«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կաթվածներ. հարցազրույց նյարդաբան Մհեր Հարմանդայանի հետ

Կաթվածներ. հարցազրույց նյարդաբան Մհեր Հարմանդայանի հետ

Ի՞նչ ախտաբանություն է կաթվածը:

 

Կաթվածը (ինսուլտ), արյան շրջանառության խանգարման պատճառով առաջացող ախտաբանություն է: Այն ունի երկու հիմնական տեսակ՝ իշեմիկ և հեմոռագիկ:

 

Կաթվածների ի՞նչ տեսակներ կան:

 

Տարբերում ենք կաթվածների երկու տեսակ` իշեմիկ և հեմոռագիկ: Իշեմիկ կաթվածն արյան շրջանառության սուր խանգարում է` որն առաջանում է անոթների խցանման հետևանքով, և արդյունքում գլխուղեղում առաջացնելով մահացած բջիջների զոննա՝ կաթված: Կաթվածի առաջացման մեխանիզմը նույն է, ինչ սրտամկանի կաթվածը (ինֆարկ), որի դեպքում նույնպես փակված անոթը բերում է սնուցման խանգարման և հյուսվաքների մեռուկացման:

 

Հեմոռագիկ կաթվածն առաջանում է անոթի պատռման հետևանքով: Արդյունքում արյունը դուրս է գալիս ուղեղանյութ և, ճնշելով ուղեղի հյուսվածքներին, վնասում համապատասխան կենտրոնները:

 

Որո՞նք են կաթվածի պատճառները և նպաստող գործոնները:

 

Կաթվածի առաջացման պատճառները և նպաստող գործոնները բազմաթիվ են: Հիմնական պատճառներից են զարկերակային ճնշման տատանումները, սրտի ռիթմի խանգարումները, շաքարային դիաբետը, աթերոսկլերոզը, ծխելը և մեծ տարիքը:

 

Զարկերակային գերճնշման հետևանքով, ժամանակի ընթացքում, առաջանում է անոթիների պատերի փոփոխություն, որը նպաստում է և՛ պատի վրա թամբի ձևավորմանը, և՛ պատերի դիմադրողականության իջեցմանը, որոնց պատճառով կարող է լինել անոթի պատռում և արյունազեղում:

 

Հեմոռագիկ կաթվածը կարող է առաջանալ նաև անևրիզմաների պատռման հետևանքով: Անևրիզմաները, սովորաբար, ունենում են բնածին ծագում և հնարավոր չէ դրանք հայտնաբերել առանց նեյրովիզուալիզացիայի:

 

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում կաթվածները:

 

Կաթվածների կլինիկական ախտանշաններն են     հեմիպարեզը կամ հեմիպլեգիան (վերին և ստորին վերջույթների միակողմանի թուլությունը): Դա ամենաարտահայտիչ նշանն է, որի դեպքում պետք է շտապ դիմել բժշկի: Ախտանշաններից է նաև դիմային նյարդի պարեզը, որն արտահայտվում է դեմքի թեքումով, հայացքի պարեզը, զգացողական խանգարումները՝ հեմիհիպէսթեզիայի (թերզգացողություն), հեմիհիպերէսթեզիայի տեսքով (գերզգացողություն): Սուր փուլից հետո զարգանում է մկանային լարվածություն:

 

Հեմոռագիկ կաթվածը հաճախ սկսվում է ուժեղ արտահայտված գլխացավով: Սկզբնական շրջանում կարող են բացակայել միակողմանի թուլությունը, դիմային նյարդի, հայացքի պարեզը, խոսքի խանգարումը (ձայնի բացակայություն, ռնգային ձայն, կարող է չհասկանալ բանավոր խոսքը): Երկու տեսակի կաթվածների ժամանակ էլ կարող են լինել նաև ընդհանուր ուղեղային երևույթներ՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, մենինգեալ նշաններ, բայց դրանք ավելի հաճախ դիտվում են հեմոռագիկ կաթվածի դեպքում:

 

Քանի որ բոլոր ախտանշանները հարյուր տոկոսով ախտորոշիչ չեն, անհրաժեշտ են հետազոտություններ՝ արյունազեղումը հայտնաբերելու համար:

 

Այս ախտանշանների առկայության դեպքում պետք է շտապ, ժամանակային որոշակի սահմաններում վճիռ կայացնել:

 

