«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանի հետ

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից` հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանի հետ

«Կարծում եմ, բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է ապրելակերպի»:

 

Աշխատանքն ապրելակերպ համարող մանկաբարձ-գինեկոլոգ Արմենուհի Ավետյանն արդեն երկար տարիներ է նվիրածությամբ և սիրով բժշկի իր գործունեությունն իրականացնում «Արմենիա» ՀԲԿ-ում:

 

Ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Բժշկուհուն օգնում են նաև. «սերը մասնագիտության, մարդու նկատմամբ և, ի վերջո, համբերատարությունը»։

 

Բժշկուհի Ավետյանին խիստ մտահոգում է մեր երկրում առկա սեռի հետ կապված արհեստական վիժումների խնդիրը, որովհետև. «Չէ՞ որ գաղափարը սերունդ տալն է, իսկ սերնդի որակյալ լինելը սեռի հետ, առհասարա,կ որևէ կապ ունենալ չի կարող»։

 

Այդպիսի մասնագետը, բնականաբար, չէր կարող սիրված չլինել պացիենտների կողմից, որովհետև սիրում է նաև այն ամենը՝ ինչը գեղեցիկ է և, ուրեմն, կրում է և բաշխում միայն գեղեցիկը՝ փոխհարաբերություններում և ամենուր:

 

Մասնագիտական ճանապարհը

 

1991 թ. ավարտել եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որից հետո՝ 1992 թվականից աշխատել է Շիրակի մարզի Աշոցք գյուղի Տիրամայր-Նարեկացի հիվանդանոցում։

 

- Մեկ տարի աշխատել եմ մանկաբարձ-գինեկոլոգ, այնուհետև՝ ծառայության ղեկավար, բաժանմունքի վարիչ։ 2002 թվականից տեղափոխվել եմ Երևան և առայսօր աշխատում եմ «Արմենիա» ՀԲԿ գինեկոլոգիական բաժանմունքում որպես։ Աշխատանքային փորձի հետ զուգահեռ, անցել եմ բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ Հայաստանում և արտերկրում։

 

Բժշկի մասնագիտությունը երազա՞նք էր, նպատակ, թե՞…

 

Քանի-որ ծնվել եմ բժշկի և իրավաբանի ընտանիքում, ընտրությունս տատանվել է այդ երկու մասնագիտությունների միջև։ Ի վերջո, ընտրեցի մայրիկիս գործը՝ բժշկի մասնագիտությունը և առաքելությունը, որի համար երբեք չեմ զղջացել։

 

Եթե բժիշկ չդառնայիք,  ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք:

 

30 տարի բժիշկ աշխատելուց հետո դժվար է նույնիսկ այլ մասնագիտության մասին մտածել, պատկերացնել որևէ այլ բնագավառ։

 

Կարծում եմ, բժիշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է ապրելակերպի։ Բայց երիտասարդ տարիքում մտածել եմ նաև հոգեբան դառնալու մասին: Չնայած, կարծում եմ, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաև ինչ-որ չափով հոգեբան լինի։ Նաև մտածել եմ մասնագիտությանս հետ զուգահեռ զբաղվել ձևավորողի գործունեությամբ։

 

Ի՞նչն եք համարում ամենաէականը բժշկի մասնագիտության մեջ:

 

Առաջնահերթը համարում եմ գիտելիքները և աշխատանքային փորձը, այնուհետև՝ սերը մասնագիտության և մարդու հանդեպ և, ի վերջո, համբերատարությունը։

 

Ունենո՞ւմ եք հիասթափություններ կյանքում, աշխատանքային միջավայրում և ինչպե՞ս եք դուրս գալիս դժվար և բարդ իրավիճակներից:

 

Երիտասարդ տարիքում հիասթափություններ հաճախ էին լինում: Սակայն տարիների փորձառությունը, իմացությունը օգնում են նաև կյանքին, դժվարություններին այլ կերպ վերաբերվել և դիմանալ: Բացի այդ, մասնագիտական դժվար պահերին խորհրդակցում եմ ավագ գործընկերներիս հետ, իսկ կյանքում խորհրդատու են ընտանիքիս անդամները։  Այնպես որ, հիմա հիասթափությունները, անկումային պահերը հազվադեպ են։

 

 

 

Ի՞նչ կասեք Ձեր՝ մարդ-բժիշկ էության  մասին:

 

Սեփական անձի մասին, առհասարակ, խոսել չեմ սիրում և կարծում եմ, կերպարս ինձ ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Երևի ամենահատկանշականն այն է, որ միշտ ձգտում եմ լավագույնին, և ինձ համար ամենաանընդունելի կարգավիճակը ցանկացած պարագայում միջակությունն է․ ուստի պահանջկոտ եմ թե՛ ինքս իմ, թե դիմացինի նկատմամբ. բոլորի, ովքեր լավագույն արդյունքի հասնելու գործում նույնիսկ չնչին մասնակցություն ունեն։

 

Բժշկությունից զատ ինչո՞վ եք սիրում զբաղվել:

 

Գուցե տարօրինակ թվա, բայց, օրվա ամենասիրելի պահերն ինձ համար, հաճախորդներիս լսելն ու նրանց հետ զրուցելն է, և նաև նշեմ, որ դա զբաղմունք չեմ համարում: Յուրաքանչյուր կնոջից այնքան բան կարելի է սովորել և, ի վերջո, երբ լսում ես նրանց պատմությունները կամ գուցե նաև՝ խնդիրները, զգում ես, որ աջակցում ես թեկուզ միայն լսելով կամ խորհուրդներ տալով։ Իսկ աշխատանքից դուրս զբաղվում եմ այն ամենով, ինչը կապ ունի գեղեցկի հետ՝  դեկորատիվ բույսերի մշակմամբ, ձևավորմամբ, ընթերցանությամբ։ Շատ եմ սիրում ճանապարհորդել և հիշողությունս համեմել վառ տպավորություններով, չնայած դա հաջողվում է միայն հանգստյան օրերին։

 

Պատերազմի ազդեցությունը կանանց վրա...

 

Պատերազմի ազդեցությունը բոլորի վրա անխուսափելի էր, հատկապես՝ կանանց։ Իմ սեփական մասնագիտական փորձն այդ օրերից հետևյալն էր. պատերազմի օրերին և հետո, երբ շփվում եմ որդեկորույս ծնողների հետ, հասկանում եմ, որ հասուն տարիքում պլանավորում ու ցանկանում են նորից մայրանալ՝ որդիների կորուստը լրացնելու նպատակով։ Միանշանակ, նման որոշումը, անկախ մասնագիտական և հոգեբանական բարդություններից,  ողջունելի կլիներ իմ կողմից, եթե չբախվեի միայն սեռով պայմանավորված հղիությունների խնդրին։ Սակայն ծնողները պլանավորում են` ունենալու բացառապես արական սեռի երեխաներ, ինչը մեծացնում է ընտրողական (սելեկտիվ) հղիությունների վտանգը։

 

Եվ այստեղ է, որ սկսվում է իմ պայքարը: Իմ ամբողջ մասնագիտական կյանքում պայքարել եմ սեռի հետ կապված աբորտների դեմ, և երևի իմ կյանքում առաքելությունս մարդկանց բացատրելն է, որ երեխայի սեռը ոչինչ փոխել չի կարող, և նույնիսկ հետպատերազմյան շրջանում, աղջիկ երեխաները նույնպես կարող են հավասարապես լրացնել մեր զոհված զավակների անդառնալի կորուստը։ Չէ՞ որ գաղափարը սերունդ տալն է, իսկ սերնդի որակյալ լինելը սեռի հետ, առհասարակ, որևէ կապ ունենալ չի կարող։

 

Մաղթանք և խորհուրդ բոլորին և հատկապես՝ կանանց...

 

Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի վաղ ախտորոշվեն հիվանդությունները և հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված,  մայրանան  և վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։


11.08.2021