«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վասակ Մելիքսեթյան. մասնագիտությունն ինձ համար իմ կյանքն է, իմ ապրելակերպը…

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վասակ Մելիքսեթյան. մասնագիտությունն ինձ համար իմ կյանքն է, իմ ապրելակերպը…

«Մասնագիտությունը` բժիշկ» խորագրի շրջանակում զրուցել ենք «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ և դիմածնոտային  վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վասակ Մելիքսեթյանի հետ:

 

«Մարդկանց օգնելու համար նրանց հետ պետք է աշխատել, երիտասարդների դեպքում՝ դառնալ 18 տարեկան, նրանց հետ խոսել իրենց լեզվով…»

 

Անգամ առաջին հայացքից «Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության կլինիկան ընտանիքի տպավորություն է թողնում, իսկ գաղտնիքը շատ պարզ է.  «Այս կլինիկայի բոլոր երիտասարդ մասնագետներն իմ սաներն են, անգամ առաջին լանցետ բռնելը ես եմ սովորեցրել և նրանք մնացել են իմ կողքին, որովհետև նրանց, ինչպես և ինձ համար հավատարմությունը սկզբունք է». պատմում է կլինիկայի ղեկավար Վասակ Մելիքսեթյանը, բժիշկ, ում համար մասնագիտական գիտելիքներից առավել կարևորը մարդ լինելն է, մարդկային արժեքները, հավատարմությունը. «…Պետք է հավատարիմ լինել ո՛չ միայն մասնագիտությանը, այլ նաև ընկերոջը, երկրին»:

 

Բժիշկ Վասակ Մելիքսեթյանի հայացքից սեր է ճառագայթում՝ սեր հիվանդի, հասարակ մարդու, բնության, Բարձյալի և, ինչպես ինքն է արտահայտվում` «իր օջախի», իր կլինիկայի նկատմամբ: Կլինիկա, որտեղ հայտնվել է ուսանողական տարիներից, աշխատել նախ` որպես բուժակ, և տարիների ընթացքում հասել կլինիկայի ղեկավարի կարգավիճակի:  Դա ինքնանվիրումի, մեծ ջանքի, պատասխանատվության ճանապարհ է եղել…

 

Ի՞նչ է բժշկի մասնագիտությունը Ձեզ համար:

 

Մասնագիտությունն ինձ համար իմ կյանքն է, իմ ապրելակերպը: Ընտրությունն իմն է եղել, սիրել եմ, երազել իմ աշխատանքը:

 

Կարծում եմ, որ ամեն մարդ իր աշխատանքը սիրով և հավատով պետք է կատարի, այս հավատամքը որպես կարգախոս է եղել ինձ համար:

 

Ոչ-ոք ինձ չի ուղղորդել բժիշկ դառնալու գործում, ընտանիքում բժիշկներ չեն եղել: Մեծացել եմ ծառայողի ընտանիքում:

 

Մեծահասակ տատիկ ու պապիկ եմ ունեցել, և հայրս նրանց առողջական վիճակի համար շատ է հոգ տարել: Երբ փոքր էի, տեսնում էի, թե ամեն անգամ նա ինչ հույզերով էր լցվում, ինչ բավականություն էր ստանում, երբ բժիշկներ էին գալիս: Եվ երևի այդ ժամանակ իմ մեջ արթնացավ մարդուն օգնելու, մարդու ցավը տանելու ցանկությունը: Արդեն 7-8-րդ դասարանում, երբ հարցնում էին, թե ինչ եմ դառնալու, վստահ պատասխանում էի՝ բժի՛շկ:

 

Ընդունվեցի բժշկական ինստիտուտ, անցան տարիներ…

 

Ինչո՞ւ հատկապես քիթ-կոկորդ-ականջաբան:

 

Դեռ ուսանող՝ հերթով տարբեր բաժանմունքներում էի լինում. վիրաբուժական, վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և այլն: ցանկանում էի հասկանալ իմ տեղը, պարզել, թե որ մասնագիտությունն է ինձ ավելի հոգեհարազատ:

 

Քիթկոկորդականջաբանությունն ինձ գրավեց, գայթակղեց, որովհետև այդտեղ աշխատանքի արդյունքը շուտ է երևում: Սկզբում զբաղվեցի քթի էսթետիկ, ֆունկցիոնալ վիրահատություններով, որոնք դեռ այստեղ ներդրված չէին: Մեր գործընկերներից մեկն առաջարկեց, որ սկսենք աշխատել այդ ուղղությամբ:

 

