«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ականջի միկրովիրաբուժություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ օտովիրաբույժ- ականջաբան Գայանե Սարգսյանի հետ

Ականջի միկրովիրաբուժություն. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ օտովիրաբույժ- ականջաբան Գայանե Սարգսյանի հետ

Ի՞նչ է ներառում ականջի միկրովիրաբուժությունը:

 

Ականջի միկրովիրաբուժությունն ներառում է այն բոլոր վիրահատական միջամտությունները, որոնք կատարվում են արտաքին, միջին և ներքին ականջներում՝վերջիններիս անատոմիան և ֆիզիոլոգիան վերականգնելու նպատակով։

 

Կատարվում են հետևյալ վիրահատությունները՝ միջին ականջի սանացիոն վիրահատություններ  (մաստոիդէկտոմիա՝ կանխարգելելու միջին օտիտների և արտագանգային բարդությունների առաջացումը), լսողության վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատական միջամտություններ՝ տիմպանոպլաստիկա (թմբկաթաղանթի վերականգնում), օստիկուլոպլաստիկա (լսողական ոսկրիկների շղթայի վերականգնում), ստապեդոպլաստիկա` օտոսկլերոզ հիվանդության ժամանակ` հնարավորության սահմաններում ապահովելու նորմալ լսողությյուն, վերականգնել արտաքին, միջին, ներքին ականջների ֆիզիոլոգիան;

 

Երբեմն հարկ է լինում կատարել համակցված վիրահատություններ՝ չոր, մաքուր ականջ և նորմալ լսողություն ստանալու համար, ասենք՝ մաստոիդէկտոմիա` տիմպանոպլաստիկայի հետ միասին և այլն:

 

Կատարվում են նաև փոքր ինվազիվ վիրահատություններ, օրինակ, էքսուդատիվ կամ սերոզ միջին օտիտների ժամանակ, երբ եվստախյան փողի քրոնիկ դիսֆունկցիայի արդյունքում միջին ականջում հեղուկ է կուտակվում, որը բերում է լսողության կայուն իջեցման ,ու կրկնվող օտիտների առաջացման պատճառ դառնում։ Միջին ականջի այդպիսի ախտահարում առավել հաճախ հանդիպում է մանկական տարիքում:

 

Ի՞նչն է այդ ախտահարման պատճառը մանկական տարիքում:

 

Միջին ականջի նշված ախտահարումների պատճառը վերին շնչուղիների  հիվանդություններն են, իմուն համակարգի անբավարարությունը, անատոմիական մի շարք մանկական առանձնահատկությունները՝ լիմֆադենոիդային օղի հիպերտրոֆիան, ալերգիան, զարգացման անոմալիաները և այլն։ Նման դեպքերում միաժամանակ կատարվում է միջին ականջի դրենավորում և վերին շնչուղիների սանացիա։ Եթե միջին ականջում հեղուկի կուտակումը երկար է պահպանվում և խնդիրը չի լուծվում չի, դա բերում է թմբկաթաղանթի էլաստիկության և կառուցվածքի փոփոխության: Արդյունքում առաջանում են ռետրակցիոն գրպանիկներ, որոնք հետագայում շատ լուրջ խնդրի պատճառ են դառնում, մասնավորապես, այսպես կոչված, խոլեստեատոմայի ձևավորման, օտոգեն և արտագանգային բարդությունների զարգացման։

 

Ի՞նչ են էքզոստոզները և օստեոմաները:

 

Դրանք արտաքին լսողական անցուղու հիվանդություններ են ։ Այս ախտաբանական վիճակները ընդուված է անվանել «սերֆինգով զբաղվողների  ականջներ», որովհետև գտնում են, որ դրանց պատճառը սառը ջուրն է: Արտաքին լսողական անցուղու մաշկը` քրոնիկ սառը գործոնի հետ առնչվելու արդյունքում ենթարկվում են փոփոխությունների` առաջանելով գերաճներ: Դրանք, իրենց հերթին, անհարմարություններ են առաջացնում`գերաճից ներս ականջի գեջի (ծծմբի) կուտակման հետևանքով, որի հեռացումը երբեմն դառնում է անհնարին և հարկ է լինում այդ էքզոստոզները հեռացնել:

 

Օստեոման հաճախ լինում է ոտիկի վրա, (էքզոստոզներն առաջանում en ավելի լայն հիմքի վրա), ինչը պահանջում է օտովիրաբույժի կողմից իրականացվող միջամտություն։ Շատ կարևոր են անատոմիական առանձնահատկությունները. երբեմն արտաքին լսողական անցուղում դիմային նյարդը կարող է ոչ ճիշտ դիրք ունենալ, և այդ փոքր միջամտությունը՝ օստեոմայի կամ էքզոստոզի հեռացումը, կարող է պատճառ լուրջ խնդրի դառնալ ՝ դիմային նյարդի վնասման և անվերադարձ պարեզի:

 

Այդ պատճառով, ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ, պետքէ կատարել քունքոսկրերի համակարգչայի տոմոգրաֆիա՝ վիրահատության ժամանակ անակնկալներից խուսափելու համար: Անհրաժեշտ է գնահատել նաև միջին ականջում  դիմային նյարդի ուղին և այլն։

 

Ի՞նչ է թմբկաթաղանթի պերֆորացիան:

 

Թմբկաթաղանթի պերֆորացիան վերջինիս ամբողջականության խախտումն է՝ վնասվածքի, սուր և քրոնիկ բորբոքման արդյունքում և ունեն տարբեր տեղակայումներ: Պերֆորացաները բերում են լսողության՝ հիմնականում ձայն հաղորդող տիպի իջեցման: Դրա լուծումը պերֆորացիայի փակումն է՝  միրինգոպլաստիկան կամ տիմպանոպլաստիկան: Դա օտովիրաբուժության մեջ ամենահաճախ կատարվող վիրահատություններից է: Որպես տրանսպլանտանտ՝ թմբկաթաղանթի դեֆեկտը վերացնելու համար, օգտագործվում են քունքամկանի սեփական փակեղը, վերնաճառը, աճառը,  ճարպոնը և այլն :

 

Մեթոդները տարբեր են,  երբեմն պերֆորացիայի տեղակայումը, չափերը պահանջում են որոշակի կոնկրետ տեխնիկա։

 

Վիրահատությունը հիմնականում արդյունավետ է՝  լսողության  վերականգնման առումով: Թբկաթաղանթի ամբողջականության վերականգնումը ապահովում է ո՛չ միայն լսողության վերականգնումը, այլ նաև կանխարգելում է դեպի միջին և ներքին ականջ վարակի մուտքը:

 

23.08.2021