«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Սպոնտան պնևմոթորաքսի արմատական բուժում էնդոսկոպիկ եղանակով. Ազատ Աղաբեկյան

Սպոնտան պնևմոթորաքսի արմատական բուժում էնդոսկոպիկ եղանակով. Ազատ Աղաբեկյան

Ի՞նչ գանգատներով և ախտորոշմամբ էր ընդունվել հիվանդը։

Երկու ամիս առաջ մեր բաժանմունք ընդունվեց քսան տարեկան երիտասարդ տղա` սպոնտան պնևմոթորաքս ախտորոշմամբ: Հիվանդի մոտ հանկարծակի սկսվել էր շնչարգելություն:

 

Ի՞նչ է սպոնտան պնևմոթորաքսը։
Սպոնտան պնևմոթորաքսների առաջացման մեխանիզմը հիմնականում բուլյոզ ախտահարումներն են՝ /օդակիր խոռոչ՝ աղքատացած թոքային հյուսվածքով/: Դրանց առաջացման մեջ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Ժամանակի ընթացքում՝ կենսակերպից կախված, առկա բուլան կամ մանր բուլաները կարող են մեծանալ: Հիվանդները մինչ այդ գանգատներ չեն ունենում և չգիտեն, որ հիվանդ են, մինչև բուլան չի պայթում: Այդ ժամանակ հիվանդը կարող է ծակոց զգալ: Բուլան պատռվելու հետևանքով պլևրալ խոռոչում օդ է կուտակվում, առաջանում է պնևմոթորաքս:

 

Ինչպե՞ս իրականացվեց վերջնական ախտորոշումը։
Բուժառուն մեզ դիմել էր մի քանի ժամ անց: Ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվեց աջակողմյան սպոնտան պնևմոթորաքս՝ պլևրալ խոռոչում առկա էր օդ:

 

Կատարված միջոցառումները։
Կատարվեց պլևրալ խոռոչի դրենավորում տեղային անզգայացմամբ, որպեսզի օդը դուրս գա, թոքը բացվի և սկսի նորմալ գործել: Հիվանդի շնչառությունը անմիջապես վերականգնվեց:

 

Ընդհանրապես, փոքր բուլայի պարագայում անցքն ինքնուրույն փակվում է: Եթե չի փակվում, և գործընթացը շարունակվում է, ապա վիրահատական միջամտության կարիք է առաջանում:

 

Տվյալ դեպքում անցքն ինքնուրույն փակվեց:

 

Որքանո՞վ է դրենավորումը լուծում առկա խնդիրը. հնարավո՞ր են կրկնություններ։
Քանի դեռ արմատական բուժում չի իրականացվել, խնդիրը կա և կարող է պարբերական բնույթ կրել: Նման դեպքերում ցուցված է պլանային վիրահատություն՝ բուլէկտոմիա, ատիպիկ մասնահատում և պլևրոդեզ:

 

Ի՞նչ ընթացք ունեցավ հիվանդի բուժումը։
Երիտասարդը որոշեց դիմել և պլանային կարգով վիրահատվել: ԿՏ հետազոտությամբ պարզվել էր, որ առկա է թոքերի բուլյոզ ախտահարում առավելապես աջից:

 

Թորակոսկոպիկ եղանակով կատարվեց աջ թոքի վերին բլթի ատիպիկ մասնահատում՝ պլևրէկտոմիա և պլևրոդեզ:

 

Հիվանդը կլինիկայում անցկացրեց երեք օր, չորրորդ օրը դուրս գրվեց: Քանի որ միջամտությունը թորակոսկոպիկ՝ մինիմալ ինվազիվ էր, տրավմատիզմը քիչ էր:

 

Այս դեպքը որքանո՞վ է առանձնահատուկ։
Առանձնահատկությունն այն է, որ նման լուրջ միջամտությունն իրականացվեց մինիմալ ինվազիվ, թորակոսկոպիկ եղանակով, այլ ոչ թե մեծ թորակոտոմիկ եղանակով: Հիմա ամբողջ աշխարհը հակված է մինիմալ ինվազիվ վիրահատությունների:

 

Մինչև արմատական վիրահատությունը՝ նման հիվանդները ի՞նչ խորհուրդների պետք է հետևեն, որպեսզի բուլայի պատռվելու կրկնություններից խուսափեն։
Կրկնությունից խուսափելու համար հիվանդին խորհուրդ է տրվում քիթը փակ չփռշտալ, ծանր ֆիզիկական աշխատանք չկատարել, հետևել սննդակարգին (առողջ սնունդ), իսկ խնդիրների դեպքում ժամանակին դիմել բժշկի:

08.09.2022