«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Մաղթենք երեխային վերադարձ կյանքին… Կլինիկական դեպքի մասին պատմում է ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը

Մաղթենք երեխային վերադարձ կյանքին… Կլինիկական դեպքի մասին պատմում է ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը

«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել դեռահաս աղջնակ, ով ինչ-ինչ պատճառով ցած էր նետվել «Կիևյան» կամրջից:


Ընդունվելու պահից անմիջապես սկսվեց սիրտ-թոքային վերակենդանացում, քանի որ արձանագրվել էր շնչառության, սրտի կանգ: Բարձրությունից անկումը փաստում է պոլիտրավմա` բազմաթիվ վնասվածքներ: Անհապաղ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)՝ գլխի, կրծքավանդակի, պարանոցի, որովայնի և վերջույթների: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առկա է գանգոսկրի ներհրված կոտրվածք, գլխուղեղում`արյունազեղում, կրծքավանդակում` օդի առկայություն, գլխուղեղի փափուկ հյուսվածքների ծանր սալջարդ: Վիրաբույժը երկու կողմից իրականացրեց դրենաժավորում: Աղջկա որովայնը հանգիստ էր, առկա էր կոնքոսկրի վնասվածք` երկու կողմից և մի կողմից` ազդրի վզիկի կոտրվածք:


Պացիենտի մոտ վերակենդանացման միջոցառումներն իրականացվեցին համակարգված.  ՀՏ, արհեստական շնչառության, դեղորայքային միջոցառումներ:


Երբ սիրտն սկսեց ինքնուրույն գործել, ՀՏ-ն կրկնելուց հետո իրականացվեց վիրահատություն` գանգոսկրի ներհրված բեկորը հեռացնելու նպատակով: Կատարվեց կրծքավանդակի երկկողմանի դրենավորում, կոնքոսկրի և ազդրեսկրի հետ կապված` կմախքային ձգում:


Մի քանի օրից աղջիկը կարողացավ շնչել, հեռացվեց ինտուբացիոն խողովակը: Նա անընդհատ գտնվում էր վիրաբույժների, տրավմատոլոգների, նյարդավիրաբույժների հսկողության տակ: Պարբերաբար կատարվել է արյան փոխներարկում: Կատարվեց նաև նոր վիրահատական միջամտություն՝ ազդրոսկրի վզիկի կոտրվածքի կապակցությամբ:


Ներկայում աղջիկը շարժում է միմիկայի մկանները, աչքերն ավելի իմաստավորված են աչքերով հետևում է, բայց դեռ հրահանգներ կատարել չի կարող, իսկ երբ փորձում ենք բերանով կերակրել, հակառակվում է:


Եզրակացություններ անել խոսքային կոնտակտի, գիտակցության մակարդակի մասին, չենք կարող: Ժամանակը ցույց կտա, թե որքանով կվերականգնվեն այդ ֆունկցիաները: 


Արդեն հրաշք է, որ նման բարձրությունից ընկած երեխան կենդանի է մնացել: Ուրեմն Աստված նրա համար ճանապարհ է հարթում, որ այսուհետև ավելի ճիշտ ապրի:


Նման դեպքերի ժամանակ շատ կարևոր է, թե ով է մոտենում տուժածին. որքան ճիշտ մոտեցում է ցուցաբերվում մինչև բժշկի մոտենալը, այնքան վերակենդանացման արդյունավետությունը խոստումնայից է: Բարեբախտաբար, այս դեպքում ցուցաբերվել էր ճիշտ մոտեցում:


Շնորհակալ ենք բոլորից: Ռեանիմատոլոգների թիմը համահունչ աշխատել է բոլորի հետ: Պարբերաբար խորհրդակցում ենք թիմով, քննարկում երեխայի հետ կապված հետագա քայլերը: Սա ընդհանուր աշխատանք է: Շնորհակալություն շտապօգնության աշխատակիցներին, որոնք կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում կարողացել են արագ և ճիշտ միջոցառումներ ձեռնարկել: Թիմն աշխատել է բարձր մակարդակով: 


Իմ խորհուրդն է ծնողներին` զգույշ վերաբերվել երեխաներին:


Մաղթենք երեխային վերադարձ կյանքին, հանուն որի ամեն ինչ կատարվում է և՛ ռեանիմատոլոգների, և՛ նյարդավիրաբույժների, և՛ վնասվածքաբանների կողմից:  Երբ արդեն կայուն վիճակ լինի, երեխայի և ծնողների հետ կաշխատեն նյարդաբաններ, հոգեբաններ:
Խնդրանքս առ Աստված թող լսելի լինի. որպես մայր, որպես բժիշկ, խնդրում եմ բարեհաջող վերականգնում՝ գիտակցության, ուղեղի վերադարձ, որ նա կարողանա կյանք վերադառնալ, ապրել, սիրել և ունենալ իր սեփական ընտանիքը:

01.09.2020