Շատ հաճելի է, երբ աշխատանքիդ արդյունքը 2 օրից տեսնում ես. շնչառության խնդիր ունեցող հիվանդն սկսում է նորմալ շնչել, քթի տեսքի պատճառով թերարժեքությամբ մարդը, ասես, ուրիշ մարդ է դառնում, ամբողջ աշխարհն է փոխվում նրա, ով ուներ լոշտակություն, ով 20-25 տարի մազերով ծածկել է ականջները, ու միանգամից ազատվում է այդ թերությունից:

 

Իմ այդպիսի առաջին վիրահատության ժամանակ, 31-ամյա բարետես, սիրունատես աղջիկը՝ հայելու մեջ տեսնելով արդեն իր նորմալ ականջները, հուզմունքից ուշաթափվեց: Ես ևս շատ ապրումներ եմ ունեցել` մինչև վիրակապը բացելը։ Արդյունքը տեսնելուց հետո միայն հանգստացա:


Ձեր ուսուցիչները…

 

Ինձ բախտ է վիճակվել աշխատել շատ խելացի մարդկանց հետ, որոնց շատ եմ գնահատում, արժևորում: Այս կլինիկայում աշխատում և ղեկավարում էր պրոֆեսոր Կ. Հ. Շուքուրյանը, որի սանն եմ ինձ համարում: Հետո կլինիկան ղեկավարել է պրոֆեսոր Ռ.Մ. Խանամիրյանը: Երկուսն էլ ինձ համար ասես ծնող են եղել։ Հպարտ եմ, որ այդպիսի մեծություններից հետո կլինիկայի երրորդ ղեկավարը դարձա՝ այն երիտասարդ տղան, որն աշխատեց նրանց հովանու ներքո, նրանց աջակցությամբ:
Նման արժանավոր մարդկանց մոտ աշխատելու բախտն առիթ դարձավ, որ իմ առջև երիտասարդ կադրեր հավաքելու խնդիր դնեմ: Իհարկե, շատերն են եկել, բայց ինձ համար կարևոր են եղել նախ` մարդկային հատկությունները, արժեքները, խիղճը, հավատարմությունը: Այսօր հիանալի աշխատանքային թիմ է ձևավորվել, որտեղ աշխատակիցներն ունեն դրսևորվելու բոլոր հնարավորությունները։

 

Բժշկի կոչման մեջ ո՞րն է առավել կարևոր՝ բժի՞շկը, թե` մարդը:

 

Կարծում եմ, բժշկի համար կարևորն իր աշխատանքը սիրելն է: Շատ եմ կարևորում նաև այն, որ բժշկի համար էականը միայն մասնագիտական որակը չլինի, նա նաև իր մարդկային բնութագիրը պետք է ունենա, մա՛րդ լինի` առաջին հերթին: Հիվանդը բժշկի մեջ պետք է տեսնի ո՛չ միայն լավ մասնագետի, այլ նաև մարդու, որն ունակ է իրեն լսել, հասկանալ, իր ժամանակը սիրով տրամադրել:

 

Շատ եմ գնահատում մարդկային բնութագրի մեջ հավատը և հավատարմությունը: Բժիշկը պետք է հավատարիմ լինի իր կոչմանը, իր երդմանը, և ո՛չ միայն իր մասնագիտությանը,  այլ նաև` ընկերոջը, երկրին…  

 

Կարծում եմ նաև, որ բժիշկը պետք է ապահովված լինի, որպեսզի այս աշխարհին, հիվանդին չնայի որպես նյութական աղբյուրի:

 

Նա իր գիտելիքը, միտքը, հարցուպատասխանը պետք է կենտրոնացնի հիվանդության ուղղությամբ: Այսօր արդեն որոշ չափով գնահատում են բժշկին, իհարկե, համեմատած ոչ թե եվրոպական ստանդարտների, այլ մեր ժողովրդի վիճակի հետ:

 

Վաղո՞ւց եք աշխատում այս կլինիկայում:

 

Այս կլինիկայում, և հենց ՔԿԱ բաժանմունքում, սկսել եմ աշխատել ուսանողության տարիներից, նախ` որպես բուժակ: Ինձ չեմ պատկերացնում որևէ այլ տեղում, և եթե դուրս գամ այստեղից, պարզապես տուն կգնամ, իմ հողամասը, որովհետև այս պատերի ներսում իմ կյանքն է:

 

Ի՞նչն է ձեզ ուժ տալիս կյանքի դժվարությունները հաղթահարելիս:

 

Հավատը…Միշտ կողքիս են Աստվածաշունչը և Խաչը: Վստահ եմ, որ երկնային ուժերը մեզ հետ են և աջակցում են մեզ:

 

