«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆ ԱՅՍՕՐ «ՈՍԿՈՒ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ»

 

«…պետք է ամեն գործ անել հավատքով և սիրով»

 

Երևանի պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ բաժինն ավարտած և 2007 թվականիցից «Արմենիա» ՀԲԿ-ում համաճարակաբանության ծառայության ղեկավար աշխատող բժշկուհի Նունե Քրիսչյանն առաջնորդվում է «Բժշկի համար կարևորը մարդ լինելն է» սկզբունքով: Նա մասնագիտական երկար ճանապարհ է անցել` աշխատելով որպես բժիշկ- համաճարակաբան Համաճարակաբանության, ֆիզիոթերապիայի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում: Արդեն երկար ժամանակ է նաև Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի վարակի հսկողության ազգային թիմի անդամ է: «Կորոնավիրուսային համավարակի պատճառով բոլոր հոսպիտալային համաճարակաբանները ունեցան  բազում  ծանր օրեր: Դժվարին օրեր եղել էին, բայց ներկայիս վիճակն անհնար էր անգամ պատկերացնել». նշում է վաստակաշատ համաճարակաբանը: Այդպիսի ծանրաբեռնված, նվիրումով աշխատանքը չէր կարող աննկատ մնալ, և այս տարվա սեպտեմբերին՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար, բժշկուհին շնորհակալագիր ստացավ վարչապետի կողմից:

 

Ի՞նչ է Ձեր մասնագիտությունը  Ձեզ համար:
Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Տատիկս եղել է կենսաբան, հայրս՝ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանում բժշկական կիբերնետիկայի հիմնադիրը, աշխատել է բժշկական ոլորտում՝ Սրտաբանության ինստիտուտում` լաբորատորիայի վարիչ: Ես ծնողներիս միակ երեխան էի և, փաստորեն, մանկությունից մեծացել եմ բժշկական միջավայրում: Չնայած այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է կիբերնետիկան, բայց  միշտ ասում էի, որ պետք է դառնամ հորս օգնականը: Երբ ավելի լայն պատկերացում ունեցա բժշկության մասին, որոշեցի դառնալ մանկաբույժ:

 

Իսկ ինչո՞ւ ընտրեցիք համաճարակաբանությունը:
Դպրոցում շատ լավ էի սովորում, և հենց առաջին տարին էլ ընդունվեցի, բայց՝ սանիտարա-հիգիենիկ բաժին: Այդ ժամանակ դեռ այնքան էլ զարգացած չէր հոսպիտալային համաճարակաբանությունը, բայց երբ  սկսեցի աստիճանաբար այն ուսումնասիրել, հասկացա, որ դրա դերը բավականին մեծ է:

 

Այս մասնագիտության կարևորումը, գնահատումը մեծապես պայմանավորված է տվյալ բժշկական հաստատության  ղեկավարության  մոտեցմամբ, ինչի համար հարկ եմ համարում խորին շնորհակալությունս հայտնել մեր տնօրինությանը: Համաճարակաբանի ամենօրյա քրտնաջան աշխատանքով է պայմանավորված բուժհաստատություններում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելումը:

 

Շատ սիրելով և գնահատելով  բուժական գործը,  այնուամենայնիվ, վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել` ընտրելով համաճարակաբանությունը:

 

Ներկայում համաճարակաբանության հանդեպ մոտեցումը փոխվել է, այն ավելի է արժևորվել, միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ նկատվում է  համաճարակաբանների զգալի պակաս:

 

 

Դուք զբաղվում եք կազմակերպչական աշխատանքներով, որոնք պահանջում են լրացուցիչ  ջանքեր, ունակություններ և գիտելիքներ...

Այո, աշխատանքս բավականին ծավալուն է և բազմաբովանդակ: Բազմիցս մասնակցել եմ ԱՀԿ-ի կողմից ներկայացված տարբեր ծրագրերի` որպես վարակի հսկողության թիմի անդամ, եղել եմ մի շարք եվրոպական  երկրներում: Վերջին այցը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին էր, վարակի հսկողության թիմի անդամներով եղել ենք   Սանկտ Պետերբուրգի համալսարանական կլինիկաներում, որտեղ զուգահեռ վերապատրաստում ենք անցել: Սերտ համագործակցում եմ նաև Առողջապահության ազգային ինստիտուտի հետ:

 

2020 թվական՝ կորոնավիրուս, պատերազմ... Ինչպե՞ս  հաղթահարեցիք և շարունակում եք հաղթահարել այս դժվարին իրավիճակները:

 

 

Գրեթե ամբողջ տարի ամեն օր և  մինչև այժմ էլ շատ ծանրաբեռնված ենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Բոլորս գերհոգնած ենք: Ուզում եմ խոնարհվել բոլոր հոսպիտալային համաճարակաբանների առջև` նրանց անշահախնդիր, նվիրյալ աշխատանքի համար:

 

Բժշկությունից բացի ունե՞ք այլ հետաքրքրություններ, զբաղմունքներ:
Իմ հետաքրքրությունն` իմ ընտանիքն է: Ունեմ ծնողներ, երկու տղա, թոռնիկ, ով իմ կյանքին նոր իմաստ և գույներ է հաղորդել:
Կյանքիս ընթացքում արժեքներ են փոխվել և հիմա կարևորում եմ իմ ընտանիքը, խաղաղությունը, ցանկանում եմ ապրել խաղաղ երկրում, օգտակար լինել իմ հարազատներին, ընկերներին, որոնց շատ սիրում եմ:
 

Ես ուզում եմ ինձնից կախված ամեն բան անել, որ իմ ընտանիքը, իմ ազգը, որը ևս իմ ընտանիքն է, ապրեն խաղաղ, ապահով երկրում, արցունք չտեսնեն, ու եթե արցունք, ապա միայն ուրախության արցունքներ թող լինեն:

 

Մարդկային հարաբերությունների փորձության տարի է, ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
Մարդկային ճիշտ հարաբերությունները ինձ համար միշտ եղել են վեր ամեն բանից և կցանկանայի, որ բոլորը լինեն սիրված ու գնահատված:
Եթե յուրաքանչյուրս մեր հերթին մտածենք այս աշխարհում ավելացնել բարին և լավը, կորուստների պատճառով չկոտրվենք ու լինենք համախմբված, կարծում եմ, կկարողանանք հաղթահարել այս ծանր իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք:

 

Այս տարին ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր մեջ՝ մոտեցումների, զգացողությունների առումով:

 

Կարծում եմ, որ այս տարին հետք է թողնելու յուրաքանչյուրիս կյանքում:

 

Ի՞նչն է կարևոր բժշկի մասնագիտության մեջ:
Ինձ համար ցանկացած մասնագիտության մեջ և հատկապես՝ բժշկության, ամենակարևորը մարդ լինելն է:
Բժիշկ-հիվանդ փոխհարաբերության մեջ կարևոր եմ համարում հոգեբանական կապը, որը դեղորայքային բուժումից անգամ հզոր է, և … Աստծո ուժը.  պետք է ամեն գործ անել հավատքով և սիրով:

 

Ձեր մաղթանքն` ընթերցողին:

Եղեք առողջ և թող երկինքը բոլորի գլխավերևում լինի խաղաղ: Վերջում կցանկանայի ավելացնել իմ սիրած խոսքը. ավելանանք, չպակասենք:

 

 

11.12.2020