«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` Աշոտ Կորյունի Կուրղինյան

«Մասնագիտությունը՝  բժիշկ» շարքից` Աշոտ  Կորյունի Կուրղինյան

Մեր զրուցակցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:


«Կարևորը սիրելն է՝ լինի դա մասնագիտություն, աշխատանք, արվեստ, մարդ: Եվ երջանիկ եմ, որ ինձ մոտ ստացվեց սիրելը: Սիրում եմ իմ գործը, ապրում եմ իմ գործով, մտորում եմ անցած օրվա կատարածս աշխատանքի, վաղվա օրվա կատարվելիք աշխատանքի մասին` անընդհատ»,-  հենց այդպես է ապրում «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն վիրաբույժ Աշոտ Կորյունի Կուրղինյանը: Բժիշկ, ով առաջնորդվում է ո՛չ միայն Հիպոկրատի երդումով, այլ նաև` հոգու թելադրանքով, ամենամեծ հույզով՝ ՍԻՐՈՎ, իսկ սերն ավելին է, քան` երդումը»:


- Երազե՞լ եք բժշկի Ձեր ապագան:


- Բժշկների ընտանիքից չեմ, ոչ էլ մանկությունից երազել եմ բժիշկ դառնալ: Պարզապես ծնողներս էին ցանկանում ինձ բժիշկ տեսնել,  և ես սկսեցի այդ ուղղությամբ մտածել: Շուտով հասկացա, որ արդեն  սիրում եմ բժշկի մասնագիտություը, և ցանկանում եմ ինձ տեսնել բժշկական ինստիտուտում: Սկզբում երազանքս ավելի շատ բժշկականի ուսանող լինելն էր: Ընդունվեցի բժշկական իստիտուտի մանկաբուժական  բաժինը, որը հիմա, ցավոք, չկա: Ընտրության պատճառը սերն էր երեխաների հանդեպ: Ինստիտուտն ավարտել եմ որպես մանկական վիրաբույժ:
- Հիշո՞ւմ եք Ձեր ուսուցիչներին, ո՞ւմ կառանձնացնեք:


- Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության մեջ, հատկապես` բժշկության, իր հաջողության և մասնագիտությունը սիրելու մեջ մի կերպարի է պարտական:


Իստիտուտն ավարտելուց հետո մասնագիտացումն անցա Արաբկիր բժշկական կենտրոնում` որպես մանկական վիրաբույժ: Իմ ուսուցիչը մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն էր և իր թիմը, ինչը համարում եմ մեծ բախտ:


1995-ին մեկնեցի Գյումրի՝ իմ ծննդավայրը, իմ սիրելի քաղաքը: Աշխատանքի անցա Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում, սկզբում որպես մանկական վիրաբույժ: Այնտեղ շատ անելիք կար: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում կլինիկայում շատ բան կարողացա հաջողել, փոխել, զարգացրել`հետագայում արդեն կատարելով Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործադիր տնօրենի պատասխանատու գործը:
Ավստրիական մանկական հիվանդանոցը Գյումրիի և ամբողջ մարզի համար դարձավ ճանաչված կլինիկա` բազմաթիվ բաժանմունքներով:
- Ձեր ընտանիքում կա՞ն Ձեր հետքերով գնացողներ:


- Իմ երեխաներից երկուսը նույնպես ընտրել են բժշկի մասնագիտությունը: Պարտադրելու փորձ չեմ արել երեխաներիս, նրանք ընտրեցին իրենց ճանապարհը:

 


- Ի՞նչն է ուրախացնում  Ձեզ և ինչը՝ տխրեցնում:


- Երբ հաջողված վիրահատություն եմ կատարում՝ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում ինձ, դրանից հետո ամբողջ երեկո կարող եմ նորից վերհիշել այն, քայլել հպարտ, ինքնագոհ: Դա հաշալի զգացողություն է:


Ցանկանում եմ, որ բոլոր վիրաբույժներն ունենան այդ զգացողությունը: Իհարկե, վիրաբույժի համար դա ամենօրյա գործ է, բայց լինում են դեպեքեր, որ առանձնանում են: Ինչպես նկարիչը, երբ կտավ է նկարում, միայն ինքն է հասկանում, որ այդ կտավը կատարելություն է` այլ գործերի համեմատ:


- Կյանքը յուրահատուկ դպրոց է անձի, մասնագիտության ձևավորման տեսակետից…


Իհարկե, այսօր էլ շարունակում եմ սովորել. մարզային փոքրիկ հիվանդանոցից հայտնվել եմ  մեծ, բարդ կառույցում, ունեմ ադմինիստրատիվ պատասխանատվություններ. տարբերությունը հսկայական է: Այստեղի հարցերը, որոնք առօրյայում ծագում են և շատ արագ լուծման կարիք են ունենում, իրենց կարևորությամբ ճակատագրական են լինում մի ամբողջ ծառայության և թիմի համար: Սա լուրջ կենսափորձ է ո՛չ միայն մասնագիտական, այլ նաև մարդային շփման առումով:


- Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս մասնագիտական դժվարություններում:


- Կարևորը սիրելն է: Ես արդեն նշեցի, որ բժիշկ դառնալը մանկության երազանք չի եղել, բայց ընթացքում կարողացա սիրել և այսօր ինձ չեմ պատկերացնում բժշկությունից դուրս՝ և՛ բուժական, և՛ կազմակերպչական գործերում: Առանց մեկը` մյուսի, չեմ պատկերացնում, և դա արդեն հնարավոր էլ չէ:

 


- Վիրաբուժության գծով փոխտնօրեն լինելը «Արմենիա» ՀԲԿ մեծ կենտրոնում ահռելի պատասխանատվություն է և աշխատանք…


-  Այո, իրավամբ, այդպես է. տարեկան 3000-4000 վիրահատություն, 60-70-ից ավելի աշխատակազմ, յուրաքանչյուր բաժանմունքում`  6-7 ծառայություն:
Շնորհակալ եմ իմ ճակատագրից, այն փաստից, որ այս պահին ես այստեղ եմ: Իսկ թե հետո ինչպես կընթանա կյանքը, ցույց կտան ժամանակը և ճակատագիրը:


-  Կազմակերպչական մեծ ծավալի աշխատանքը կարողանո՞ւմ եք համատեղել վիրաբույժի առօրյայի հետ:


Վստահաբար կասեմ, որ մեկը մյուսին չի խանգարում: Ընդհակառակը, դա ինձ հանգստացնում է, լրացուցիչ խթան է, երբ տնօրենի հետ լուրջ քննարկումներից հետո վազում ես փոքրիկ բալիկի մոտ, որ քո կարիքն ունի:

-  Վիրաբուժության մեջ շատ նորություններ կան, ո՞րն եք առավելապես կարևորում:


-  Կարևոր առաջընթաց է էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ վիրահատությունները: Գյումրիում առաջին լապարոսկոպիկ վիրահատությունն ինքս եմ կատարել` 2006 թվականին:


-  Լարված աշխատանքից դուրս Ձեր անձի համար ժամանակ և ուժ մնո՞ւմ են:


-  Չգիտեմ լավ է, թե` վատ, այսօրվա կյանքում, ոչ միայն ինձ մոտ, մեր գործն ու կյանքը նույնացել են: Մենք չենք կարողանում ապրել այնպես, որ աշխատանքից հետո պետք է կտրվել, մոռանալ, ապրել մի այլ կյանքով, հանգստանալ, որ հաջորդ օրը թարմ ուժերով շարունակես աշխատել: Դա մենք տեսնում ենք միայն արտերկրում, որ աշխատանքից դուրս անգամ հեռախոսին պատասխանելը հարիր չեն համարում: համարվում է լրացուցիչ գործ: Մեզ նման բան հնարավոր չէ: Այդ է պատճառը, որ մեր՝ բժիշկներիս կյանքը դարձել է հենց մեր աշխատանքը:


-  Ւ՞նչ երազանքներ ունեք:


-  Երազում եմ «Արմենիա» բժշկական կենտրոնի հնարավորությունները հասցնել նաև մարզեր: Ցանկանում եմ սկսել Շիրակի մարզից, ու ո՛չ միայն վիրաբուժության, այլ նաև այլ ծառայությունների ոլորտում:

16.08.2020