Լուրեր
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի (ողերի) անատոմիական ամբողջությունը վերականգնող վիրաբուժական մեթոդ է: Ողնաշարի վնասվածքների հետևանքով ողնաշարային սյունը և նրա առանձին ողերը կարող են վնասվել (կոտրվել, դեֆորմացվել)՝ թուլացնելով ողնաշարի ամրությունը: Դա հաճախ առաջացնում է ոչ կայուն ողնաշար, որն առանձնահատուկ բուժական մոտեցում է պահանջում:
Ի՞նչ խնդիրներ են առաջացնում ողնաշարի վնասվածքները
Վնասվածքների սուր շրջանում ոսկրային վնասումների հետևանքով տուժում են նաև նյարդային համակարգի կառույցները՝ ողնուղեղը, նյարդարմատները, առանձին նյարդերը: Այդ պատճառով ողնաշարի վնասման հետևանքները կարող են շատ ծանր լինել և առաջացնել շարժողական և զգացողական խանգարումներ, ազդել ընդհանուր առողջական վիճակի և կյանքի որակի վրա:
Ինչպե՞ս է պետք ողնաշարի վնասվածքների ժամանակ կանխել և վերականգնել ԿՆՀ-ի խանգարումները
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների ժամանակ հաճախակի վնասվում են ողնուղեղը, կարծրենին, նյարդարմատները: Եվ անհրաժեշտ է անհապաղ վերացնել ոսկրային բեկորներով առաջացած ձևափոխումը և դրա արդյունքում ողնուղեղի վրա առաջացած ճնշումը, դադարեցնել արյունահոսությունը, վերականգնել կարծրենու ամբողջականությունը՝ հերմետիկությունը: Նյարդավիրաբույժը միաժամանակ պետք է նաև ողնաշարի վնասված շրջանի վերականգնումն իրականացնի: Այդ նպատակով կիրառվում են ռեկոնստրուկտիվ վիրահատություններ:
Ողնաշարի վնասումներն այլ ախտաբանական խնդիրների հետևանքով
Վերտեբրոպլաստիկայի մեջ ներառվում են շատ մոտեցումներ և մեթոդներ: Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, որոնց պատճառով ևս կարող են ձևափոխվել ողերը, դարձյալ կարող էն առաջացնել ողնուղեղի, նյարդային արմատների ճնշում: Եվ դարձյալ անհրաժեշտ է ապաճնշել ողնուղեղը, նյարդարմատները:
Որո՞նք են վերտեբրոպլաստիկայի մեթոդները
Վերտեբրոպլաստիկայի մեթոդներից է ողի մարմնի ցեմենտավորումը, որի ժամանակ ձևափոխված ողի մարմնի մեջ ներարկվում է ոսկրային ցեմենտ, որը երկբաղադրիչային ասեպտիկ սոսնձի համակարգ է՝ արագ չորացող և պնդացող /3-5 րոպեի ընթացքում/:
Պնդանալով՝ այն ունենում է բնական ոսկրից ավելի ամրություն և ապահով ամրացնում է ողի մարմինն ու ողնաշարային սյունը: Սակայն վիրահատական մեթոդն ունի իր յուրահատկությունները, և նրա ընթացքը պետք է անպայման հսկվի թվային ռենտգեն սարքով /C-ARM/, որը մոնիտորով անմիջապես ցույց է տալիս անհրաժեշտ գոտին: Դա պարտադիր է և՛ հսկողության, և՛ ապացուցողական տեսանկյունից:
Միաժամանակ քանի՞ մակարդակում կարելի է կիրառել ցեմենտավորումը
Եթե անհրաժեշտություն է լինում՝ սոսինձը կարելի է կիրառել միաժամանակ 1-3 մակարդակներում, եթե, իհարկե, ընդամենը մեկուսացած 1 կամ 2 ողի մարմին է վնասված: Այն վիրաբուժական էնդոսկոպիկ, ոչ ինվազիվ միջամտություն է։
Ավելի տարածված վնասվածքների կամ դեգեներատիվ փոփոխությունների հետևանքով առաջացած մեծ խնդիրների դեպքում՝ ողնաշարի կայունության, անատոմիական կառուցվածքի փոփոխության ժամանակ պահանջվում է նաև կիֆոպլաստիկա կամ տրանսպեդիկուլյար ամրացում (ֆիքսացիա):
Ներկայումս օգտագործվում են մետաղական /տիտանի ձուլվածքից/ կոնստրուկցիաներ՝ արդիական մոտեցմամբ և տեխնիկայով:
Դրանցից մեկը տրանսպենդիկուլյար կոնստրուկցիան է, որը տարիների ընթացքում արդեն փորձված և արդյունավետ է: Դրա կիրառմամբ կարելի է ուղղել ողնաշարի սկոլիոտիկ փոփոխությունները, վերականգնել ողնաշարի անատոմիական ամբողջությունը, հետվնասվածքային փոփոխությունները և այլն:
Բուժառուն արագ հարմարվում և սովորում է մետաղական կոնստրուկցիային և որևէ տհաճություն, անհարմարություն չի ունենում, հատկապես մինչև վիրահատությունն իր ունեցած պաթոլոգիկ վիճակի խնդիրներից հետո: Տրանսպենդիկուլյար ամրացումը մնում է ամբողջ կյանքում՝ երբեմն անգամ երիտասարդ տարիքից: Դա չի խանգարում բուժառուին նորմալ կյանքով ապրելու, իր ծրագրերն իրականացնելու, ամուսնանալու, բալիկներ ունենալու, անգամ մարզումներով զբաղվելու: