«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ֆիզիոթերապիայի ցուցումները և բուժման արդյունավետությունը. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

«Արմենիա» բժշկական կենտրոնը այն հազվադեպ հիվանդանոցներից է, որտեղ գրեթե բոլոր վիրաբուժական և թերապևտիկ (նյարդային, էնդոկրինոլոգիական, թոքային, գաստրոէնտերոլոգիական և այլն) ամենատարբեր ախտաբանությունների ժամանակ իրականացվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ` վերականգնողական բուժման նպատակով: Արդեն գործում է նաև մանկական վերականգնողական վնասվածքաբանության բաժինը, որտեղ բուժումը նույնպես իրականացվում է ֆիզիոմիջոցառումներով:

 

Ինչո՞վ է ֆիզիոթերապիան տարբերվում դեղորայքային բուժումից:

 

Ի տարբերություն դեղորայքային բուժման, ֆիզիոթերապիան, որը նշանակում է ֆիզիկական մեթոդներով բուժում, օրգանիզմի համար առավել անվնաս է, քանի որ շփումը ֆիզիկական գործոնների հետ է՝ լույս, ջուր, ջերմություն, մագնիսական դաշտեր և այլն, և ավելի հեշտ է ընկալվում օրգանիզմի կողմից: Ֆիզիկական գործոնների դոզավորված ազդեցությունն օրգանիզմին բերում է ելքային վիճակի: Այդ իսկ պատճառով այն ընդգրկում է բժշկության բոլոր ոլորտները:

 

Սովորաբար, ֆիզիոթերապիան համակցվում է դեղորայքային բուժման հետ, բայց երբեմն կիրառվում է որպես մոնոթերապիա:

 

Որո՞նք են ֆիզիոթերապիայի ցուցումները:

 

Ցուցումները շատ են և ընդգրկում են թերապիայի բոլոր ոլորտները՝ նյարդաբանություն, ներզատաբանություն, շնչառական համակարգ, գաստրոէնտերոլոգիա, ուրոլոգիա, նեֆրոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանություն (ՔԿԱ), մաշկային, հենաշարժական համակարգի հիվանդություններ, վիրաբուժական խնդիրներ և այլն:

 

Բայց, առավել ընդունված է ֆիզիոթերապիան կիրառել նյարդային և հենաշարժական համակարգերի հիվանդությունների ժամանակ: Այն արդյունավետ է ՔԿԱ ախտաբանությունների ժամանակ, կաթվածների վերականգնողական շրջանում, էնդոկրին հիվանդություններից` նեյրոպաթիկ խնդիրների դեպքում (դիաբետիկ նեյրոպաթիաները գրեթե կոմպենսացվում են միայն ֆիզիոթերապիայի շնորհիվ):

 

Ֆիզիոթերապիայի օգնությամբ հնարավոր է մակերիկամներին (կորտիկոստերոիդային համակարգին) դրդելու միջոցով հիվանդին դուրս բերել ալերգիկ վիճակներից, ասթմոիդ բրոնխիտից և այլն:

 

Որքա՞ն հաճախ են հիվանդներն օգտվում բուժման այս մեթոդից:

 

Խորհրդային շրջանում ֆիզիոթերապիան ավելի լայն կիրառում ուներ՝ և՛ բժիշկներն էին առավել տեղեկացված, և՛ հիվանդները, որովհետև առողջարանային համակարգում այն լայնորեն կիրառվում էր և գիտեին նրա օգտակար հատկությունները:

 

Ներկայում, բացի տեղեկատվության պակասը, կա նաև սոցիալական խնդիր՝ դեղորայքային բուժում ստացող հիվանդն այլևս չի կարողանում նաև ֆիզիոթերապիայի ծախսերը հոգալ:

 

Որքա՞ն է բուժման տևողությունը:

 

Անկախ բուժման ելքից՝ ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ժամանակային առումով, ունեն որոշ սահմանափակումներ: Դրանք բացակայում են միայն մի քանի հիվանդությունների դեպքում. դրանցից են կաթվածները, ողնաշարի դիսկերի ճողվածքները և այլն:

 

Մնացած բոլոր դեպքերում ֆիզիոթերապիայի մեկ կուրսն տևում է 7-15 օր: Կուրսն ավարտելուց հետո ֆիզիոթերապիան 14 օր օրգանիզմի վրա շարունակում է արդյունավետ ներգործել: Անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել 3-6 ամիս, կամ մեկ տարի անց:

 

Ամենամյա կիրառման դեպքում հիվանդության ռեմիսիան ավելի երկարատև է։

20.06.2022