«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ամանորի շեմին. հարցազրույց Աշոտ Կուրղինյանի հետ

Ամանորի շեմին. հարցազրույց Աշոտ Կուրղինյանի հետ

Ինչո՞վ է առանձնանում անցնող տարին:

 

Անցնող տարին և՛  «Արմենիա» բժշկական կենտրոնի, և՛, ընդհանրապես, առողջապահական համակարգի համար դժվարին ու մարտահրավերներով լի տարի էր:  «Արմենիա» ՀԲԿ-ն կարողացավ հաղթահարել դժվարությունները, որոնք պայմանավորված էին կովիդի բավականին լուրջ՝ արդեն երրորդ ալիքի առկայությամբ ու առկա այլ խնդիրներով:

 

Անցնող տարում դժվարություններ կային նաև հետպատերազմյան իրավիճակի պատճառով: Դեռևս արդիական է վիրավոր զինվորների խնդիրը՝ արդեն ուշացած բարդություններով և դրանց լուծման անհրաժեշտությամբ: Զինվորների հետ կապված գործառույթների հանրապետական հիվանդանոցին բաժին ընկած մասը կատարել ենք պատվով:

 

Այդ ամենին զուգահեռ, կարողացել ենք նաև աշխատանքներ կատարել հիվանդանոցի զարգացման ծրագրերի շուրջ:

 

Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել հիվանդանոցում:

 

Վիրաբուժական ծառայության շրջանակում լիարժեք վերանորոգվել է մանկական ծառայության բաժանմունքը, ինչի առկայությունն` ինքին, նորություն էր: Այժմ կարող ենք վստահորեն հայտարարել, որ մեզ մոտ գործում է մանկական վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայություն, արդեն հիանալի արդյունքներ ենք գրանցել, իրականացվել են լավ արդյունքներով վիրահատություններ, ձևավորված է  մանկական վիրաբույժների և մանկական վնասվածքաբան-օրթոպեդների, անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների թիմ:

 

 

Բավականին լուրջ ձեռքբերում եմ համարում երկրորդ վիրաբուժական բաժանմունքի բացումը, որը լիովին նոր է` արդիական կահավորմամբ ու հարդարմամբ:

 

Չնայած որոշակի սուբյեկտիվ, օբյեկտիվ դժվարություններին, կարողացանք կայացնել նաև մի քանի ամբուլատոր ծառայություններ՝ կանանց առողջության հսկողության ծառայությունը:

 



Ի՞նչ դրական տեղաշարժեր կան արդեն գործող բաժանմունքներում:

 

Վաղուց գործող բաժանմունքներում նույնպես լավ արդյունքներ ենք գրանցվել՝ շնորհիվ նոր ընդունված մասնագետների:

 

Այդ առումով կարելի է առանձնացնել նյարդավիրաբուժական բաժանմունքը, որտեղ իրականացվում են բավականին բարդ վիրահատություններ` նոր սարքերի կիրառմամբ: Նոր մեթոդներով վիրահատվում են ողնուղեղի ճողվածքները, արդեն կան կատարված մեծ ծավալների վիրահատություններ՝ ողնուղեղի, գլխուղեղի ուռուցքային ախտաբանությունների հետ կապված:

 

Շարունակում է հաջողությամբ աշխատել անոթային բաժանմունքը. իրականացվել են յուրահատուկ վիրահատություններ, մասնավորապես` խոշոր անոթների անևրիզմայի, անոթային այլ ախտաբանությունների ժամանակ, որոնք պահանջում էին և՛ կադրային, և՛ սարքերով հագեցվածության ներուժ, ինչը ներդնել և արդյունք ստանալ, կարծում եմ, դժվար գործ է: Լավ ցուցանիշներ ենք արձանագրում նաև էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտում:

 

Բարդ իրավիճակներից պատվով դուրս եկավ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայությունը, որը մեր հանրապետությունում մեկ-երկու ամենահաջողված և ամենամեծ աշխատանք ծավալած վերակենդանացման բաժիններից է, որի շրջանակում, կովիդի բարդություններով պայմանավորված, առանձին բաժանմունք է ծավալվել:

 

Վերակենդանացման բաժանմունքի համար ձեռք են բերվել կարևոր սարքեր՝ շնչառության համակարգեր, թթվածնի խտացուցիչներ, մոնիտորներ՝ ռեանիմացիոն հիվանդների մոնիտորինգը կազմակերպելու համար: Այս հարցում լուրջ և կարևոր օժանդակություն է ցուցաբերել առողջապահության նախարարությունը, որի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:

 

Կովիդի հետ կապված ի՞նչ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվել:

 

Այս տարի կովիդի 3 բաժանմունք էր ծավալվել` անցած տարվա մեկ բաժանմունքի փոխարեն, 150 մահճակալով, որոնք ներկա պահին փակվել են ՝ կովիդի թվերի նվազման պատճառով: Հիվանդանոցի ծրագրերի մեջ քննարկվում և չի բացառվում կովիդի մշտական բաժանմունք ունենալու խնդիրը, որովհետև չի բացառվում այդ վարակի հետագա սրացումների կամ նոր ալիքների ի հայտ գալը:

 

Արդեն ունենք պայմանագիր, փոխանցված գումար և ձեռք ենք բերել նոր լրացուցիչ գերհզոր թթվածնի կայան, որը հիվանդանոցի մեծ ձեռքբերումներից է:

 

 

 

Կա՞ն այլ ծրագրեր` գալիք տարվա հետ կապված:

 

Ունենք պայմանագիր` ձեռք բերելու գերժամանակակից ՄՌՏ, ընթացքի մեջ են նոր ռենտգեն շարժական սարք ձեռք բերելու բանակցությունները: Հիվանդանոցն արդեն ունի նորագույն 2 ՀՏ սարք:

 

Կթարմացվի վիրահատական անզգայացման ծառայությունը, ինչը հատկապես կարևոր է առկա մանկական վիրաբուժության բաժանմունքի՝ նորածնային հասակից մինչև 18 տարեկան երեխաների ընդգրկմամբ: Կան եվրոպական սարքեր ձեռք բերելու պայմանագրեր, սպասում ենք ներկրմանը:

 

Այսպիսի մեծ ծավալով աշխատանքների համար, թերևս, անհրաժեշտ են նաև շենքային պայմանների վերանայում..

 

Այո, զուգահեռ վերանորոգման և շենքային պայմանների բարելավվման աշխատանքներ են կատարվում: Կառուցման փուլում է քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը, որը կտեղափոխվի հիմնական մասնաշենք:

 

Նոր մասնաշենքում նոր ծառայություններ են գործելու՝ օպերատիվ վիրահատական գինեկոլոգիա, դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն, որոնց համար համապատասխան պայմաններ են ստեղծվելու:

 

Ցանկանում եմ առանձնացնել արդեն 2 տարի գործող ուռուցքաբանության ծառայությունը, որն արձանագրել է հաջող ելքերով վիրահատություններ` հատկապես կրծքային վիրաբուժության և նյարդավիրաբուժության ոլորտներում: Ծառայությունն ամբողջական դարձնելու համար մտածում ենք քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման առանձին բաժանմունք հիմնելու մասին:

 

Կարևորո՞ւմ եք երիտասարդների ընդգրկումը:

 

Այդ ուղղությամբ լրջորեն աշխատում ենք, նպատակ ունենք կադրային բազան երիտասարդացնել: Մենք բաց ենք և բժշկական համայնքն էլ գիտի, որ մեզ մոտ երիտասարդները որևէ խնդիր չունեն` աշխատանքի ընդունվելիս, նրանց համար ստեղծվում են բոլոր պայմանները: Երիտասարդների հետ կապված բավականին մեծ հույսեր ու նպատակներ ունենք`որպես լուրջ գործոն, հետագայում զարգացում ապահովելու համար:

 

Այսօրվա մրցակցային պայմաններում նոր պահանջներ են ի հայտ եկել: Ի՞նչ կասեք այդ առումով:

 

Փորձում ենք ամեն բան անել, որ «Արմենիա» ՀԲԿ-ն գրավիչ լինի և՛ բուժաշխատողների, և՛ հիվանդների համար, որ հիվանդներն անվերապահ վստահեն մեզ, և իրենց առողջության վերականգնումը կապեն մեր հիվանդանոցի հետ: Դրա համար կարևորում ենք նաև ոնդունարանի, ախտորոշիչ ծառայության, ամբուլատոր ծառայությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքները, որոնք շատ արագ կընթանան գալիք տարվա ընթացքում:

 

«Արմենիա» ՀԲԿ-ն հայտնի է նաև որպես «բաց դռներով» հիվանդանոց: Հուսով ենք այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում:

 

Այո, մենք բաց ենք հիվանդների համար և միշտ աշխատել ենք «հիվանդանոցը բաց է բոլոր հիվանդների համար» նշանաբանով, քանի որ մեզ հաճախ են դիմում օգնության կարիք ունեցող, անհիմն մերժված, հիմնականում անվճարունակ հիվանդներ: Արդեն ձեռք ենք բերել բոլոր իրավիճակներում ելքեր գտնելով հիվանդներին օգնելու համբավը: Ցանկանում ենք այդ գործընթացն ավելի գրագետ կազմակերպել` փոխհամաձայնեցված մյուս հիվանդանոցների հետ, որ որևէ հիվանդ չմնա առանց բուժօգնության:

 

Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել գալիք տարին:

 

Տարեմուտին՝ մեր բոլոր դժվարությունները հաշվի առնելով հանդերձ, ցանկանում եմ, այնուամենայնիվ, լավատեսական բառեր գտնել:

 

Մեր ժողովրդի համար լավատեսության միակ հիմքը աշխատանքն է՝ յուրաքանչյուրն իր տեղում տքնաջան, առանց երկրից և հողից կտրվելու աշխատանքը: Միայն այդ պարագայում լույս կբացվի, հույսի և արգասաբեր տարի և տարիներ կտեսնենք:

 

Բոլորիս ցանկանում եմ հանդուրժողականություն և գիտակցական մոտեցում ամենին, որ կարողանանք անսասան առաջ ընթանալ:

 

Ցանկացած բաժին ընկած դժվարություն դիտենք որպես հնարավորություն` նոր ձեռքբերման համար: Թոթափենք այն ամբողջ բացասականը, որ տեսանք և ապրեցինք;

 

Համբերություն բոլորին… և մասնագիտական մաղթանքս՝ առողջություն և կրկին՝ առողջություն:

 

Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ և Ամանոր

29.12.2021