«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ

Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

 

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր, փորձում ենք կարգավորել ակնոցներով: Եթե ակնոցն արդյունք չի տալիս, կատարվում են այլ հետազոտություններ, որոնցով հնարավոր է տարբերակել աչքի հետ կապված խնդիրը` գլխուղեղի ախտաբանությունից: Նման հետազոտություններից է տեսադաշտային զննումը՝ պերիմետրիան, որն իրականացվում է պերիմետրի օգնությամբ:

 

Պերիմետրով տարբեր աստիճաններով ստուգվում են հիվանդի աչքերի տեսադաշտերը: Քանի որ տեսողական նյարդը սկսվում է ակնագնդից և, անցնելով ամբողջ ուղեղով, հասնում է մինչև ծոծրակային շրջան, տեսադաշտային փոփոխությամբ հնարավոր է որոշել անգամ ախտաբանական օջախի տեղակայումը: Զննվում են նաև ակնաշարժ նյարդերը, որոնք ևս օգնում են կողմնորոշվել ախտաբանության տեղակայման հարցում:

 

Հաջորդ՝ ամենակարևոր հետազոտությունը, ակնահատակի հետազոտությունն է, որով հնարավոր է տեսնել աչքի հատակում երևացող տեսողական նյարդի վիճակը և տեղեկանալ գլխուղեղի շատ խնդիրների մասին: Այս հետազոտությունը կատարվում է օֆթալմոսկոպի օգնությամբ:

 

Ի՞նչ հիվանդությունների դեպքում են նշանակվում նյարդաակնաբուժական հետազոտություններ:

 

Պացիենտները, որոնք գանգատվում են գլխացավից, նյարդաբանի կողմից ուղարկվում են նյարդաակնաբուժական հետազոտությունների, որոնց օգնությամբ որոշվում է ներգանգային ճնշումը, ցանցենու անոթների վիճակը:

 

Նյարդաակնաբուժական հետազոտությունների անհրաժեշտությունն առաջանում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է տեսողության խնդիր, որը, սակայն, աչքի հիվանդության հետևանք չէ, այլ ուրիշ պատճառներ ունի:

 

Այդ պատճառներից առաջին տեղում կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) խնդիրներն են՝ վնասվածքներ, բորբոքային հիվանդություններ, կաթվածներ, ուռուցքներ, ցրված սկլերոզ, միասթենիա և այլն: Բացի այդ, կարող են լինել նաև որոշ սոմատիկ հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, անգիոսկլերոզ, էնդոկրին, հորմոնալ խնդիրներ (վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն), քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ (հայմորիտ, ֆրոնտիտ, սինուսիտ):

 

Ինչպիսի՞ն է աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

 

Ծառայությունն իրականացնում են երկու բժիշկ: Սովորաբար աշխատանքը ծանրաբեռնված է, քանի որ կենտրոնի բոլոր մասնագետները հիվանդներին սովորաբար ուղարկում են նյարդաակնաբուժական հետազոտությունների:

 

Աշխատասենյակներն իրենց կահավորմամբ, գույքով բավարարում են անհրաժեշտ պահանջներին: Առկա են անհրաժեշտ բժշկական սարքեր` պերիմետրեր, օֆթալմոսկոպներ և այլն:

 

Նորագույն՝ ՀՏ և ՄՌՏ հետազոտությունները չե՞ն նվազեցրել նյարդաակնաբուժական հետազոտությունների դերը:

 

Սկզբում կարծիք կար, որ ՄՌՏ, ՀՏ հետազոտությունների տարածման հետ այս հետազոտության կարևորությունը կնվազի: Սակայն դա տեղի չունեցավ, անգամ ՄՌՏ-ից հետո շատ հաճախ բուժառուները գալիս են նաև ակնահատակի զննության: Դրանք միմյանց լրացնում են: Բացի այդ, այս հետազտությամբ հիվանդին դինամիկայում հսկելն ավելի հեշտ է:

21.10.2021