«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան

Փսիխոսոմատիկ հիվանդությունների հանդեպ հատկապես խոցելի են լարված մտավոր աշխատանքով զբաղված անձիք. հոգեբույժ Գայանե Մարգարյան

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ, հոգեբույժ Գայանե Ասատուրի Մարգարյանը:


–   Ի՞նչ գործունեություն է ծավալում փսիխոսոմատիկ բաժանմունքը:


–   Փսիխոսոմատիկ բաժանմունքը նախատեսված է հոգեկան խանգարումներով, նևրոզներով տառապող հիվանդների  համար: Բաժանմունքը, որը ստեղծվել է 1988 թվականին, առ այսօր միակն է հանրապետությունում: 

 

–   Ի՞նչ է փսիխոսոմատիկ հիվանդությունը:


–   Փսիխոսոմատիկ հիվանդություն համարվում է բրոնխիալ ասթման, խոցային հիվանդությունը, նաև զարկերակային հիպերտենզիան, սրտամկանի կաթվածը… Այս հիվանդություններն, իհարկե՛, ունեն զարգացման այլ պատճառներ: Հիվանդության հիմքում, նախևառաջ, ընկած է  խառնվածքը, բնավորության գծերը…


Ըստ վիճակագրության, տղամարդիկ առավել հաճախ են հայտնվում կաթվածի ռիսկային խմբում, ինչը պայմանավորված  է այդ սեռին բնորոշ շեշտադրված մրցակցությամբ: Զարկերակային հիպերտենզիան ավելի շատ նկատվում է կանանց մոտ, ինչը հոգեբանական  հարմարողականության պակասի հետևանք է: Իսկ, օրինակ, տագնապային մարդկանց մոտ ավելի հաճախ զարգանում է շաքարային դիաբետը:


–   Արդյո՞ք մարդու գործունեությունը խիստ կապակցված է առողջության հետ:


–   Այո´: Բնավորության գծերը,  աշխատանքի ոճը,  միջավայրը, ընտանեկան վիճակն, անկասկած, ազդում են մարդու հոգեկան առողջության վրա: Այնտեղ, որտեղ կա լարված հոգեվիճակ, փսիխոսոմատիկ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է: 


–   Կա՞ որոշակի տարիքային ցենզ փսիխսոմատիկ հիվանդությունների առաջացման համար:


–   Այստեղ տարիքային որևէ ցենզ չկա, սակայն փսիխոսոմատիկ հիվանդությունները հանդիպում են առավել հաճախ  երեսունն անց մարդկանց  մոտ: Խոսքն, ամենեւին էլ,  հոգեկան շեղում ունեցող հիվանդների մասին չէ:


–    Ժառանգական հիվանդությունների դերը...


–   Հոգեկան հիվանդությունների զարգացման  գործում ժառանգական գործոնը մեծ նշանակություն ունի: Անկասկած, մեծ է անձի  հոգեբանության ազդեցությունն իր առողջության վրա, և դրա  բուժումը հոգեթերապիան է: Եթե մարդու ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել է, կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է տանը, աշխատանքի վայրում, և նա չի հարմարվում, նրա մոտ առաջանում է կիսվելու ցանկություն… Նման դեպքերում մարդը  կարող է դիմել հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը, ով կօգնի շատ արագ  հասնել հոգեկան հավասարակշռության: 


–   Ինչպե՞ս հասկանալ` ու՞մ դիմել. հոգեբանի՞, հոգեբույժի՞, հոգեթերապևտի՞, թե՞ հոգեվերլուծաբանի:


–   Առաջին հերթին կարևորվում է մասնագետին դիմելը. եթե մարդու մոտ առկա է հոգեկան հիվանդություն, հարկ է դիմել հոգեբույժի: Եթե կան արտահայտված նշաններ՝ տրամադրության անկում, քնի խանգարում, գլխացավ, անաշխատունակություն, այդ դեպքում անհրաժեշտ է  հոգեթերապևտի կամ հոգեբանի օգնությանը դիմել:


–   Փսիխոսոմատիկ խանգարումները հղիների մոտ հիվանդություն համարվո՞ւմ է:


–   Դա հոգեվիճակ է և ոչ թե` հիվանդություն: Օրինակ. առաջին հղիությունն է, վախենում է ծննդաբերությունից, կնոջ համար անսովոր իրավիճակ է: Նման դեպքերում հոգեթերապևտը կամ հոգեբանն օգնում են հաղթահարել խնդիրները, և, սովորաբար, դեղորայքային բուժման կարիք չի լինում:


–   Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը, պակասու՞մ, թե՞ շատանում են հիվանդները, ովքե՞ր փսիխոսոմատիկ խնդիրներ ունեն:


–   Սեփական փորձով կարող եմ ասել՝ օրեցօր աճում է փսիխոսոմատիկ հիվանդությունների թիվը: Նախկինում հաճախ հանդիպող դեպրեսիան, որի ակնհայտ նշաններն են` տխրությունը, լացը, ապագայի հանդեպ անվստահությունը և այլն, ներկայում բացակայում է: Այժմ առավել հաճախ արձանագրվում է թաքնված տեսակը՝ դիմականման դեպրեսիան, որն արտահայտվում է գլխացավով, քնի խանգարումով, տրամադրության անկումով:


–    Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված դեպրեսիայով հիվանդների աճը:


–   Ամենից առաջ հիվանդության աճը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական իրավիճակով: Բոլոր փսիխոսոմատիկ հիվանդությունների և նևրոզների հիմքում ընկած են իրարամերժ ցանկությունները ( ուզում եմ`չեմ կարող, չեմ կարող՝ պարտավոր եմ...) Ներդաշնակությունը, լավատեսությունը, դիմացինին հասկանալու ունակությունը, թերևս, ամենակարևորն են հոգեկան անհավասարակշռությունից դուրս գալու համար:


–   Ձեր խորհուրդը մարդկանց: 


–   Ժամանակին դիմել մասնագետի օգնությանը: Որպես կանխարգելիչ միջոց կան հոգեբանական պաշտպանողական մեխանիզմներ մարդը պետք է իր առջև պարզ, լուծելի խնդիրներ դնի՝ «ի՞նչ եմ ուզում», «ինչպե՞ս հասնել»: Հնարավոր է նաև` չկարողանալ հասնել նպատակին. պետք է նաև դրանից ժամանակին հրաժարվելու և հարմարվելու ունակություն ձեռք բերել: Նկատի չունեմ՝ լինել պասիվ, խոսքը հոգեբանական հարմարողականության մասին է:

19.12.2016