«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Մաշկի բիոպսիա. հարցազրույց մաշավեներաբան Արեգ Չալաբյանի հետ

Մաշկի բիոպսիա. հարցազրույց մաշավեներաբան Արեգ Չալաբյանի հետ

Ի՞նչ կասեք մաշկի բիոպսիայի մասին


Բիոպսիան կարևորագույն ախտորոշիչ մեթոդ է ոչ միայն մաշկաբանությունում, այլ նաև շատ այլ բժշկական բնագավառներում:
Մաշկի բիոպսիան  ախտահարված մաշկի հյուսվածքի կտորի, նմուշառու վերցնելու, համապատասխան պրեպարատ պատրաստելու և այն մանրադիտակային կերպով զննելու նպատակով է կատարվում, ինչը թույլ է տալիս մաշկի բոլոր շերտերը և կառուցվածքային տարրերը վիզուալիզացնել,  և իդենտիֆիկացնել յուրաքանչյուր մաշկախտին յուրահատուկ և բնորոշ հյուսվածքաբանական, պաթոլոգիական գործընթացները: 


Որքանո՞վ է կարևոր բիոպսիան մաշկայի հիվանդությունների ախտորոշիչ մեթոդների շարքում


Ընդհանրապես մաշկաբանության մեջ, որպես բազմակողմանի և բարդ ճյուղի, գլխավոր խնդիրներից է համարվում տարբերակիչ ախտորոշումը: Հերիք է միայն ասել, որ գոյություն ունեն մոտավորապես 3000 մաշկային հիվանդություն, և այդ թիվը միայն աճ է դրսևորում: Հիվանդությունները գնալով ավելանում են և, բնականաբար, այդքան տարբեր հիվանդությունները դժվար է միմյանցից տարբերակելը, հատկապես, որ կան շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններ:


Այդ պատճառով բիոպսիան անփոխարինելի հետազոտություն է մաշկաբանության մեջ: Այն թույլ է տալիս դիտարկել մաշկի բոլոր շերտերը, ախտաբանական բոլոր գործընթացները, ախտահարված մաշկը համեմատել առողջ մաշկի հետ և հասնել ճշգրիտ ախտորոշման:


Իհարկե կան շատ մաշկախեր, որոնց դեպքում բավական է կլինիկական ախտորոշումը, որոնք բավականին հաճախ են հանդիպում և ախտանշանները սպեցիֆիկ են: Բայց երբ անհրաժեշտություն կա պարզաբանման, դիմում ենք բիոպսիայի:


Ո՞ր մաշկային հիբանդությունների դեպքում է ավելի հաճախ անհրաժեշտ լինում դիմել բիոպսիայի


Ընդհանրապես մաշկի գոյացությունների պարագայում վաղաժամ և ճշգրիտ ախտորոշումը կարևորվում է, քանի որ այն թույլ է տալիս որոշել վիրահատության ճիշտ  ծավալը, թե ախտահարված և առողջ հյուսվածքների որքան մասը պետք է հեռացվի կրկնությունից խուսափելու համար: Դա հատկապես կարևոր է դառնում դեմքի շրջանի վիրահատությունների ժամանակ, երբ  ցանկալի չէ  մաշկի մեծ հատվածի հեռացումը: Եվ բիոպսիան օգնում է մաշկի ավելի մեծ դեֆեկտից խուսափել, կամ հակառակը, երբ մենք լավատեսորեն տրամադրված ավելի քիչ հատված ենք մտադիր հեռացնել, քան անհրաժեշտ է իրականում:


Իհարկե, բիոպսիան միայն նորագոյացությունների ախտորաշման համար չէ որ օգտագործվում է:


Բիոպսիան՝ ըստ ցուցման, անհրաժեշտ է լինում մաշկի ցանկացած քրոնիկ, թե սուր հիվանդությունների ժամանակ: 

 

Գործնականորեն  բիոպսիայի են դիմում այն հիվանդությունների դեպքում, որոնք ունեն ավելի ատիպիկ ընթացք, որոնց  դեպքում բուժառուները բազմաթիվ մաշկաբանների մոտ են եղել և դա բավարար չի եղել արդյունքի հասնելու համար: Այդ ժամանակ ավելի կարևորվում է ախտորոշման ճշտումը, քանի  որ միայն կլինիկական ախտորոշումը սուբյեկտիվ է:

Բիոպսիայի տեսակները


Կա բիոպսիայի երկու տեսակ. Առաջինը փանչ բիոպսիան է, մյուսը շեյվ բիոպսիան  /անգլերեն՝ շեյվ՝ սափրել բառից/:
Ամբողջ աշխարհում ավելի կիրառելին և տեղեկատվականը  փանչ  բիոպսիան է: Սրա դեպքում վերցվում է մաշկի սյունակ հատուկ միանգամյա օգտագործման գործիքի օգնությամբ, մաքուր պայմաններում, ստերիլ ձեռնոցներով:


