Լուրեր
Ո՞ր ախտանշանների դեպքում է անհրաժեշտ շտապ դիմել նյարդաբանի՝ խուսափելու համար գլխուղեղի ինսուլտի զարգացումից. նյարդաբան Մհեր Հարմանդայան

Ո՞ր գործոններն են նպաստում ինսուլտի առաջացմանը, և ինչպե՞ս կանխարգելել այն։
Ինսուլտի առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են՝ ծխելը, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ալկոհոլի չարաշահումը, արյան մեջ խոլեսթերինի և ճարպաթթուների մեծ քանակությունը, բարձր տարիքը, հիպոդինամիան: Նշված գործոններից շատերը հնարավոր է նվազեցնել կամ անգամ բացառել՝ այդպիսով խուսափելով հիվանդության զարգացումից:
Ի՞նչ մեխանիզմով է զարգանում գլխուղեղի ինսուլտը։
Ինսուլտը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Ինսուլտի ժամանակ գլխուղեղի արյունատար անոթներից մեկը կամ մի քանիսը չեն կատարում իրենց գործառույթը, որը արյան մատակարարումն է գլխուղեղի՝ նրանց համապատասխանող հատվածին: Դա կարող է լինել երկու հիմնական պատճառով՝ եթե անոթը պատռվել է, որի դեպքում զարգանում է հեմոռագիկ ինսուլտ, և եթե անոթը խցանվել է, որի դեպքում ինսուլտն արդեն իշեմիկ բնույթ ունի: Հազվադեպ, առանց անոթի պատռման և խցանման, անոթում ճնշման անկման պատճառով ևս արյունը չի հասնում ուղեղի որոշ հատվածներին: Այդ դեպքում զարգանում է իշեմիկ ինսուլտի մի տարբերակ, որը կոչվում է հեմոդինամիկ մեխանիզմով իշեմիկ ինսուլտ:
Ինչո՞ւ է կարևորվում շտապ կողմնորոշվելը ինսուլտի զարգացման հարցում։
Անհրաժեշտ է ինսուլտը հայտնաբերել հնարավորինս արագ, որովհետև արդեն մահացած ուղեղի բջիջներն այլևս չեն վերականգնվում, բայց ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանգնեցնել կամ դանդաղեցնել ինսուլտի ընթացքը:
Իշեմիկ ինսուլտի դեպքում դա իրականացվում է անոթը փակող թրոմբի լուծումով /քայքայումով/՝ մինչև ուղեղի բջիջների մահը:
Հեմոռագիկի դեպքում, երբեմն՝ վիրահատական միջամտությունների շնորհիվ, հնարավոր է լինում դադարեցնել արյունահոսությունը վնասված անոթից:
Յուրաքանչյուր կորցրած ժամը հանգեցնում է ուղեղի բջիջների կորստի և սահմանափակում է բժիշկների՝ հիվանդին օգնելու հնարավորությունները: Վտանգավոր է կորցնել թանկ ժամանակը՝ սպասելով և հուսալով, որ գանգատներն ինքնուրույն կվերանան:
Որո՞նք են ինսուլտի հիմնական ախտանշանները։
Ինսուլտի հիմնական նշաններն են՝ մարմնի մի կողմի թուլությունը կամ թմրածությունը, որը կարող է լինել նաև մեկ ձեռքի կամ մեկ ոտքի շրջանում խոսքի կամ կողմնորոշման խանգարումը՝ հիվանդը կարող է չպատասխանել հարցերին, կորցնել խոսելու ունակությունը, մոռանալ բառերը, կամ խոսել անհասկանալի, ռնգային՝ քթի մեջ, կարող է դժվարանալ որոշ հնչյունների արտաբերման հարցում:
Հիվանդը կարող է կորցնել նաև կողմնորոշումը տարածության մեջ: Հավասարակշռության և շարժումները կառավարելու ունակության կորուստը նույնպես կարող է ինսուլտի ախտանշան լինել: Ինսուլտի ախտանիշ է նաև կտրուկ առաջացած շլությունը կամ դեմքի թեքվածությունը, երբ հիվանդը չի կարողանում շարժել դեմքի մի կողմը:
Այս ախտանշանները նկատելու դեպքում անհրաժեշտ է հիվանդին շտապ հասցնել հիվանդանոց: