«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք. գլխուղեղի էխինոկոկ, պարկաճիճու

Կլինիկական դեպք. գլխուղեղի էխինոկոկ, պարկաճիճու

Հայտնի է էխինոկոկի 9 տեսակ, միախցիկ էխինոկոկ, բազմախցիկ էխինոկոկ և այլն։ Միախցիկ էխինոկոկի մարմինը կազմված է գլխիկից, որը կրում է ծծիչներ ու կարթերի պսակ։ Սեռահասուն ձևի երկար, մինչև 6 մմ էխինոկոկ մակաբուծվում է շների և վայրի մսակերների բարակ աղիներում։ Երիզորդի համար մարդը միջնորդ տեր է համարվում: Մարդու օրգանիզմում զարգանում է էխինոկոկի թրթուրային ձևերը՝ գոյացնելով բշտեր, որոնց ներքին շերտը սաղմնային հյուսվածք է և առաջացնում է սկոլեքսներ (գլխիկներ) ու դուստր բշտեր։ Էխինոկոկի բշտերի չափը հազիվ տեսանելիից կարող է հասնել մինչև նորածին երեխայի գլխի մեծության։

Կլինիկա է ընդունվել պացիենտ, ով մի քանի տարի շարունակ գանգատվել է գլխացավերից: Վերջին ամիսներին, հատկապես վերջին 20 օրերի ընթացքում, նկատվել է գլխացավի սաստկացում, տեսադաշտի սահմանափակում, ունեցել է սրտխառնոց, փսխումներ, ընդհանուր թուլություն:


Պացիենտին զննելիս նյարդաբանական վիճակը. չափավոր շշմածություն, հարցերին պատասխանում է ուշացումով, նկատելի են չափավոր թաղանթային ախտանիշներ, ջլային անիզոռեֆլեքսիա d>s, աջակողմյան թույլ արտահայտված հեմի հիպեսթեզիա: Ստուգիչ մատնային փորձով հայտնաբերվում է աջակողմյան հոմոնիմ հեմիանոպսիա: Այլ օրգանների կողմից ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել:

 


ՀՏ  հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կլոր, շրջակա հյուսվածքներից հստակ սահմանազատված բուշտ` Էխինոկոկի բուշտ, որի պարունակությունը կազմում է լիկվորի խտությանը համարժեք հեղուկ: Պերիֆոկալ այտուցի զոնան բացակայել է: Նկատվել է արտահայտված ճնշող ազդեցություն, մասնավորապես`  ձախ կողմնային փորոքի հետին եղջյուրի վրա:

 


Իրականացվել է վիրահատություն, որի արդյունքում հեռացվել է բուշտը:

 

Հեռացված էխինոկոկի բուշտը


Հիվանդը դուրս է գրվել առողջացումով:

 

Դավիթ Պատրիկյան
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության  ամբիոն
«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք

 

 

07.04.2017