Լուրեր
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը` կերակրափողը, ստամոքսը, 12 –մատնյա աղու կոճղեզը մինչև պոստբուլբար հատվածները: Այս հետազոտության ամբողջական անվանումն է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա: Իսկ կոլոնոսկոպիան նախատեսված է հաստ-աղիքի հետազոտության համար:
Ստամոքսի էնդոսկոպիայի ժամանակ պարտադիր է հելիկոբակտերիայի թեստը, որի արդյունքի հիման վրա բուժող բժիշկը պլանավորում է հետագա բուժման բոլոր քայլերը: Հետազոտության ժամանակ հնարավոր է նաև տեսնել այլ բարդություններ, օրինակ, ուռուցք կամ խոցային օջախներ, որոնց դեպքերում անպայման կատարվում է բիոփսիա` հետագա հյուսվածաբանական քննության և ախտորոշման համար:
Ի՞նչ այլ հնարավորություններ է տալիս էնդոսկոպիան:
Էնդոսկոպիկ հետազոտության ընթացքում հնարավոր է նաև իրականացնել բուժական միջամտություններ:
Արյունահոսությունների ժամանակ տեղային պայմաններում դադարեցվում է արյունահոսությունը: Հնարավոր է նաև անմիջապես տարբերակել կերակրափողի երակների վարիկոզ լայնացումն` իր բոլոր բարդություններով:
Կա՞ն հակացուցումներ:
Հակացուցումները հիմնականում սիրտ-անոթային և շնչառական անբավարարություններն են: Սովորաբար, բուժառուն նման խնդիրների բացահայտման համար նախապես անցնում է անհրաժեշտ հետազոտություններ:
Նշված խնդիրների ժամանակ հակացուցումները կարող են լինել հարաբերական և բացարձակ: Բացարձակ հակացուցման դեպքում խորհուրդ է տրվում իրականացնել սոնոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ):
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:
Հետազոտությունից մեկ օր առաջ, երեկոյան ժամը 21:00-ից հետո ոչինչ չուտել. բուժառուն հետազոտության պետք է ներկայանա դատարկ ստամոքսով: Ջուր վերջին անգամ թույլատրվում է խմել հետազոտությունից 2 -3 ժամ առաջ:
Կիրառվո՞ւմ է անզգայացում:
Հետազոտությունը կատարվում է և՛ տեղային, և՛ ընդհանուր անզգայացմամբ: Տեղային անզգայացման ժամանակ թմրեցվում է կոկորդի խոռոչը` լիդոկայինի ցողացրով, որի կարող է փոքր-ինչ տհաճ զգացողություն առաջացնել:
Շատ բուժառուներ հետազոտությունից խուսափում են, որովհետև վախենում են, որ կարող են շնչահեղձ լինել: Սակայն նման բան հնարավոր չէ, քանի որ էնդոսկոպիկ սարքը հետըմպանային օղով են մտցնում կերակրափող, և հետազոտության ընթացքը որևէ կապ չունի շնչափողի հետ:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը:
«Արմենիա» ՀԲԿ-ում էնդոսկոպիան իրականացվում է է Օլիմպուս սարքի օգնությամբ` տեսողական պատկերով:
Սովորաբար, հետազոտությունը տևում է մոտավորապես 1-2 րոպե, եթե իհարկե, բուժառուն լուրջ խնդիրներ չունի: Ե միաժամանակ անհրաժեշտ է այլ միջամտություն կատարել (արյունահոսության դադարեցում, խոցի հայտնաբերում ավելի խորը հատվածներից), միջամտությունը կարող է տևել 3-4 րոպե: Գստրոսկոպիկ հետազոտության պատասխանը տրվում է անմիջապես հետազոտությունից հետո՝ րոպեներ անց:
Հնարավո՞ր են բարդություններ:
Լինում են դեպքեր, երբ հիվանդի մոտ առկա է լուրջ խնդիր, սակայն մասնագետը տեղեկացված չէ և կարող է օջախին դիպչելով վնասել ու առաջացնել արյունահոսություն կամ թափածակում: Դրանից ոչ-ոք ապահովագրված չէ:
Ո՞ր հետազոտություններն են լրացնում էնդոսկոպիային:
Գրեթե միշտ աշխատում ենք սոնոգրաֆիստների և ՀՏ մասնագետների հետ, քանի որ, եթե առկա է ստամոքսի խնդիր, լուրջ գանգատներ, բայց էնդոսկոպիայով հայտնաբերվում է միայն մակերեսային գաստրիտ, որը գանգատների հետ չի համապատասխանում, կասկածվում են այլ խնդիրներ՝ լեղապարկի քար, լյարդի ճարպակալում, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ, և այդ օրգան-համակարգերը հետազոտելու համար այլ հետազոտությունների կարիք է լինում: