«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հիվանդության ելքի առումով ճիշտ և վաղ ախտորոշումը կարեւոր է

Հիվանդության ելքի առումով ճիշտ և վաղ ախտորոշումը կարեւոր է

«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի ընդհանուր ախտաբանության բաժանմունքում իրականացված բարեփոխումներից հետո զրուցել ենք բաժանմունքի վարիչ, ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Դաբաղյանի հետ:


Ինչպես նշեց Վ. Դաբաղյանը, բաժանմունքում աշխատում են վեց բժիշկ, ովքեր առօրյա աշխատանքի 70%-ը տրամադրում են հիվանդանոցից ուղարկված վիրահատական ու բիոպսիոն նյութերի հետազոտություններին:


«Վիրահատական նյութը դա վիրահատության միջոցով օրգանիզմից հեռացված նյութն է: Ցանկացած նյութ, որը հեռացվում է օրգանիզմից՝ դա կլինի ամբողջական օրգան, հյուսվածքի կտոր կամ նորագոյացություն, ենթակա է պարտադիր հյուսվածաբանական հետազոտության և ուղարկվում է ախտաբանա-անատոմիական բաժանմունք: Ուղարկված նյութից պատրաստվում են հյուսվածաբանական պրեպարատներ, որոնք հետազոտվում են մանրադիտակի օգնությամբ և դրվում է հյուսվածքաբանական ախտորոշում: Օրինակ, ուռուցքների դեպքում որոշվում է դրանց բարորակ կամ չարորակ բնույթը, հյուսվածաբանական տեսակը: Եթե չարորակ գոյացություն է, որոշվում է դրա տեսակը, տարբերակման և տարածվածության աստիճանները, հիվանդության շրջանը, ինչը չափազանց կարևոր է հետագա քիմիոթևրապևվտիկ և ճառագայթային բուժումը կազմակերպելու համար:  Վիրահատական նյութի հյուսվածաբանական հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրտել ախտորոշումը և ճիշտ կազմակերպել  հիվանդի հետագա բուժումը:
Բիոպսիոն նյութը դա հյուսվածաբանական հետազոտության նպատակով որևէ օրգանից կամ հյուսվածքից վերցրված նմուշն է: Ժամանակահից բժշկությունը հնարավորություն է տալիս բիոպտատ վերցնել ցանկացած օրգանից: Ախտաբանի կողմից բիոպտատի հետազոտությունից հետո դրվում է վերջնական ախտորոշում, ինչի հիման բուժող բժիշկը մշակում  է բուժման ռազմավարություն, վիրահատության անհրաժեշտության դեպքում որոշվում է վիրահատության ծավալը»:


Խոսելով վերջին տարիներին գրանցած հաջողությունների մասին, Վարդան Դաբաղյանն ասաց.


«Վերջին տարիներին բաժանմունքում սկսվեց կիրառվել ներվիրահատական բիոպսիոն նյութի հետազոտություն: Սա կիրառվում է այն դեպքերում, երբ միչ վիրահատությունը հնարավոր չի լինում պարզել ախտաբանական պրոցեսի կամ նորոգոյացության բնույթը և դա կատարվում է վիրահատության ժամանակ: Այս դեպքում վիրահատության ընթացքում վիրաբույժի վերցրված նմուշը արագ ուղարկվում է հյուսվածաբանական լաբորատորիա, որտեղ 15-20 րոպեների ընթացքում բիոպսիոն նյութը հետազոտվում է և պատասխանը հայտնվում է վիրաբույժին՝ տալով նրան հնարավորություն որոշելու վիրահատության հետագա ծավալը:  Վերջին տարիների ձեռքբերումներից եմ համարում նաև հեռաբժշկության արդյունավետ կիրառումը: Համագործակցում ենք գերմանական առաջատար կլինիկաների հետ»:


Որպես ձեռքբերում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքի վարիչն առանձնացրեց նաև բաժանմունքում իրականացվող գիտական աշխատանքները:


«Բաժանմունքում իրականացվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ ուղղված արդի բժշկության կարևորագույն հիմնահարցերին՝ մասնավորապես սրտի իշեմիկ հիվանդությանը, շաքարային դիաբետին, ուռուցքների վաղ ախտորոշման նոր մարկերների հայտնաբերմանը: Աջակցում ենք նաև Երևանի Պետական բժշկական համալսարանի երիտասարդ հետազոտողներին»:


Զրույցի ընթացքում շեշտադրվեց բաժանմունքում in situ հիբրիդացման մեթոդի կիրառման առաջին փորձերը. բջջագենետիկ հետազոտություն, որի օգնությամբ որոշվում է  ուռուցքային բջիջներում գենային մակարդակի փոփոխությունները.

 

«Այդ հետազոտության շնորհիվ ուռուցքային պրոցեսը կարելի է հայտնաբերել հիվանդության առավել վաղ շրջանում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին կազմակերպել հիվանդի արդյունավետ բուժում: Հիվանդության ելքի առումով ճիշտ և վաղ ախտորոշումը չափազանց կարևոր: Ինչ վերաբերում է կիրառելի սարքավորումներին, ապա դրանք համապատասխանում են առկա չափորոշիչներին: Վերջերս բաժանմունքը  թարմացվել է ճապոնական «Սակուռա» ընկերության սարքավորումներով»:

27.03.2017