Գլխուղեղի անոթների սպազմի արդյունքում կարող են զարգանալ նաև անցողիկ խանգարումներ՝ տրանզիտոր, անցողիկ իշեմիկ գրոհ, երբ դարձյալ դիտվում են վերջույթների թուլություն՝ հեմիպարեզ, դեմքի ծռվածություն և այլ նշաններ, սակայն դրանք տևում են ժամեր և վերականգնվում են: Անցողիկ խանգարման դեպքում չի ձևավորվում կաթվածի զոննա՝ մահացած բջիջների տարածք, և կլինիկան մեկ օրվա ընթացքում հետ է զարգանում: Այս գրոհների միայն 70 տոկոս դեպքերում առաջին օրերին իշեմիկ կաթված չի զարգանում, իսկ հիվանդների 30 տոկոսի մոտ, եթե բուժում չի ձեռնարկվում, զարգանում է կաթված:

 

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում:

 

Հեըազոտությունների նպատակն է նեյրովիզուալիզացիան երկու տարբերակով՝ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) հետազոտություններով: «Արմենիա» ՀԲԿ-ում կատարվում է ՀՏ, երբ կիրառվում է նաև ներերակային կոնտրաստավորում` հատուկ նյութերով, որը թույլ է տալիս հստակ տեսնել սնուցող անոթները:

 

Կաթվածների բուժման ի՞նչ տարբերակներ կան:

 

Հայաստանում գործում է կաթվածի ծրագիր, որն իր մեջ ներառում է երկու գործողություն՝ թրոմբոլիզ և թրոմբէկտոմիա:

 

Թրոմբոլիզը հատուկ դեղորայքով անոթը փակող թրոմբի լուծումն է, որը հնարավոր է կատարել առաջին 4-4.5 ժամվա ընթացքում, քանի որ դեղը կարող է թրոմբը լուծել, երբ այն դեռ լիովին չի ձևավորվել:

 

Թրոմբէկտոմիան արդեն ձևավորված թրոմբի հեռացումն է ինվազիվ ճանապարհով՝ ներանոթային միջամտությամբ, որը կատարվում է մինչև 24 ժամը:

 

Կարևոր է, որ մարդիկ իմանան այս միջամտությունների և դրանց ժամկետային սահմանափակումների մասին և բժշկի դիմեն շատ շտապ: 24 ժամ անց թրոմբը մեծավ մասամբ արդեն կարծրացած է լինում և ներանոթային ճանապարհով հնարավոր չէ այն հեռացնել:

 

Միջամտությունների հարցում նաև կարևոր նշանակություն ունի մեռուկացած զոննայի ձևավորումը. եթե բջիջներն արդեն մահացած են, միջամտությունները կորցնում են իրենց նշանակությունը:

 

Հեմոռագիկ կաթվածները՝ վատ ընթացքի և բարձր մահացության առումով, ավելի մեծ տոկոսային հավանականություն ունեն:

 

Կոնսերվատիվ բուժում: Եթե հնարավոր չէ կատարել թրոմբոլիզ կամ թրոմբէկտոմիա, իրականացվում է կոնսերվատիվ բուժում: Շատ կարևոր է խիստ անկողնային ռեժիմը և դեղորայքային բուժումը. զարկերակային ճնշման կարգավորում, շաքարային դիաբետի ժամանակ` արյան մեջ գլյուկոզայի քանակի վերահսկողություն (գլյուկոզան վնասում է անոթի պատը և այդտեղ կարող է թրոմբ ձևավորվել):

 

Անհրաժեշտ է հրաժարվել վնասակար սովորություններից (ալկոհոլ, ծխախոտ), վարել առողջ ապրելակերպ, բացառել ճարպոտ սնունդը, որը բարձրացնում է խոլեսթերինը, ճարպաթթուների քանակը:

 

Ինչպե՞ս է կազմակերպվում վերականգնողական շրջանը:

 

Կաթվածի հիմնական վերականգնումը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում, և շատ կարևոր է բաց չթողնել այդ ժամանակաշրջանը:

 

Վերականգնման համար մեծ նշանակություն ունեն հարազատների խնամքը և աջակցությունը: Պետք է հետևել, որ կատարվեն բոլոր անհրաժեշտ շարժումները, օգնել հիվանդին դրանք իրականացնել և չհուսահատվել, քանի որ շատ հաճախ կաթվածների վերականգնումը տևում է բավականին երկար:

 

Հաճախ դիտվում է ամբողջական վերականգնում, բայց դա կախված է կաթվածի զոննայի տեղակայումից, չափից, խնամքից և այլ գործոններից:

24.11.2021