Իմ հանգստությունը բժշկությունից դուրս գտնում եմ բնության մեջ՝ հողի, ծառերի, կանաչի հետ: Սիրում եմ աշխատել իմ հողամասում, ինքս ձևավորում եմ ծառերը, ջրում, մաքրում այգին, տերևները շոյում, և որքան էլ հոգնած լինեմ, այգի մտնելուց արդեն մոռանում եմ հոգնածությունս:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի և չլինի աշխարհը, մարդը:

 

Աշխարհի ամենադժվար բանը ճիշտ ապրելն է. մարդուն կործանում են ագահությունը, մեծամտությունը: Պետք է շատին չձգտել, ապրել իրական կյանքով, որը պահում է արժանիքների, չարժանիքների հավասարակշռությունը:

 

Լավատեսություն և հավատ պետք է ունենալ` հատկապես ղեկավարը, իշխանավորը: Իշխանությունները գալիս ու գնում են, բայց կան մնայուն արժեքներ և պետք է չկորցնել դրանք՝ հոգու աշխարհը, խղճի հանգստությունը: Մեքենայությունների ենթարկվելիս մարդն, ակամա, չարանում է, դա բերում է հիվանդության, հիվանդությունը՝դաժան վախճանի:  

 

Հիասթափություններ շա՞տ են եղել :

 

Ծանր եմ տանում դավաճանությունը: Դժվար է, երբ մարդուն նվիրվում ես, շատ բան անում նրա համար, բայց…

 

Հայտնի պատմություն կա հոպոպի մասին. մարդկանց մեջ ևս կան նմանները, որոնք տեղից տեղ են գնում, մինչդեռ խնդիրն իրենց մեջ է:

 

Այս ծանրաբեռնվածության մեջ բավարար ժամանակ մնո՞ւմ է ընտանիքին նվիրելու համար:

 

Բախտս այս հարցում էլ է բերել. կինս նույնպես բժշկուհի է՝ ականջի միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Վալդեմանի Սարգսյանը, և հենց այս բաժնում է աշխատում: Աշխատանքում ևս աջակցում, օգնում ենք միմյանց:

 

Պատերազմի օրերը…

 

Պատերազմի օրերին շատ ծանրաբեռնված ենք աշխատել. 44 օր և ավելի այս կլինիկան դարձել էր հոսպիտալ: Աշխատանքը շատ էր, որովհետև այս պատերազմում հրազենային վնասվածքները քիչ էին, բոլորը պայթյունների հետևանքներ էին՝ լսողության խանգարումներ, նևրիտներ, թմբկաթաղանթի պատռվածքներ:  Կինս՝ Գայանե Սարգսյանը, միայն զինվորների ականջները վերականգնելու մոտավորապես 100 վիրահատություն է իրականացրել:

 

Դժվար օրեր ենք անցկացրել: Հանուն զինվորի անում էինք անհնարը: Բժշկությունը՝ բժշկություն, օգնելը՝ օգնել, սակայն մեր հերոս զինվոր-տղաներին օգնել է պետք ո՛չ միայն որպես բժիշկ, այլ նաև` որպես հոգեբան:

 

Դիմեցի իմ ընկերներից մեկին, ով ծաղիկների բիզնեսով է զբաղվում, և նրան էլ ոգևորեցի իմ որոշմամբ: Այդ օրերին զինվորների սիրած աղջիկներին, ընկերուհիներին, մայրերին նրանց անուններից ծաղիկներ ուղարկվեցին: Բոլորը զարմանում էին, ախր իրենց տղան, զինվորը ծանր է, ինչպե՞ս կարող է  ծաղիկներ ուղարկել…

 

Մարդկանց օգնելու համար նրանց հետ պետք է աշխատել, երիտասարդների դեպքում՝ իջնել, դառնալ 18 տարեկան, նրանց հետ խոսել իրենց լեզվով: Երբ մարդու հետ անկեղծ ես, նա էլ է անկեղծանում, իսկ եթե չարությամբ ես վերաբերվում, նա էլ է չարանում, և այդ չարությունն իր մեջ, իր հետ տանում:

 

Որպես վերջաբան…

 

Բոլորիս վիճակն այսօր կախված է մեր երկրի, մեր ժողովրդի վիճակից: Մենք բոլորս մի դաշտում ենք, ազգաբնակչությունը լարված է, նյարդային, մտատանջ, ճնշված, այդ ամենին գումարվում են կենցաղային դժվարությունները: Եվ այս ամենը, այս փորձությունները՝ պատերազմ, կորոնավիրուս, որ մեր ժողովուրդն ապրում է այսօր, կրկնակի ուժ և եռանդ է պահանջում, ավելի ուշադրություն` միմյանց նկատմամբ:

 

Ցանկանում եմ, որ մարդիկ ապրեն հույսով և հավատքով, ապագային նայեն միայն լավատեսությամբ։

07.06.2021