«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Անեսթեզիոլոգների գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է. Արիստ Ղազարյան

Անեսթեզիոլոգների գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է. Արիստ Ղազարյան

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավար Արիստ Ղազարյանը:


–   Ե՞րբ է հիմնադրվել անզգայացման բաժանմունքը:


–   «Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքը հիմնադրվել է 1972 թվականին: Այն հանրապետությունում առաջիններից է, ղեկավարել է Յակով Սողոմոնի Զալցմանը, ում հետագայում փոխարինել է Գեորգի Հովհաննեսի Անժելովը:


Անզգայացման բաժանմունքը համագործակցում է վիրաբուժական բաժանմունքների հետ՝ ընդհանուր և անոթային, ուրոլոգիայի, վնասվածքաբանության, նյարդավիրաբուժական, դիմածնոտային և ՔԿԱ հիվանդությունների, ընդ որում, յուրաքանչյուր բաժանմունքին կցված է մեկ կամ երկու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:


–   Նոր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց` ի՞նչ զարգացումներ եք նկատում վիրաբուժության ոլորտում:


–   Վիրաբուժության մեջ առաջադիմել է լապարոսկոպիան, որն այսօր չափազանց պահանջված է և հրատապ է ազգաբնակչության համար: Սակայն այս ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան մոնիթորներ և բարձրակարգ տեխնիկայով հագեցվածություն:


–   Որո՞նք են անեսթեզիոլոգի հիմնական գործառույթները:


–   Անեսթեզիոլոգի խնդիրն է ապահովել և՛ վիրաբույժի, և՛ պացիենտի հարմարավետությունը: Մենք պետք է ամբողջ վիրահատական միջամտության ընթացքում պահպանենք պացիենտի անվտանգությունը: Ստացիոնար ընդունվելիս պացիենտը հետազոտվում է և, հարակից ախտաբանություն հայտնաբերելիս, նախքան վիրահատական միջամտությունը հնարավորինս վերացվում: Համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում պացիենտի և նրա հարազատների հետ, ստորագրվում է  համաձայնագիր` հնարավոր բարդություններին տեղյակ լինելու մասին, ինչը նաև իրավաբանական փաստաթուղթ է: Հրատապ վիրահատությունների դեպքում հավաքվում է կարճ անամնեզ:


Ընդհանուր առմամբ, անեսթեզիոլոգի գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է, և առաջացած խնդիրները հարազատների հետ վիրաբույժների կողմից են պարզաբանվում:


–   Ո՞ր տեսակի անզգայացման տեսակն է այսօր առավել ընդունելի:


–   Տարիներ առաջ վիրահատական գործընթացներն առավել հաճախ կատարվում էին տեղային անզգայացմամբ, որի պարագայում հետվիրահատական բարդություններն արդյունքում բավականին շատ էին:


–   Կար վարկած, որ ընդհանուր անզգայացումը կրճատում է կյանքը:


–   Այս հարցը բժիշկ-անեսթեզիոլոգների ուշադրության կենտրոնում է, ինչի վկայությունն է գիտական հոդվածների քանակը: Նմանատիպ թեմայով գիտական աշխատանք կատարել են նաև մեր բաժանմունքի բժիշկները: Այն վերաբերում է անզգայացման ժամանակ տրվող նյութերի խորությանը և այդ նյութերի ադեքվատ տանելիության մասին: Պարզվում է,  գրեթե միաժամանակ, նույն հետազոտությունն իրականացրել են նաև ԱՄՆ-ում: Նրանց կողմից առաջարկվել են հատուկ մոնիթորներ, որոնք որոշում են տրվող դեղանյութի խորությունն ու ադեքվատ ընկալումը: Մինչև այդ, սխալ հաշվարկների արդյունքում, որոշ պացիենտների գիտակցությունը վիրահատության ժամանակ պահպանվում էր, պացիենտը անզգայացումից հետո պատմում էր վիրահատական գործընթացի մասին:  Անշուշտ, կան նաև անբացատրելի երևույթներ, խոսքը հիմա դրանց մասին չէ…


–   Ի՞նչ խնդիրների հետ եք բախվել անձամբ: 

   
–   Պացիենտները երբեմն գանգատվում են մազաթափությունից, աշխատունակության անկումից: Այս հարցը ևս ներառվեց մեր ուշադրության դիտակետում: Նյարդաֆիզիոլոգ Էդուարդ Գևորգյանի կենդանության օրոք ստեղծվեց համակարգչային ծրագիր, որն օգնեց մեզ այդ հարցում: Գաղափարը նրանում էր, թե ինչպես են խախտվում մարդու ուղեղի կոգնետիվ ֆունկցիաները վիրահատությունից հետո: Որոշակի նյութեր հավաքվեցին, սակայն նրա մահվանից հետո գործն անավարտ մնաց:


–   Խոսենք ժամանակակից անզգայացման միջոցների մասին:


–   Աշխարհում երկու ուղղություն է կիրառվում: Տոտալ միջերակային անզգայացման դեպքում դեղանյութերը ներարկվում են երակային` ինֆուզամատի օգնությամբ: 


Ինհալացիոն մեթոդի դեպքում հիվանդին սարքի միջոցով տրվում է գազային անզգայացնող նյութ, ինչի արդյունքում պացիենտը քնում է: Այս դեպքում կիրառվող դեղանյութերը, ի տարբերություն ներարկվողների, որոշ չափով տոքսիկ են (ունեն նաև բացասական ազդեցություն էկոլոգիայի վրա, գոլորշիացման հետևանքով տարածվում են վիրահատական սենյակում և ազդում բուժանձնակազմի վրա), սակայն հարմարավետ են անզգայացման գործընթացը կատարելու համար:


Մեր կլինիկայում օգտագործվում են Հայաստանում առկա բոլոր տեսակի դեղանյութերը: Այսօր բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, որն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ (առկա են 15 անզգայացման համակարգ և բազմաֆունկցիոնալ մոնիտորներ): Բաժանմունքում տարեկան կատարում է մոտավորապես 3.000 անզգայացում:


–   Հետվիրահատական հնարավոր բարդությունների դեմ ի՞նչ ելքեր է այսօր առաջարկվում:


–   Առայսօր կատարվում են հետազոտություններ` պարզելու, արդյո՞ք փոքրերի և մեծահասակների մոտ անզգայացման հետևանքով տուժում են գլխուղեղի ճանաչողական ֆունկցիաները, ինչը չի բացառվում, սակայն հստակ ապացույցներ չկան:

 

05.02.2017