Շեյվի դեպքում օգտագործվում է սուր մակերեսով բարակ շերտ վերցնող գործիք:


Կա՞ն հակացուցումներ


Կան որոշ մաշկախտեր, որոնց դեպքում բիոպսիան անցանկալի է, այսինքն այստեղ դիտարկվում է հարաբերությունը. Օրինակ մաշկի մելանոմայի ժամանակ, որը մաշկի չարորակ ախտահարում է, նախընտրելի է այլ մեթոդներով ախտորոշումը, և արդեն այն միանգամից ողջ ծավալով հեռացնելը:


Ցանկալի չէ բիոպսիա կատարել կելլոիդային սպիների հակում ունեցողներին, որովհետև հնարավոր է, որ այդ վնասումից առաջանա կելոիդային մեծ սպի: շաքարային դիաբետի ժամանակ ևս, եթե կա չկոմպենսացված վիճակ, գլյուկոզան բարձր է՝ դժվարացած են վերականգնման պրոցեսները: Բայց երբ այլընտրանք չկա և ամեն գնով պետք է ախտոչոշման ճշգրտում արվի, բիոպսիան դրանց դեպքերում էլ է արվում, իհարկե, հնարավորինս քչացնելով բարդությունների հնարավորությունը: Դա որոշում է մասնագետը:

Բիոպսիան օգտագործվո՞ւմ է բակտերիոլոգիական զննման նպատակով


Բակտերիոլոգիական նպատակով  օգտագործվում են այլ անալիզներ և մեթոդներ՝ օրինակ. մաշկի քերուկների վերցնում, որն անմիջապես  ուսումնասիրվում է մանրադիտակի տակ, կամ ցանքս է արվում համապատասխան միջավայրի վրա, որպեսզի պարզվի, թե ինչ կուլտուրա  կաճի տվյալ միջավայրում:


Կա նաև ցիտոլոգիական հետազոտություն, այն կիրառելի է նորագոյացությունների ախտորոշման նպատակով, բայց այն ավելի քիչ տեղեկատվական է, քան բիոպսիան:


Ինչպիսի՞ անզգայացում է արվում բիոպսիայի ժամանակ և ինչպե՞ս է իրականացվում բիոպսիան


Բիոպսիայից առաջ ախտահանվում է մաշկի մակերեսը և ցանկալի է, որ բուժումներ անցած չլինի, քանի որ երկարատև, ասենք հորմոնալ բուժումներից հետո հիվանդության թե կլինիկական և թե ախտաբանական պատկերը փոփոխված է լինում: Բիոպսիան արվում է տեղային անզգայացմամբ:


 Բիոպսիան ինվազիվ միջամտություն է, սակայն ոչ շատ տրավմատիկ: Սովորաբար վերքին կար չի դրվում, որովհետև դեֆեկտը բավականին փոքր է լինում և հիմնականում վերականգնվում է ինքնուրույն, առանց սպիացումների:


Բիոպսիան կատարելուց հետո, նմուշառուն ուղարկվում է պաթանատոմներին, որոնք այն արդեն զննում են և եզրահանգումներ իրականացնում:


Ցանկալի է, որ բիոպսիան կատարի մաշկաբանը, որովհետև նա նաև նշում է ենթադրյալ ախտորոշումը, նաև հպանցիկ կլինիկական նկարագրություն է տալիս, որը շատ օգտակար է և կարևոր նմուշառուն հետազոտող պաթանատոմի համար: Դա օգնում է հաստատել կամ ժխտել ենթադրյալ ախտորոշումը:


Այդ համագործակցությունը մաշկաբանի և պաթանատոմի խիստ կարևոր է:


Հնարավո՞ր են բարդություններ


Բարդություններից են տեղային բորբոքային խնդիրները, որը լինում է, եթե վիրակապարանում հիգիենան ճիշտ չի պահվել, կամ պացիենտը թրջել է վերքը, կամ այլ միջոցներով վիրակապել են ոչ ստերիլ պայմաններում և զարգացել է տեղային բորբոքային ռեակցիա:


Որքա՞ն է տևում մաշկի վերականգնումը բիոպսիայից հետո


Բիոպսիայի տեղում մաշկը վերականգնվում է բավականին արագ՝ 5-6 օրվա ընթացքում: Եթե բորբոքում կա՝ նշանակվում են տեղային հակաբորբոքիչ միջոցներ:
 

30.07.2020