«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կյանքը ինքնին հրաշք է. հարցազրույց Ակսել Լեոնիդի Իսկանդարյանի հետ

Կյանքը ինքնին հրաշք է. հարցազրույց Ակսել Լեոնիդի Իսկանդարյանի հետ

«Կյանքի ամբողջ վայրիվերումներում՝ հաջողություններում, անհաջողություններում, միայն մի բան է իմ մեջ միշտ ներկա եղել. ցանկացած իրավիճակում պետք է մարդ մնալ»,- սա է Կրթության միջազգային ակադեմիայի ռազմադաշտային վիրաբուժության և արտակարգ  իրավիճակների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, վիրաբույժ Ակսել Իսկանդարյանի կարգախոսը:

Բժշկի ճանապարհը երկար է, այն չի սկսվում համալսարան ընդունվելու պահից և դիպլոմ ստանալը նույնպես կրթության, բժշկի ձևավորման ավարտը չէ, նախ երազանքն է, գուցե և՝ մանկության խորքերից, հետո…

- Ծնվել եմ բժշկի ընտանիքում և հենց առաջին գիտակից քայլերը կատարելիս որոշել եմ բժիշկ դառնալ: Հորս օրինակն էր աչքիս առաջ, ոգևորվում էի՝ տեսնելով, թե ինչպես է փրկում մարդկանց և սկսեցի երազել բժիշկ դառնալու մասին: Միայն նեղ մասնագիտությունն այլ ընտրեցի. հայրս ռենտգենաբան էր, իսկ ես ցանկացա վիրաբույժ դառնալ:

Շատ սիրով եմ ուսանել, ավարտել, աշխատել և մինչև այժմ էլ սիրում եմ, պաշտում եմ մասնագիտությունս: Իմ ընտանիքում եղել են բժիշկներ, իմ կյանքը փրկել են բժիշկներ, ես բազմաթիվ մարդկանց կյանքեր եմ փրկել: Մի խոսքով, երախտապարտ եմ իմ մասնագիտությանը և շնորհակալ եմ Աստծուն, որ ճիշտ ուղղորդեց ինձ:

Ակսել Լեոնիդի ԻսկանդարյանՍկզբում աշխատել եմ Առաջին հիվանդանոցում որպես օգնական՝ Կամիս Իվանի Մարտիրոսյանի ղեկավարությամբ. նա էր բաժանմունքի վարիչը: Ծագումով Արծվաշենցի էր, որտեղից նաև իմ հայրն էր: Տեսնելով իմ ձգտումները, հատկապես իմանալով, որ բուժդեսանտային  եմ ծառայել, ընդառաջեց ինձ, և ես աշխատանքի անցա.  քաղաքացիական բժշկության մեջ առաջին քայլերը կատարել եմ նրա հսկողությամբ:

Այնուհետև անցել եմ գիտագործնական աշխատանքի, դասավանդել եմ օպերատիվ վիրաբուժության ամբիոնում ՝ պետական և ոչ պետական բուհերում, հետագայում դոկտորական դիսերտացիա եմ պաշտպանել «Հրազենային վիրավորումներ» թեմայով` Ուկրանիայում: Սովորել եմ դոկտորանտուրայում, այնտեղ ավարտել եմ և պաշտպանել դոկտորական թեզ և ստացել դոկտորի կոչում:

1993-ին ընդունվել եմ աշխատանքի «Արմենիա» բժշկական կենտրոնում նախ` որպես ինտերն, ապա`կլինիկական  օրդինատոր, այժմ ավագ օրդինատոր եմ:

Ներկայումս  և՛ վիրահատում եմ, և՛ դասավանդում, և՛ փորձ փոխանցում երիտասարդ սերնդին:

Ավագ որդիս՝ Ալենը, նույնպես իմ ճանապարհն է ընտրել, նա ևս դարձել է ընդհանուր վիրաբույժ, աշխատում է դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ո՞րն է բժշկի համար լավագույն գնահատանքը:

Բժշկի գնահատանքը փրկված կյանքերի որակն ու քանակն են:

Աֆղանստանը կյանքի փորձության մեծ դպրոց էր, այո՞…

Երբ առաջին կուրսից զորակոչվեցի բանակ, ինձ բախտ վիճակվեց բուժդեսանտայինների ակադեմիային կից կուրսերում սովորել: Այդտեղ սովորում էին հիմնականում բժշկական կրթություն ունեցողներ և սպորտսմեն կուրսանտներ, որոնց հետո ուղարկում էին թեժ կետեր, որի մասին չէին տեղեկացնում նախապես: Այն ավարտելուց հետո ուղեգրվել եմ Աֆղանստան, որտեղ ծառայել եմ Հյուսիսային Կունդուզում՝  առանձին բժշկական բատալիոնում՝ 1984-86 թթ:

