Լուրեր
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում
Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է:
Կախված տարիքային, անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, առավել հաճախ ախտահարվում են հայմորյան և էթմոիդալ խոռոչները:
Ի՞նչ պատճառներ և գործոններ են նպաստում նրա զարգացմանը
Սինուսիտի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ տարատեսակ բակտերիաները, սնկերը, մանրէները և ալերգենները:
Սինուսիտները հաճախ հանդիսանում են նաև շնչառական ինֆեկցիաների բարդություն:
Սինուսիտների ի՞նչ տեսակներ են տարբերում
Հարքթային խոռոչների սինուսիտները կարող են լինել միակողմանի և երկկողմանի: Ըստ բորբոքային գործընթացի՝ տարբերում են սուր, ենթասուր և քրոնիկ սինուսիտներ:
Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ալերգիկ սինուսիտները և ինչո՞վ են տարբերվում բակտերիալից
Ալերգիկ սինուսիտներն առավելապես ախտահարում են հայմորյան խոռոչը և էթմոիդալ խորշիկները: Ալերգիկ սինուսիտների ժամանակ դիտվում է լորձաթաղանթի արտահայտված այտուց, հիպերպլազիա և սերոզ տրանսուդացիա: Ալերգիկ ռեակցիայի ժամանակ լինում է քթի լորձաթաղանթի այտուց, դժվարանում է քթի խոռոչից լորձի հեռացումը, ինչի հետևանքով լորձային արտադրությունը կուտակվում է հարքթային խոռոչներում, որտեղ բակտերիաների աճի համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Ալերգիկ սինուսիտների ժամանակ հաճախ դիտվում է հարքթային խոռոչների լորձաթաղանթի երկրորդային ինֆեկցում, և այդ դեպքում հիվանդությունը ձեռք է բերում թարախային բորբոքման կլինիկա:
Որքա՞ն են տևում սուր, ենթասուր և քրոնիկ ընթացքները և նրանց տարբերությունը միմյանցից
Հիվանդության՝ մինչև մեկ ամիս տևողությունը համարվում է սուր, մեկից երեք ամիսը՝ ենթասուր, երեք և ավելի ամիսների դեպքում՝ քրոնիկ:
Կլինիկական ի՞նչ ախտանշաններ են արտահայտվում
Բորբոքային գործընթացի հիմնական ախտանշաններն են՝ քթի փակվածությունը, քթային դժվարաշնչությունը, դեմքի շրջանում ծանրության զգացումը, ջերմության բարձրացումը, գլխացավերը, խոռոչների շրջանում ճնշող ցավերը, հարքթային շրջանի և կոպերի այտուցը, քթից շճային կամ թարախային արտադրությունը, լուսավախությունը, ցավերը ակնագնդերի շրջանում:
Ի՞նչ հետազոտություններ են օգտագործվում սինուսիտների ախտորոշման համար
Ախտորոշման համար իրականացվում են հարքթային խոռոչների ռենտգեն հետազոտություն, ԿՏ հետազոտություն, սինուսասկոպիա, սինուսների ախտորոշիչ պունկցիա, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՄՌՏ հետազոտություն:
Ինչպե՞ս է իրականացվում հարքթային սինուսիտների բուժումը
Բուժումն ուղղված է հարքթային խոռոչներից ախտաբանական արտադրության դրենավորմանը և բորբոքման պատճառի վերացմանը:
Քթային շնչառության վերականգնողական նպատակով նշանակվում են անոթասեղմիչ կաթիլներ, ալերգիկ բորբոքումների ժամանակ նշանակվում են նաև հակահիստամինային պատրաստուկներ (պրեպարատներ), բակտերիալ և վիրուսային վարակների դեպքում բուժառուն ստանում է հակաբիոտիկներ և հակավիրուսային դեղեր: Կատարվում են նաև հարքթային խոռոչների
լվացում ըստ Պրոետցի և լվացումներ Յամիկ կաթետրի օգնությամբ:
Եթե կոնսերվատիվ բուժումն արդյունավետ չէ, և հարքթային խոռոչներում շարունակվում է կուտակվել թարախային արտադրություն, կատարվում է հարքթային խոռոչների պունկցիա կամ կուտակված պաթոլոգիկ արտադրությունը դուրս է բերվում վիրահատական միջամտությամբ:
Կիրառվո՞ւմ են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ
Ֆիզիոթերապևտիկ միջոցառումները ցուցված են օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի և հարքթային խոռոչների բնական բացվածքների անանցանելիության բացակայության դեպքում: Արդյունավետ կարող են լինել լազերոթերապիան, էլեկտրոֆորեզը և այլն:
Ձեր խորհուրդը բուժառուներին
Հարքթային խոռոչների բորբոքման ժամանակ պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ ոչ համապատասխան բուժումը կարող է առաջացնել ներգանգային և ներակնակապճային բարդություններ: