«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Նախանշաններ, որոնց դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան

Նախանշաններ, որոնց դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան

Ինչպիսի՞ նախանշաններ են հուշում ուռուցքային հիվանդության մասին:

 

Ուռուցքային հիվանդությունների ժամանակ գոյություն ունեն ընդհանուր նախանշաններ, որոնք կարող են լինել բոլոր ուռուցքային հիվանդությունների ժամանակ և սպեցիֆիկ՝ կախված ուռուցքի տեղակայումից:

 

Ընդհանուր նախանշաններն են՝ աշխատունակության անկումը, քաշի կորուստը, ախորժակի վատացումը, տրամադրության անկումը և այլն:

 

Սպեցիֆիկ նախանշանները տարբեր ուռուցքների դեպքում միմյանցից բավականին տարբեր են: Օրինակ, մաշկի ուռուցքների ժամանակ մաշկի վրա առաջացած խոցոտված մակերեսը, մելանոմայի դեպքում՝ նախկինում եղած խալի չափերի, գույնի, կառուցվածքի փոփոխությունը՝ փափուկից ավելի կոպիտ դառնալը, արյունահոսության ի հայտ գալը, կրծքագեղձի ուռուցքների դեպքում՝ ուռուցքային գոյացության շոշափումը` կրծքագեղձում, որը նախկինում չի եղել և այլն:

 

Որո՞նք են սպեցիֆիկ նախանշանները որովայնի օրգանների ուռուցքների ժամանակ:

 

Որովայնի օրգանների,  մասնավորապես` մարսողական օրգանների դեպքում, նախանշանները հիմնականում որովայնի շրջանի ցավերն են, այրոցները, սրտխառնոցը, փսխումները: Եթե փսխումը սև գույն ունի՝ դա նշանակում է, որ ուռուցքն արյունահոսում է, որի ժամանակ կղանքը կարող է սև գույն ունենալ: Արյունահոսություն կարող է լինել նաև ստամոսի խոցի ժամանակ: Սակայն խոցային և ուռուցքային արյունահոսությունները տարբերվում են միմյանցից. խոցի ժամանակ ցավը կրում է ժամանակավոր բնույթ՝ ի հայտ է գալիս գիշերը, ուղիղ կապ ունի սնունդ ընդունելու հետ, իսկ ստամոքսի ուռուցքի դեպքում ցավը մշտական է և սնունդ ընդունելու հետ կապը բացակայում է (նշանակություն չունի՝ սնունդը գիշե՞րն է ընդունել, թե՞ ցերեկը):

 

Երկարատև խոցային անամնեզ ունեցողների մոտ խոցը կարող է բարդանալ ուռուցքով, և եթե ցավը փոխվում է` դառնում մշտական, դա անհապաղ բժշկի դիմելու ցուցում է:

 

Որովայնի օրգանների ուռուցքների դեպքում կարող են լինել նաև մարսողական օրգաններին բնորոշ ընդհանուր ախտանշաններ՝ մարսողության խանգարում, աշխատունակության անկում, քաշի կորուստ, ախորժակի վատացում:

 

Ինչպիսի նախանշաններով են արտահայտվում գինեկոլոգիական, միզասեռական ուռուցքները:

 

Գինեկոլոգիական ուռուցքների դեպքում կարող են լինել արյունային արտադրություն սեռական ուղիներից, միզասեռական համակարգի դեպքում՝ միզային ուղիներից, որոնք կնոջը կամ տղամարդուն կստիպեն դիմել բժշկի:

 

Ողնաշարի ուռուցքների դեպքում ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս:

 

Ողնաշարի ուռուցքների դեպքում նախանշան է մշտական ցավերի առաջացումն այդ շրջանում կամ վերջույթներում: Նման ցավեր լինում են նաև ճողվածքների ժամանակ, այդ պատճառով ախտորոշումը պետք է իրականացվի համապատասխան մասնագետի կողմից: Գլխի ուռուցքներին բնորոշ են գլխացավերը, հնարավոր է դիտվեն ցնցումային նոպաներ, որոնք մինչև այդ երբեք չեն եղել:

 

Նման ախտանշանները պետք է անհանգստության պատճառ լինեն:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին:

 

Քանի որ ոչ ուռուցքային հիվանդությունների ժամանակ նույնպես դիտվում են ընդհանուր ախտանշաններր, և կոնկրետ ուռուցքի նախանշանները քիչ են, ուստի ցանկալի է որևէ ախտանշան ի հատ գալու դեպքում դիմել բժշկի և հետազոտվել: Միայն բժիշկը կարող է ասել, թե այդ գանգատի հիմքում ինչ է թաքնված:

28.02.2022