«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ

Որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է թունաբանության բաժանմունքը:


Բաժանմունքը գործում է արդեն 40 տարի: Այն հանրապետության միակ բաժանմունքն է, որը մասնագիտացված է թունավորումների բուժման ոլորտում:


Ինչպիսի՞ թունավորումներով հիվանդներ եք ընդունում:


Մեզ մոտ ընդունվում են սննդային՝բոտուլիզմով և սնկի թունավորումներով, քիմիական նյութերով, ներառյալ` դեղորայքային, և  գազի թունավորումներով պացիենտները:


Ներկայում ո՞ր թունավորումներն են գերակշռում:


Վերջին 10 տարիներին առավել շատ են ալկոհոլային թունավորումները, մինչդեռ նախկինում գերակշռում էր դեղորայքայինը: Ալկոհոլային թունավորումները շատանում են, երիտասարդանում և, ցավոք,  ներկայում նաև կանանց շրջանում են դեպքերը շատանում:


Շատ են բոտուլիզմով թունավորման դեպքերը: Մեր հայրենակիցների սովորությունն է. ձմռան համար պահածոներ պատրաստել` տնային պայմաններում: Այս տարի բոտուլիզմի 9 դեպք ենք ունեցել, դա մեծ թիվ է:


Ամեն տարի ավելի ու ավելի է ավելանում գազով թունավորումը՝ տանը, մեքենաներում:


Ի՞նչ ախտանշաններով են դրսևորվում թունավորումները:


Թունավորումների ժամանակ լինում են գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ, ծանր դեպքերում` գիտակցության կորուստ: Քանի որ այս երևույթներն ընդհանուր են շատ հիվանդությունների համար, կողմնորոշվելը` ախտորոշման հարցում, դժվար է: Եթե տուժողները երիտասարդներ են կամ` ընտանիքներով, դա արդեն խոսում է գազի թունավորման կամ սննդային թունավորման մասին:


Շմոլ գազով թունավորման դեպքում ցայտուն ախտանիշներ կարող են չլինել, հնարավոր է գլխացավ, թուլություն, և, հիմնականում, հիվանդը չի գիտակցում իր վիճակը, թե ինչ է կատարվում իր հետ: Քնած ժամանակ, անգամ, նա կարող է այլևս չարթնանալ:


Բոտուլիզմի ժամանակ, ընդհանուր ախտանիշներց զատ, բնորոշ ախտանշաններ են ձայնի փոփոխությունը, կլման ակտի բացակայությունը, աչքերի առջև պատկերի երկատումը՝ դիպլոպիա:


Ինչպիսի՞ն է հագեցվածությունը:


Բաժանմունքը տարիների ընթացքում հագեցել է նոր սարքերով, դեղորայքով, և բոլոր անհրաժեշտ միջոցներով: Հիվանդասենյակները վերանորոգված են և ջեռուցվում են:


Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:


Բուժման մեթոդները, մոտեցումները նույնն են, ինչ ամբողջ աշխարհում. և մեծ փոփոխություններ այդ ասպարեզում չկան:
Բարոթերապիան պարտադիր ներառված է կարևոր միջոցառումների ցանկում: Գազով թունավորման ժամանակ առաջին օգնությունը հենց բարոթերապիան է, որը միանգամից հանում է այդ վիճակից: Այն օգտագործվում է նաև բոտուլիզմի լավացման փուլում, արագացնում է վերականգնման գործընթացները:


Ո՞ր մասնագետների հետ եք համագործակցում:


Համագործակցում ենք հոգեբույժի հետ, որովհետև մեր հիվանդների մեծ մասը՝ մոտավորապես 60-70 տոկոսը, ինքնասպանության փորձեր են, որոնց հոգեբույժի խորհրդատվությունը պարտադիր է: Համագործակցում ենք նաև վիրաբույժների, նյարդաբանների, քիթ-կոկորդ-ականջաբանի և այլ, գրեթե բոլոր մասնագետների հետ, կախված նրանից, թե ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, կամ արդեն կան հիվանդի մոտ:


Ինչպե՞ս է գործում պետպատվերի համակարգը:


 Բաժանմունքում բոլոր հիվանդները սպասարկվում են պետպատվերի շրջանակում և որևէ վճարովի ծառայություն չի մատուցվում:


Ինչ ծրագրեր ունե՞ք առաջիկայում:


Հիվանդների քանակը շատանում է, պետք է բաժանմունքը մեծացվի, արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:


Ձեր խորհուրդը ազգաբնակչությանը:


Հարկ է զգույշ լինել գազի վառարաններ օգտագործելիս, պահածոներ պատրաստելիս: Վառարաններն ու գազով սարքերը միշտ պետք է ստուգվեն, իսկ պահածոները պետք է օգտագործելուց առաջ 30-40 րոպե եռացնել:


Զգուշություն է պետք բոլոր տոների ժամանակ, երբ ընդունված է միանգամից շատ սնունդ գնել.:Այդ օրերին կերակուրները մնում են, փչանում և, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունը թողնում օրգանիզմի վրա:

Միքայել Աբրահամի Գաբրիելյան,
սուր թունավորումների բաժանմունքի վարիչ,
«Արմենիա» բժշկական կենտրոն

20.04.2020