«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ

Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ

Ինչպիսի՞ ծառայություններ է իրականացնում բաժանմունքը:

 

Բաժանմունքում իրականացվում են հեմոդիալիզ և պլազմաֆերեզ, այսինքն, բաժանմունքում բուժվում են տերմինալ քրոնիկական, ինչպես նաև սուր երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդները։

 

Պլազմաֆերեզն առանձին միջամտություն է: Այն երբեմն իրականացվում է նաև հեմոդիալիզ ստացող հիվանդների բուժման ընթացքում:

 

Պլազմաֆերեզի ցուցումները բազմաթիվ են՝ մաշկային հիվանդություններ, ալերգիաներ, վերարտադրողական խնդիրներ, աուտոիմուն հիվանդություններ: Վերջերս պլազմաֆերեզի նպատկով դիմում են, այսպես կոչված, «հետկովիդային խնդիրներ» ունեցող բուժառուները։

 

Ի՞նչ հիվանդներ են առավել հաճախ սպասարկվում:

 

Բաժանմունքում հիմնականում սպասարկվում են դիաբետիկ նեֆրոպաթիա, գլոմերուլոնեֆրիտ, ինտերստիցիալ նեֆրիտներ, երկարատև բարձր զարկերակային գերճնշման պատճառով տերմինալ երիկամային անբավարարություն ունեցող բուժառուները: Երիկամային անբավարարության պատճառներից են նաև ժառանգական հիվանդությունները, որոնցից ամենատարածվածը  պարբերական հիվանդությունն է, երբ առաջանում է երիկամների ամիլոիդոզ: Նորագոյացությունները ևս` մետաստազների դեպքում, կարող են առաջացնել տերմինալ երիկամային անբավարարություն, սակայն այդ ժամանակ  հեմոդիալիզ չի իրականացվում՝ ելնելով բժշկական մի շարք պատճառներից:

 

Ի՞նչ աշխատանքային գրաֆիկով են իրականացվում ծառայությունները:

 

Բաժանմունքը գործում է ամբուլատոր ռեժիմով, չի աշխատում միայն կիրակի օրերին: Աշխատում է 5 հերթափոխով՝  3/2 գրաֆիկով: Հիվանդները հեմոդիալիզ են ստանում երկուշաբթիից շաբաթ, օրը մեջ՝  3 անգամ: Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ աշխատում ենք 3 հերթափոխով, մյուս օրերին՝ երկու հերթափոխով:

 

Ի՞նչ հագեցվածություն ունի բաժանմունքը և ի՞նչ սարքերի օգնությամբ են իրականացվում ծառայությունները:

 

Ներկայում գործող հեմոդիալիզի սարքերը 18-ն են: Հեմոդիալիզի սարքն անվանում են արհեստական երիկամ: Ունենք չինական արտադրության երկու նոր սարք, որոնց հնարավորություններն ավելի մեծ են և ավելի զգայուն են: Սակայն միշտ էլ առկա է ավելի նորագույն, ավելի զգայուն սարքերով բաժանմունքը համալրելու խնդիրը: Բաժանմունքում առկա է ինժեներական ծառայություն, որն անընդհատ հսկում է բոլոր սարքերը և ստուգում հատուկ ստուգիչ սարքերով:

 

Բաժանմունքի մահճակալները 14-ն են և տվյալ պահին բավարարում են պահանջներին: Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ գործիքներով և պիտույքներով, ապահովված է հեմոդալիզի համար նախատեսված ջրի մաքրման համակարգով: Նորմայում ջրի մաքրության ցուցանիշը պետք է չգերազանցի 50 միկրոսիմենս/սանտիմետրը, և մեզ մոտ այն 10-ի սահմաններում է: Սա փաստում է, որ ջրի մաքրման համակարգը լիարժեք բավարարում է պահանջվող պայմաններին:

 

Ինչպե՞ս է կազմակերպվում սպասարկումը:

 

Անձնակազմը փորձառու է: Հեմոդիալիզի բաժանմունքում մեծ դեր է խաղում միջին բուժանձնակազմը, որն անմիջական և անընդհատ շփման մեջ է հիվանդի հետ: Այստեղ իր մասնագիտությունը չսիրողը չի կարող աշխատել: Հատկապես քրոնիկ բուժառուների հետ աշխատանքն ունի իր պահանջները, որտեղ մեծ նվիրում և համբերատարություն է պահանջվում: Եվ արդեն տարիներով ձևավորվել է հենց այդպիսի թիմ:

 

Ունենք ավանդույթներ, որոնք աշխատում ենք պահպանել: Հիվանդները երբեմն հոգեբանությամբ փոխվում են, դառնում ծանր, դժվար հարաբերվող` նույնիսկ իրենց տանը, իսկ այստեղ՝ շաբաթական 12 ժամ անցկացնելիս, արդեն երբեմն համարում են, որ իրենց տանն են և իրենց պահանջները ներկայացնում են այնպես, ինչպես` տանը: Դա, ցավոք, երբեմն խնդիրներ է առաջացնում: Փորձառու բուժքույրերը, բժիշկները՝ արդեն ունենալով այդ փորձը, կարողանում ենք հարթել իրավիճակը և խուսափել խնդիրներից:

 

Արյամբ տարածվող վարակների խնդիրն ինչպե՞ս է կարգավորվում:

 

Հայաստանում մեծ տարածում ունեն արյամբ տարածվող վարակները՝ հեպատիտներ, ՁԻԱՀ: Մենք հետևում ենք կանոնակարգին, ունենք հեպատիտ C-ով, B-ով հիվանդներ. նրանց սարքերն առանձնացված են և նրանց հետ դիալիզի ընթացքում աշխատում են առանձին բուժքույրեր:

 

Հասել ենք լավ ցուցանիշների` մեզ մոտ վարակակիրների քանակը չի գերազանցում 2%-ը:

 

Ավելի քիչ ենք ունենում առաջնակի վարակակիրներ: Մեր հիվանդները նաև պատվաստվում են հեպատիտ B-ի դեմ. ստանում են 3 ներարկում:

 

Դա կամավոր սկզբունքով է իրականացվում, բայց բացատրելուց հետո, հիվանդները հասկանում են պատվաստման կարևորությունը և համաձայնվում:

 

Հեպատիտ C-ի բուժում Հայաստանում ներկայում իրականացվում է. թանկ է, բայց կարևորը` հնարավոր:

 

Կորոնավիրուսի հետ կապված ի՞նչ բարդությունների եք առնչվել:

 

Կորոնավիրուսի դեպքեր ունեցել ենք, աշխատանքների ճիշտ կազմակերպմամբ հաղթահարել ենք խնդիրը:

 

Երևանում գործում է  Covid դրական հիվանդներին սպասարկող դիալիզի բաժանմունք: Կովիդով հիվանդ հայտնաբերելու դեպքում անմիջապես կապ ենք հաստատում այդ բաժնի հետ, և հիվանդը մինչև ապաքինումը տեղափոխվում ու բուժումն այնտեղ է շարունակում:

14.10.2021