պետք է հնարավորինս շուտ դիմել բուժհիմնարկություն` առաջին օգնություն ստանալու համար:
Առաջին հերթին, պետք է անշարժացնել վերջույթը, հիվանդին, սառույց դնել վնասված տեղում, եթե հնարավոր է, ցավազրկել դեղահաբերով և արագ հասցնել մոտակա հիվանդանոց:
Հրայր Ռազմիկի Հարությունյան,
«Արմենիա» ՀԲԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ.