«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Քրոնիկ տոնզիլիտ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի վարիչ Հայկ Ղուլինյանի հետ

Քրոնիկ տոնզիլիտ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի վարիչ Հայկ Ղուլինյանի հետ

Քրոնիկական տոնզիլիտի տարածվածությունը և տոնզիլոգեն բարդությունների զարգացման հավանականությունն այդ ախտաբանությունը դարձնում է շատ ակտուալ պրակտիկ օտոլարինգոլոգիայում: Այն ախտորոշվում է մեծահասակների` 4-10%-ի և երեխաների 12-15%-ի մոտ:  Քմային նշիկների տվյալ ախտաբանությունը պրոֆեսիոնալ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն օտոլարինգոլոգների, այլ նաև մանկաբարձների, սրտաբանների, ռևմատոլոգների, ալերգոլոգների և այլ մասնագետների մոտ, քանի որ քրոնիկ տոնզիլիտը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացնմանը կամ ուղեկցում է դրանց:

 

Քրոնիկ տոնզիլիտը սրացումներով ընթացող քմային նշիկների քրոնիկ բորբոքումն է՝ հաճախակի անգինաների հետևանքով:  Առանձին դեպքերում մոտավորապես 3% քրոնիկ տոնզիլիտը հանդիսանում է առաջնային քրոնիկ հիվանդություն, այսինքն՝ առաջանում է առանց նախորդող անգինաների:

 

Քմային նշիկների դերն օրգանիզմում և նրանց ախտաբանական փոփոխությունները

 

Քմային նշիկները՝ ըմպանային օղակի մյուս լիմֆոիդ գոյացումների հետ միասին, պաշտպանում են օրգանիզմը սննդի, ջրի և օդի հետ թափանցող ախտածին միկրոբներից:

 

Հիվանդության ժամանակ նշիկները վարակի տարածման պատնեշ լինելուց վերածվում են մեծաքանակ ախտածին միկրոբներ և նրանց կենսագործունեության արգասիքներ պարունակող պահեստարանի:

 

Քրոնիկ տոնզիլիտով հիվանդի նշիկների լակունաներում հիմնականում հայտնաբերվում են ստաֆիլոկոկեր կամ ստրեպտոկոկեր:
Զարգացման պատճառաբանության մեջ մեծ դեր է  խաղում A խմբի B-հեմոլիտիկ ստրեպտոկոկը, որի սպիտակուցը շատ նման է սրտի շարակցական հյուսվածքի սպիտակուցին, այդ պատճառով իմունային համակարգը կարող է ագրեսիա ցուցաբերել ո՛չ միայն ստրեպտոկոկի, այլ նաև սեփական օրգանների նկատմամբ՝ առաջացնելով միոկարդիտ: Նույն մեխանիզմն է գործում նաև հոդերի աճառների և երիկամների ախտահարման ժամանակ:

 

Քրոնիկ տոնզիլիտի առաջացմանը նպաստող գործոնները և ախտորոշումը

 

Քրոնիկ տոնզիլիտի առաջացմանը նպաստում է քթային շնչառության դժվարացումը (քթի միջնապատի թեքում, քրոնիկ ռինիտ, ադենոիդներ): Տեղային ռիսկային գործոններից են ադենոիդիտը, հայմորիտը, ատամների կարիեսը:

 

Հիվանդության ախտորոշումը դրվում է անամնեզի (հաճախակի անգինաներ), օբյեկտիվ զննման և լրացուցիչ հետազոտությունների հիման վրա:  

 

Քրոնիկ տոնզիլիտի տեսակները և ախտանշանները

 

Քրոնիկ տոնզիլիտը դասակարգվում է հասարակ (կոմպենսացված) և տոքսիկո-ալերգիկ (դեկոմպենսացված) ձևերի: Վերջինս իր հերթին բաժանվում է երկու տեսակի: Կոմպենսացված ձևի ժամանակ գերակշռում են բորբոքման տեղային ախտանշանները (այտուցվածություն, հիպերեմիա, թարախային խցաններ` լակունաներում): Դեկոմպենսացված ձևի առաջին տեսակի ժամանակ տեղային բորբոքման ախտանիշներին միանում են ընդհանուր տոքսիկո-ալերգիկ դրսևորումներ՝ հոգնածություն, ջերմության բարձրացում, հոդացավեր, ցավեր սրտի շրջանում` առանց ԷԿԳ-ում փոփոխությունների: Երկրորդ տեսակի ժամանակ թվարկված ախտանշաններին միանում են սրտի գործունեության ֆունկցիոնալ խանգարումներ, ռիթմի խանգարումներ՝ ԷՍԳ պատկերի փոփոխությամբ, միանում են ինֆեկցիոն արթրիտ, ռևմատիզմ և այլն:

 

Հիվանդության հնարավոր բարդությունները

 

Քրոնիկական տոնզիլիտի տեղային բարդություններից է պարատոնզիլյար աբսցեսը, իսկ ընդհանուր բարդություններից են միոկարդիտը, ռևմատիզմը, գլոմերուլոնեֆրիտը և այն:

 

Հիվանդությունն ազդում է նաև իմունային համակարգի վրա և նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը՝ դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, սիստեմային կարմիր գայլախտ, էկզեմա, փսորիազ, պերիֆերիկ նյարդերի ախտահարում (ռադիկուլիտ, պլեքսիտ):

 

Բուժական մոտեցումները

 

Քրոնիկ տոնզիլիտի բուժումն իրականացվում է կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներով: Կոնսերվատիվ բուժումը ներառում է դեղորայքային բուժում (հակաբիոտիկներ, հակահիստամինային դեղեր), ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ  (ֆոնոֆորեզ, ՈՒՖՃ, լազեր, լակունաների լվացում և նշիկների մշակում` հակաբակտերիալ պատրաստուկներով ու հեղուկներով):

 

Վիրաբուժական մեթոդներից կիրառվում է տոնզիլէկտոմիան (նշիկների հեռացումը` թաղանթ-պատյաններով հանդերձ):

 

Կոնսերվատիվ բուժումը կիրառվում է քրոնիկ տոնզիլիտի կոմպենսացված ձևի և դեկոմպենսացված ձևի առաջին տեսակի բուժման համար: Դեկոմպենսացված ձևի երկրորդ տեսակի և բարդությունների առկայության  դեպքում կիրառվում է վիրահատական բուժում:
Կոնսերվատիվ բուժումը հիմնականում ժամանակավոր է, և լավացումը վերջնական չէ. գանգատները և ախտանշանները շարունակվելու դեպքում առաջանում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն:


21.05.2021