Լուրեր
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով:
Քթային արյունահոսությունները հիմնականում լինում է Կիսելբախի հանգույցից (գտնվում է քթի միջնապատի առաջային հատվածում), քանի որ այդ հատվածում լորձաթաղանթը բարակ է և արյունատար անոթներն ավելի մակերեսային են: Այս արյունահոսություններն առավել թեթև ընթացք ունեն:
Ավելի բարդացած արյունահոսությունները լինում են քթի խոռոչի հետին հատվածից, որտեղ տեղակայված է Վուդրուֆի հանգույցը, որը ներառում է անոթներ և՛ ներքին, և՛ արտաքին քնային զարկերակների ավազաններից:
Որո՞նք են քթային արյունահոսության հիմնական պատճառները:
Քթային արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:
Արյունահոսությունները բաժանվում են երկու խմբի՝ վնասվածքային և ախտանշային արյունահոսություններ:
Ըստ հետազոտությունների՝ քթային արյունահոսությունների մոտավորապես 80 տոկոսը կապված է համակարգային խնդիրների հետ, այսինքն՝ արյունահոսությունը համակարգային հիվանդության ախտանշան է կամ պայմանավորված է քթի խոռոչի գոյացությունների կամ ախտաբանական գործընթացների առկայությամբ, և միայն 20 տոկոս դեպքերում է կապված քթի լորձաթաղանթի խնդիրների, քթի և հարքթային խոռոչների ախտաբանական փոփոխությունների հետ:
Քթային արյունահոսությունների վնասվածքային պատճառները հրազենային, հետվիրահատական և կենցաղային բնույթի են:
Որո՞նք են ախտանշային պատճառները:
Դրանք ներառում են համակարգային խնդիրները և համարվում են երկրորդային ախտանիշ:
Ախտանշային պատճառները լինում են՝ տեղային և համակարգային: Տեղային պատճառներից են, օրինակ, քթի խոռոչի անգիոմաները, պապիլոմաները, յուվինիլ անգիոֆիբրոմաները, քթի արյունահոսող պոլիպները և այլն:
Համակարգային պատճառներից են սիրտ-անոթային հիվանդությունները (զարկերակային հիպերտենզիա), երիկամային հիպերտոնիան, համակարգային վասկուլիտները, հեմոռագիկ դիաթեզները, լեյկոզները, հեմոֆիլիան և այլն:
Քթային արյունահոսություններին նպաստող գործոններ են նաև քթի խոռոչի լորձաթաղանթի ատրոֆիկ գործընթացները, տարբեր տեսակի հիպովիտամինոզները` հատկապես C վիտամինի պակասը, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, օրգանիզմի ընդհանուր կամ տեղային գերտաքացումը:
Ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել քթային արյունահոսությունները:
Արյունահոսությունների վտանգավորությունը կապված է կորցրած արյան ծավալի հետ: Մեկ լիտր և ավելի արյան կորուստը կարող է առաջացնել կյանքի հետ անհամատեղելի խնդիրներ:
Ո՞ր դեպքերում է քթային արյունահոսությունը հաճախակի կրկնվում:
Արյունահոսությունը հաճախ կարող է կրկնվել լորձաթաղանթի ատրոֆիկ գործընթացների ժամանակ, ինչը, սովորաբար, հատկանշական է ծերունական տարիքին: Կրկնություններ լինում են նաև քթի խոռոչում խոցոտված վերքերի և տարատեսակ գոյացությունների առկայության պարագայում:
Բուժական ի՞նչ մոտեցումներ կան:
Բուժման առաջնային խնդիրը արյունահոսության պատճառների հայտնաբերումն է: Բուժման մոտեցումները կախված են քթային արյունահոսությունների պատճառականությունից:
Քթի միջնապատի առաջային հատվածի արյունահոսությունները, սովորաբար, առավել հեշտ ընթացք ունեն: Քթի խոռոչի հետին հատվածներից դիտվող արյունահոսությունները համարվում են բարդացած և, սովորաբար, դադարում են նեղ մասնագիտական բժշկական միջամտությունների արդյունքում:
Բարդացած արյունահոսությունների դեպքում իրականացվում է քթի խոռոչի հետին խցանում` խծուծով, արյունահոսող անոթի քիմիական կամ էլեկտրական այրում, լազերաթերապիա, կրիոթերապիա, անոթների էմբոլիզացիա, անոթների կապում, կորցրած արյան ծավալի վերականգնում:
Քթային արյունահոսությունների ժամանակ առաջնային միջոցառումները.
• անհրաժեշտ է ընդունել նստած դիրք, որպեսզի արյան հոսքը լինի նկատելի,
• տեղադրել սառույցներ քթի մեջքի երկու կողմերում և պարանոցին,
• քթի խոռոչի երկու կեսում տեղադրել ջրածնի պերօքսիդով կարճ խծուծներ,
• եթե հիվանդը նկատում է, որ արյան հոսքը միջնապատի առաջային հատվածներից է՝ կարող է քթի թևերը երկու կողմից մատներով սեղմել միջնապատին և շտապ դիմել մասնագիտացված բժշկական օգնության: