«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

 

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում։

 

H. pylori-ն համարվում է աշխարհի ամենատարածված վարակը և առավել հաճախ հանդիպում է զարգացող երկրներում։

 

Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հետազոտել են Ավստրալացի գիտնականներ Ռոբին Ուորենը և Բարրի Մարշալը, ինչի համար նրանք 2005 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի:

 

Ի՞նչ ախտաբանական վիճակներ են առաջանում հելիկոբակտերի առկայության դեպքում:

 

Այս մանրէն որոշ գործոնների առկայության պայմաններում կարող է առաջացնել ստամոքսի բորբոքում (գաստրիտ) և նպաստել ավելի լուրջ հիվանդությունների առաջացման: 95-98 % դեպքերում այն նպաստում է ստամոքսի և 12- մատնյա աղու խոցի առաջացմանը՝ ընդհուպ մինչև քաղցկեղի զարգացում։

 

Ինչպես գիտենք, մարդու ստամոքսն արտադրում է աղաթթու, և այդ թթվային միջավայրի ազդեցությամբ հայտնի մանրէների մեծ մասն արագ ոչնչանում է: Սակայն դա չի վերաբերում հելիկոբակտերին, որի համար հենց այդ միջավայրն է գերադասելի:

 

Helicobacter pylori-ն, հայտնվելով ստամոքսում, սկսում է արտազատել ուրեազա ֆերմենտը, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը: Վերջինս՝ պաշտպանվելու համար, ավելացնում է աղաթթվի և պեպսինի արտադրությունը, արդյունքում հելիկոբակտերն իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում:

 

Ինչպե՞ս է փոխանցվում Helicobacter pylori-ն:

 

Հելիկոբակտերը փոխանցվում է ֆեկալ-օրալ ճանապարհով. օրինակ՝ համբուրվելիս, աղտոտված սննդի օգտագործման արդյունքում, վարակված մարդու հետ նույն սննդամթերքից, նույն խոհանոցային պարագաներից և սպասքից օգտվելիս, ջրի միջոցով։

 

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում:

 

Շատ հաճախ կարող է ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահական հետազոտության ժամանակ:

 

Սակայն կարող է նաև դրսևորվել հետևյալ գանգատներով.

 

  • փքվածության կամ տհաճ զգացողություն էպիգաստրալ շրջանում, որը շատ հաճախ կարող է միակ գանգատը լինել,
  • հաճախակի գխտոց, բերանում թթվության կամ դառնության զգացում,
  • սրտխառնոց, փսխում, այրոցի զգացում` կրծոսկրի հետևում,
  • էպիգաստրալ շրջանում` ցավեր:

 

Ինչպե՞ս ախորոշել:

 

Ախտորոշման նպատակով իրականացվում են հետևյալ թեստերը և հետազոտությունները.

 

Արյան թեստ. արյան նմուշի լաբորատոր հետազոտությունը կարող է հայտնաբերել H. pylori վարակի նախկին կամ ներկա առկայության մասին վկայող տվյալներ (հակամարմիններ):

 

Շնչական թեստ. արտաշնչած օդի մեջ հայտնաբերվում է ակտիվ H. pylori վարակի առկայության վկայություն: Այս թեստի արդյունքները կարող են շեղվել, եթե օգտագործվում են ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղեր կամ հակաբիոտիկներ:

 

Կղանքի հետազոտություն. կղանքի նմուշի մեջ որոշվում է H. pylori մանրէի հետ կապված օտարածին սպիտակուցների՝ հակածինների (անտիգեն) առկայությունը: Ճշգրիտ տվյալներ ստանալու համար խորհուրդ է տրվում կղանքի թեստ անցկացնել ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղերի օգտագործումը դադարեցնելուց առնվազն երկու շաբաթ հետո:

 

Էնդոսկոպիկ թեստ. գաստրոսկոպիայի միջոցով ստամոքսի լորձաթաղանթից վերցվում է փոքր կտոր, որի մեջ ստուգվում է H. pylori մանրէի կամ դրա հակածնի առկայությունը:

 

Ի՞նչ սկզբունքներ և մոտեցումներ է ներառում հելիկոբակտեր պիլորիի բուժումը:

 

Բուժումն անցկացվում է համակցված: Քանի որ այդ վարակի դեպքում առկա է գաստրիտ, էրոզիա կամ խոց, բուժումը նշանակվում է և՛ վարակի, և՛ զարգացած ախտաբանության դեմ: Իրականացվում է հելիկոբակտեր պիլորի  վարակիէռադիկացիա. նշանակվում է անտիբիոտիկոթերապիա` եռաբաղադրիչ կամ քառաբաղադրիչ սխեմայով, նշանակվում են նաև պրոտոնային պոմպի հակապաշարիչներ, բիսմուտի պատրաստուկներ:

 

Բուժման տևողությունը 14 oր է: Բուժման ավարտից 4 շաբաթ անց անհրաժեշտ է կատարել H. pylori ստուգման թեստ:

01.08.2022