«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ

Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը:

 

Քթի ինչպիսի՞ դեֆորմացիաներ են հանդիպում:

 

Արտաքին քթի հանդիպող դեֆորմացիաներն են՝   սապատավոր քիթը  (նուրբ մաշկով նեղ քիթ),  լայն քիթը (լայն հիմքով, հաստ մաշկով քիթ) և  թամբաձև  քիթը:  Հանդիպում են նաև  վնասվածքի հետևանքով առաջացած տարբեր դեֆորմացիաներ:  Հայերի մոտ առավել հաճախ հանդիպում է կովկասյան տիպի սապատավոր, նուրբ մաշկով նեղ քիթը    :

 

Ինչպիսի՞ խնդիրներ են առաջացնում այդ դեֆորմացիաները:

 

Գանգատները  կապված են արտաքին քթի էսթետիկ տեսքի հետ, որը կարող է զուգակցված լինել շնչառական ֆունկցիայի խանգարումով:   

 

Ինչպե՞ս նախապատրաստվել ռինոպլաստիկային:

 

Առաջին հերթին, շատ կարևոր է հիվանդից մանրամասն հարցերի արդյունքում  հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունի, ի՞նչն է նրան անհանգստացնում, զննել քթի խոռոչը՝ պարզելու, թե էսթետիկ տեսքից զատ կա՞ն, արդյոք, ֆունկցիոնալ խնդիրներ, որոնք ևս պետք է վերականգնել: Եթե շնչառական ֆունկցիայի խնդիրը չի կարգավորվում, էսթետիկ վիրահատությունից հետո կրկին դիմում են վիրահատության՝ շնչառական ֆունկցիան կարգավորելու համար:

 

Հետազոտություններից կատարվում են ռինոսկոպիա,  քթի հարակից ծոցերի ռենտգենոգրաֆիա /ՔՀԾ/, համակարգչային տոմոգրաֆիա /ՀՏ/, քթի համակարգչային մոդելավորում և բուժառուի ցանկության հետ համադրում: Իրականացվում են նաև լաբորատոր, գործիքային այլ հետազոտություններ՝ արյան քննություն, կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրություն:

 

Ի՞նչ հակացուցումներ կան:

Հակացուցված է մինչև 18 տարեկանը, երբ դեռ ոսկրի աճի շրջանն ավարտված չէ: Տարիքի վերին սահմանը 45-ն է, դրանից հետո, մաշկի ծերացման գործընթացների հետ կապված, արդյունքն այլևս բավարար չէ: Բացառություններ կան` միայն խիստ կարիքի դեպքում:

 

Ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը:              

 

Մեր կլինիկայում վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ՝ բաց եղանակով, որն ունի մի շարք առավելություններ` փակ եղանակի նկատմամբ: Դրանք են՝  ներվիրահատական առկա դեֆեկտի լավ տեսանելիությունը,  հեմոստազի բավարար ապահովումը, անհրաժեշտության դեպքում` աճառային գրաֆտների տեղադրման հնարավորությունը,  առկա դեֆեկտների ամբողջությամբ վերացնելու հնարավորությունը,  ուսուցման անցկացման հնարավորությունը, այտուցի զարգացման աստիճանի նվազեցումը, վերքի արագ վերականգնումը:    

 

Վիրահատական վերքը ֆիքսվում է թերմոպլաստով, քթի խոռոչում, ըստ կարիքի, տեղադրվում են սպունգային տամպոններ կամ դոիլեր:

 

Կլինիկայում կիրառվում են վիրահատության իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից գործիքներ:

 

Ի՞նչ բարդություններ կարող են լինել:

 

Ռինոպլաստիկայի բարդություններից են` քթային արյունահոսությունը, սպիները:  Երբեմն քթի խիստ արտահայտված թեքությունը չի հաջողվում լիովին ուղղել: Կարող է լինել նաև միջնապատի պերֆորացիա: Իսկ ոսկրաաճառային հենքը շատ հանելու արդյունքում կարող է դեֆեկտ առաջանալ, կամ աճառից մնացած ինչ-որ հատվածներ արտահայտվեն մաշկի տակից: Երբեմն ոչ բավարար արդյունքը նկատելի է վիրահատությունից հետո առաջացած այտուցն անցնելուց հետո:

 

Եթե ամեն ինչ ճիշտ է պլանավորված և կատարված, արդյունքը միշտ բարեհաջող է:

 

Ինչպե՞ս է անցնում ետվիրահատական շրջանը:

 

Հետվիրահատական շրջանում 2 -3 օր տամպոնները դեռևս պահպանվում են, դրանք հեռացնելուց հետո նշանակվում են քթի կաթիլներ, 7-րդ օրը հեռացվում են կարերը, թերմո կամ ակվապլաստը, քիթը ֆիքսվում է գիպսով, ժամանակակից ստրիպներով կամ թղթյա լեյկոպլաստներով:

 

Հիվանդին խորհուրդ է տրվում այդ ընթացքում փափուկ, ոչ տաք  սնունդ օգտագործել,  3-6 ամիս հակացուցված է ակնոց կրելը կամ քթին հարված  ստանալը:

 

Հիվանդը հետվիրատական շրջանում հսկվում է վիրաբույժի կողմից:

 

Ռինոպլաստիկան մի՞շտ է արդարացված, թե՞ երբեմն դիմում են առանց լուրջ պատճառ ունենալու:

 

Լինում են դեպքեր, երբ դիմում են առանց լուրջ պատճառի: Իհարկե, փորձում ենք բացատրել, որ վիրահատություն կատարելու կարիք բոլորովին չկա:

 

Կան պացիենտներ, որոնք կարծում են, որ քթի տեսքը փոխելով՝ ամբողջ դեմքն էլ է փոխվելու: Բայց  հետո երբեմն ծնոտի անհամաչափությունները գեղեցիկ քթի հետ անհամապատասխան են լինում, և հիվանդը կարող է դժգոհ մնալ:

27.05.2021