«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների, տարբեր հիվանդությունների ժամանակ հայտնաբերվում են խնդիրների առկայությունը, գնահատվում անոթների պատերի վիճակը՝ նեղացումների աստիճանը, նրանց տեղակայումը, թրոմբների առկայությունը, անոթներում արյան հոսքի արագությունը և բնույթը:

 

Դուպլեքս հետազոտության ժամանակ  կիրառվում է գունային դոպլեր սքանավորում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն:

 

Սպեկտրալ դոպլեր վերլուծության միջոցով հետազոտվում է անոթներում արյան հոսքի արագությունը։ Մեթոդն անփոխարինելի է նյարդաբանական և անոթային խնդիրների հայտնաբերման ժամանակ: Անոթների դուպլեքս հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել անոթի լուսանցքում արյան շրջանառության ցուցանիշները՝ անոթների նեղացումների աստիճանները, անոթներում խցանումները թրոմբով և աթերոսկլերոտիկ վահանիկներով:

 

Դուպլեքս հետազոտությունը մեծ առավելություն ունի նախկինում կիրառվող նմանատիպ այլ հետազոտություններից (անոթների դոպլեր կամ դոպլերոգրաֆիա), որոնք թույլ էին տալիս գնահատել միայն արյան հոսքի արագությունը և ուղղությունը:

 

Հետազոտությունների ո՞ր խմբին է պատկանում անոթների դուպլեքս հետազոտությունը:
Այս հետազոտությունը ուլտրաձայնային  ախտորոշման տեսակ է: Մագիստրալ անոթների հետազոտության համար այն համարվում է ոսկե ստանդարտ։ Արմենիա ՀԲԿ-ում դուպլեքս հետազոտությունը ներդրվել է 2000 թվականին:

 

Որո՞նք են դուպլեքս հետազոտության առավելությունները:
Անոթների դուպլեքս ախտորոշման հիմնական առավելություններից են մեթոդի բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը, մատչելիությունը, անցավ լինելը։

 

Ո՞ր անոթներն են առավել հաճախ հետազոտվում:
Դժվար է ասել, թե որ համակարգն է ավելի հաճախակի հետազոտվում, քանի որ Արմենիա ՀԲԿ-ն բազմապրոֆիլ կլինիկա է, ներառում է նյարդավիրաբուժության, նյարդաբանական, անոթային վիրաբուժության և այլ բաժանմունքներ: Ի տարբերություն այլ կլինիկաների, մեզ մոտ կատարվում են միջամտություններ և՛ զարկերակների, և՛ երակների խնդիրների դեպքում:  

 

Ո՞ր գանգատների և հիվանդությունների ժամանակ է ցուցված դուպլեքս հետազոտությունը:
Վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությունը խորհուրդ է տրվում կատարել, երբ հիվանդը նշում է վերջույթների ջղաձգություն, վերջույթներում ծանրության զգացողություն, այրոց, սառնություն, ցավ, թմրածություն, խոցերի առկայություն, մաշկի գույնի փոփոխություն, մաշկին անոթային աստղիկների առկայություն, այտուց, անցողիկ կաղության առաջացում:

 

Իրականացվում է նաև պլանային վիրահատությունների դեպքերում (սիրտ-անոթային համակարգ, որովայն,  փոքր կոնք և վնասվածքաբանական, օրթոպեդիկ ախտաբանություններ)։ Գլխուղեղի անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել գլխապտույտի, ականջներում աղմուկի առկայության, գիտակցության խանգարումների,  անհայտ ծագման հաճախակի գլխացավերի  ժամանակ:

 

Դուպլեքս հետազոտություն ցուցված է նաև համակարգային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեղային արյան շրջանառության խանգարման պոտենցիալ պատճառներ են (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վասկուլիտներ և այլն):

 

Որքանո՞վ է մեթոդը վտանգավոր օրգանիզմի համար:
Այն համարվում է անվտանգ մեթոդ: Հետազոտվողի ճառագայթվելու հավանականությունը բացակայում է, քանի որ այն ոչ ճառագայթային հետազոտություն է: Դա հնարավորություն է տալիս հետազոտությունը կատարել  հղիներին, կերակրող մայրերին, նորածին երեխաներին:

 

Ինչպիսի՞ն է հետազոտության ճշգրտությունը և ինչի՞ց է կախված:
Ախտորոշման ճշգրտությունը կախված է և՛ մասնագետի  մասնագիտական հմտություններից, և՛ կիրառվող սարքի որակից ու բնութագրից: Արմենիա ՀԲԿ-ում  կիրառվող սարքը նորագույններից է և համարվում է լավագույնը:

 

Սարքը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում նույնիսկ ամենաաննշան փոփոխությունները:

 

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը և անհրաժե՞շտ են նախապատրաստական միջոցառումներ:
Հետազոտությունն իրականացվում է բուժառուի պառկած և կանգնած դիրքերում։ Նախապատրաստական միջոցառումների խիստ կանոնակարգ չկա: Որոշ անոթների արյան հոսքերի արագությունները ճշգրիտ գնահատելու համար  ցանկալի է հետազոտությունն իրականացնել բուժառուի հանգիստ վիճակում, և հետազոտությունից առաջ բուժառուն ալկոհոլ  և որոշ դեղեր պետք է չընդունի:

 

Որքա՞ն է հետազոտության տևողությունը և որքա՞ն հաճախ այն կարելի է կրկնել:
Հետազոտության տևողությունը մոտավորապես 15-30 րոպե է, իսկ հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո: Հետազոտությունը կարելի է կրկնել ըստ անհրաժեշտության և հիվանդության ընթացքով պայմանավորված:

 

Եթե նույնիսկ գանգատներ չկան, 40 տարեկանն անց մարդկանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ նպատակով անցնել անոթների դուպլեքս սքանավորում:

25.07.2022