«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան

Կլինիկական դեպք. մասնագիտացված օգնության կարևորությունը թոքի վնասումների ժամանակ. Ազատ Աղաբեկյան

Ծակած-կտրած վնասումով՝ դեպքից մոտ 3 ժամ անց, էջմիածին քաղաքի հիվանդանոցից մեր կլինիկա է տեղափոխվել 60-նն անց տղամարդ: Ռենտգեն հետազոտությամբ բուժառուի մոտ ախտորոշվել է հեմոպնևմոթորաքս: Վնասումը ձախից էր: Սրտի սահմաններին մոտ վնասվածքը ցուցում է թորակոտոմիայի, կամ ախտորոշիչ (ռևիզիոն) թորակոսկոպիայի: Բայց, քանի որ, տվյալ դեպքում վնասվածքը սրտի սահմաններից դուրս էր, թորակոտոմիա չկատարվեց:

 

Իրականացվեց պլևրալ խոռոչի դրենավորում, դուրս բերվեց մոտավորապես 900 մլ արյունային արտադրություն: Արյան այդպիսի մեծ քանակը ևս մեծածավալ թորակոտոմիայի մեթոդի կիրառման 50% հավանակնության տարբերակ է: Մեծածավալ հեմոթորաքսի դեպքում նման միջամտությունը կլիներ պարտադիր:

 

Ընդհանրապես, թոքի ծակած-կտրած վերքերի դեպքում, երբ կատարվում է դրենավորում և դատարկվում կուտակված օդը կամ հեղուկը, շնչառական ակտի շնորհիվ մեծ մասամբ սեղմվում և փակվում է արյունահոսող անոթը կամ օդի արտահոսք առաջացնող բացվածքը և կանգնեցնում է արյունահոսությունը կամ օդի ելքը: Նման դեպքերում միջամտությունը ավարտվում է միայն դրենավորմամբ:

 

Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական փուլը:


Այս դեպքում, քանի որ արյան կորուստը շատ էր (մոտավորապես մեկ լիտր), բարդությունների զարգացման հավանականությունը մեծ էր: Սակայն, բարեբախտաբար, արձանագրվեց հեմոդինամիկայի կայունացում, արյունահոսությունը չշարունակվեց սահմանված ժամային վերահսկողության ընթացքում: Դրենավորման ժամանակ ժամային վերահսկողությամբ ենք առաջնորդվում, և ժամում 250 մլ-ով արյան ավելացումը համարվում է թորակոտոմիայի ցուցում;

 

Հիվանդի ինքնազգացողությունից և լաբորատոր տվյալների արդյունքներից ելնելով՝ այլ միջամտությունների կարիք չկար:

 

Այժմ հիվանդը լավ է, և երկրորդ օրվանից սկսած առօրյա կյանք է վարում:

 

Որքանո՞վ էր կարևոր մասնագիտական օգնությունը:

 

Եթե հիվանդը դիմեր ոչ մասնագիտացված վիրաբուժական բաժանմունք, կարող էին՝ անգամ փոքր վնասվածքի, փոքր արյունահոսության դեպքում, անմիջապես մեծ վիրահատություն իրականացնել, որովհետև այդ նրբությունները միայն մասնագետը կարող է դիտարկել: Իսկ մեծ վիրահատության հետևանքով՝ եղած վերքին ավելանում է վիրահատական մեծ կտրվածքը, և հետվիրահատական ընթացքը բարդանում է: Եթե դրենավորմամբ ակտիվացումը իրականացվում է ժամանակին, բարդություններ քիչ են դիտվում, ստացիոնար բուժման օրերը պակասում են: Բուժառուն ստանում է ճիշտ, համապատասխան բուժում` սահմանափակվելով փոքր վերքով, թեթև ցավով և կարճ ժամանակահատվածում դուրս է գրվում:

 

Նման դեպքերում թորակոտոմիկ մեծ վիրահատությունն արդարացված կլիներ նախկինում, երբ դեռ ներդրված չէր էնդոսկոպիկ մեթոդը: Ուստի այսօր արդարացված է նվազագույն ինվազիվ մեթոդով միջամտությունները:

04.07.2022