Սկզբնական շրջանում թվում էր, թե շատ կարևոր գործ ենք անում, բայց հետո պարզվեց, որ շատ կարևոր դպրոց ենք անցնում` ընդամենը ողջ մնալու, չկորցնելով մարդկային դեմքը,  չկորցնելով ընկերոջ թիկունքին կանգնելու մղումը, չկորցնելով հավատքը, նվիրվածությունը, և պետք էր նաև, առաջին հերթին, կենդանի մնալ: Մեծ կենսափորձ էր, հատկապես մասնագիտական, որը ցավոք անհրաժեշտ եղավ նաև հետագայում՝ նախ երկրաշարժի ժամանակ, ապա` արցախյան պատերազմում:

Սպիտակի երկրաշարժ, ապա արցախյան պատերազմ…

Որպես արտակարգ իրավիճակներում փորձ ունեցող , որոշեցի, որ կարող եմ պետք լինել Սպիտակում: Այդ նույն գիշերը փլատակներից հանեցի 16 երեխայի, մանկապարտեզի երեխաներ էին, սարսափելի տեսարան էր, ոչ մի կռվի, ոչ մի այլ բանի նման չէր: Սակայն այդ ժամանակ ինքս մնացի փլվածքի տակ և տեղափոխվեցի դաշտային հոսպիտալ: Վերջին փոքրիկի հետ էի մնացել ներսում, բայց  Աստված փրկեց մեզ՝ հանեցին և՛ ինձ, և՛ երեխային  Վրաստանից   ժամանած մեր կոլեգաները: Այնքան ոգևորված էի  երեխաներին փրկելու փաստով, որ իմ տուժած լինելու հանգամանքն ինձ համար աննկատ մնաց և շատ շուտ ոտքի կանգնեցի:

 

Ակսել Լեոնիդի Իսկանդարյան Ակսել Լեոնիդի Իսկանդարյան


Այդ վերջին երեխայի անուն ազգանունը տպավորվել է՝ Պլուզյան Ալինա, 4 տարեկան. Ինքն իր անունն ասում էր՝ Այնա. Ես պետք է նրան հանեի խաղասեղանի տակից, չէր գալիս, մի բան խանգարում էր, իսկ երբ սեղանի  ծռված ոտքից մի կերպ ազատեցի, արդեն ինքը չէր գալիս. ասում եմ. «Բալիկ ջան , ինչո՞ւ չես գալիս», պատասխանում է. «Տակս կեղտոտել եմ»…  Երբ արդեն մտածում էի բոլորին հանել եմ, մեկ էլ մի երեխա թևս բռնեց ու ասաց. «Դյադյա ջան, բոլորին հանել ես, ես եմ մնացել»…

Հետո սկսվեց արցախյան պատերազմը, նորից ինքնակամ գնացի և դարձա Արծվաշենի աշխարհազորայինի վիրաբույժը. և՛ պոստերն եմ պահել, և՛ հետախույզ եմ եղել, և՛ բժշկություն եմ արել:

Դուք նաև սպորտի մեջ հաջողություններ ունեք…

Դասական ըմբշամարտից սպորտի վարպետ եմ, Խորհրդային միության եռակի չեմպիոն:

Այս՝ դժվար կենսափորձով հարուստ կյանքի ամենամեծ դասը…

Ամբողջ  վայրիվերումներում՝ հաջողություններում, անհաջողություններում միայն մի բան է իմ մեջ միշտ ներկա եղել՝ ցանկացած իրավիճակում պետք է մարդ մնալ: Մի խելոք մարդ ասել է. «Ամենաբարձր մարդը ամենահասարակ մարդն է»:  Ես ժողովրդի ուսերին կայացած մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ ինձ ավելի բարձր գնահատել, քան որևէ այլ մեկի:

Ուրախ եմ, որ որդիս՝ Ալենը, կյանքում և մասնագիտական հարցերում նույնպես առաջնորդվում է ճիշտ արժեքներով:

Աստծո ներկայությունն զգացող մարդը չի կարող նաև չտեսնել այն հրաշքները, որոնք հաճախ են մեր կյանքում՝ նկատված, չնկատված…

Այո, այդ ընթացքում շատ հրաշքներ են եղել: Գեղարվեստական գիրք եմ գրել, որը կոչվում է «Ճակատագրի բերումով», այն անգամ մրցանակի է արժանացել: 1998-ին այդ վիպակում գրել եմ հիշողությունները: Այնտեղ նկարագրել եմ նաև այդ հրաշքները:

Ակսել Լեոնիդի ԻսկանդարյանՄիայն մեկը պատմեմ. Աֆղանստանում բարձրանում ենք դիրք բուժդեսանտայինների ջոկատով՝ վիրավորներին գտնելու, բուժօգնություն ցուցաբերելու: Լեռնային տեղանքում շարժվելիս պետք է 3 մետր տարածություն պահել միմյանց միջև, որպեսզի սայթաքելիս որևէ մեկի մատը ձգանին կպչելիս՝ դիմացինին հանկարծ չվնասի: Հասանք Սև սարին (թարգմանաբար այդպես է կոչվում): Վերևից սկսեցին կրակել: Հանկարծ հասկացա, որ բոլորովին մենակ եմ բաց տարածության մեջ, և ոչ մի թաքնվելու տեղ չկա: Պառկել և սպասում եմ, թե երբ պետք է իմ վրա հերթական կրակահերթն անցնի ու ամեն բան վերջանա: Փաստորեն, տղաները հասցրել էին թաքնվել և միայն ես էի մնացել, իսկ մինչև քարակույտերը մոտավորապես 9 մետր տարածություն կար: Հերթական կրակահերթից հետո  ավազը լցվեց աչքերիս, բայց հանկարծ տեսա, որ ինձնից 1,5 մ հեռավորության վրա մի վարձկան սևամորթ, մուլատի դի է ընկած, հագին կար իսրայելական զրահաբաճկոն: Մենք հետախուզելով էինք առաջ գնում, տարածքը շատ ուշադիր էինք զննում, որովհետև աֆղանները դիակները, հատկապես մեր զինվորների դիակներն ականապատում էին: Բնականաբար, դի տեսնելիս մեր առաջին ռեակցիան լինում էր մոտենալը, որ ստուգենք դեռ կենդանի է, թե ոչ, ու մոտեցողը պայթում էր դիակի հետ: Բայց այդ սևամորթի դին ոչ-ոք չէր տեսել, թե ինչ հրաշքով էր հայտնվել… Կարծես ինչ-որ մեկը հատուկ բերած-դրած լիներ:  Ես ինձ գցեցի նրա կողմը և շրջեցի վրաս, նա իմ երկու չափերին էր, երկուսիս հագին էլ զրահաբաճկոն կար, փամփուշտները նրան խոցում էին, բայց հասնում էին իմ կրծքավանդակին ու չէին թափանցում, ես ցավը զգում էի հարվածների, բայց բոլորովին չէի վնասվում:

Միթե՞ դա հրաշք չէ, էլ չասած իմ փրկած բազմաթիվ կյանքերը, որոնք ևս հրաշքներ են: Մարտի դաշտում ես ուղտի չորացած աթարով ազդրային զարկերակի արյունահոսություն եմ դադարեցրել: Մի խոսքով, հրաշքներ շատ են եղել…Եվ կյանքը ինքնին հրաշք է:


Այսօրվա առողջապահության խնդիրներից ի՞նչ կառանձնացնեք:

Մենք հիմա գտնվում ենք հիվանդաբուժական բիզնեսի պայմաններում, դա սխալ է, դա առողջապահություն չէ: Ինչպե՞ս կարող է բժշկի աշխատանքի վարձատրությունը պայմանավորված լինել հիվանդի վճարած գումարով. Դա սխալ ցուցանիշ է:

Հիվանդը խուսափում է բժշկից, հիվանդանոցից, և կա հակառակը, բժիշկն էլ` հիվանդից: Կապ պետք է չլինի, թե  ինչ մարդու հետ գործ ունես, նրան պետք է բուժել և վերջ:

Ներկայում բժշկության հանդեպ չկա ճիշտ վերաբերմունք: Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր բժիշկները կատարյալ են, ազնիվ: Դրա համար պետք է օրենք գործի, որ բժիշկները չմտնեն նման հարաբերությունների մեջ, իսկ օրենքը համարժեք  վարձատրությունն է, որի հիմքն էլ ապահովագրությունն է և աշխատատեղերը:

Ի՞նչ կմաղթեք պացիենտներին, մարդկանց:

Իմ ազգին մաղթում եմ հոգևոր և մարմնական առողջություն` սկսած բարձր դիրք ունեցողներից մինչև շինարարության վրա աշխատող, արևի տակ այրվող բանվորը, բժիշկներին, մանկավարժներին և ոստիկաններին՝ համարժեք վերաբերմունք, ամուր կամք, որ կարողանան դիմակայել այսօրվա արհավիրքներին: Եթե նրանք համարժեք գնահատված չեն, այդ պետությունը չի կայանա:

Մաղթում եմ, որ մեր բժշկությունը հիվանդաբուժական բիզնեսից վերածվի իսկական առողջապահության, իսկ դրա համար պետք են աշխատատեղեր և ապահովագրության մասսայական ապահովում:

22.09.2020