«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան

Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով.

ա) անզուսպ փսխումների էպիզոդ, երբեմն արյունային պարունակությամբ,

բ)  հանկարծակի առաջացող, սաստիկ ցավ, որը տեղակայված է կրծքավանդակում կամ որովայնի էպիգաստրալ շրջանում,

գ)  պարանոցային, վերանրակային, կրծքավանդակի շրջաններում ենթամաշկային էմֆիզեմա։

 

Կերակրափողի պատի ամբողջական, ինքնաբուխ պատռվածքի ժամանակ դիտվող հենց այս սիմպտոմոկոմպլեքսն էլ կոչում են Բուրխավեի համախտանիշ։

 

Էպիդեմիոլոգիա, էթիոլոգիա, պաթոգենեզ
Համաշխարհային գրականության տվյալներով կերակրափողի պատռվածք հանդիպում է 3,1։1000000 դեպքերում մեկ տարվա ընթացքում, որի մինչև 15 %-ը կազմում են ինքնաբուխ պատռվածքները։ Մահացությունը կազմում է 40 % և ավելի։ Էթիոլոգիայի տեսակետից առանցքային է համարվում ներկերակրափողային ճնշման կտրուկ բարձրացումը` անզուսպ փսխումներ, երբեմն երկարատև արտահայտված հազ, ծանրության բարձրացում, էպիլեպտիկ ցնցումներ և այլն։

 

Պաթոֆիզիոլոգիայի մեջ հարկ է նշել բարոտրավմայի հետևանքով կերակրափողի տրանսմուրալ պատռումը։

 

Բարդությունների ծանրության աստիճանը կախված է նրանից, թե կերակրափողի որ հատվածն է վնասվել։ Առավել հաճախ վնասվում է ստորին երրորդականի հետին կողմնային պատը, որի ժամանակ առավել բնորոշ է ձախակողմյան պնևմոհիդրոթորաքսը։ Վերին և միջին տեղակայման վնասվածքների ժամանակ առավել բնորոշ է աջակողմյան հիդրոպնևմոթորաքսը։ Առավել վտանգավոր բարդություն է հանդիսանում մեդիաստինիտի զարգացումը հետագա սեպսիսի և բազմաօրգանային անբավարարության առաջացումով։

 

Անգամ մինչև ախտորոշման հստակեցումը, եթե կա կերակրափողի պատռվածքի կասկած, ժամանակը աշխատում է ի վնաս վիրաբույժի...

 

Ախտորոշում, բուժում

 

Անամնեզը, կլինիկական դրսևորումները, օբյեկտիվ զննումը, լաբորատոր ցուցանիշները որոշ չափով կօգնեն տարբերակիչ ախտորոշման հարցում։ Ջրալույծ կոնտրաստով կերակրափողի ռադիոլոգիական (ռենտգենոգրաֆիա, համակարգչային շերտագրություն) հետազոտումը հանդիսանում է արդյունավետ ախտորոշիչ մեթոդ։ Վերջինիս միջոցով կհստակեցվի նաև հնարավոր բարդությունների առկայությունը` մեդիաստինիտ, պնևմոհիդրոթորաքս, թոքաբորբ և այլն։ Կերակրափողի էնդոսկոպիկ հետազոտությունը կիրառվում է այլ մեթոդների անարդյունավետության դեպքում, առավելագույն զգուշությամբ։ Առավել բարենպաստ ելք են ունենում 12-24 ժամվա ընթացքում ախտորոշված դեպքերը։

 

Բուժման տակտիկան կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, պատռվածքի տեղակայման դիրքից և չափսերից, ախտորոշման հստակեցման ժամկետներից, կերակրափողի պատի կենսունակությունից, առկա բարդություններից։

 

Փոքր չափսերի, վաղ ախտորոշված պատռվածքը հնարավոր է բուժել կոնսերվատիվ եղանակով։

 

Էնդոսկոպիկ եղանակով ստենտի տեղադրումը կատարվում է կրկին վաղ ախտորոշված դեպքերում, արատի հերմետիզացիայի, հետագա խուղակի առաջացումը կանխելու նպատակով, սակայն ստենտավորման դեպքում պետք է հաշվի առնել մեդիաստինիտի, հարակից հյուսվածքներում թարախադեստրուկտիվ գործընթացների հնարավոր առկայությունը։

 

Առավել ռադիկալ մեթոդ է վիրահատական միջամտությունը, երբ կրծքավանդակի վիրաբուժական մուտքով (թորակոտոմիա, VATS, թորակոսկոպիկ) հնարավոր է լինում կատարել կերակրափողի առաջնային պլաստիկա։

 

Վիճահարույց է հանդիսանում ուշացած դեպքերում վիրահատական բուժման հարցը, քանի որ կերակրափողի պատռված եզրերը արդեն լինում են այտուցված, փոփոխված, ինչը պլաստիկան դարձնում է ռիսկային։ Նման դեպքերում առաջարկվում է բուժումները շարունակել պլևրալ խոռոչների, միջնորմի լվացումներով, էզոֆագոստոմայի, սնուցող գաստրոստոմայի տեղադրումով։

 

Բուժման մեջ էական դիրք ունի ինտենսիվ դեղորայքային թերապիան. ճիշտ ընտրված հակաբակտերիալ և հակամիկրոբային, ինֆուզիոն, դեզինտոկսիկացիոն, սիմպտոմատիկ թերապիան, լրացուցիչ պարէնտերալ սնուցումը։

 

Համախտանիշը իր անունը ստացել է ի պատիվ հոլանդացի բժիշկ Գերման Բուրխավեի, ով պատմության մեջ առաջին անգամ նման կլինիկական դրսևորումներ նկարագրել է հոլանդական նավատորմի մի ադմիրալի մոտ։ Ի դեպ ադմիրալը առաջին ախտանշանները ի հայտ գալուց 18 ժամ հետո մահացել է...

 

Նման խնդրով բուժառուները սովորաբար հոսպիտալիզացվում են ոչ պլանային կարգով և ախտորոշման ճշտման, արդյունավետ բուժման տակտիկան որոշելու հարցում առանցքային է որակավորված նեղ մասնագիտների դերը, անհրաժեշտ դժվարամատչելի գործիքային հետազոտությունների առկայությունը։

 

Արմենիա ՀԲԿ-ն հագեցված է անհրաժեշտ գործիքակազմով, իսկ վիրաբուժական բաժանմունքի անձնակազմը պատրաստ է լուծելու իրեն առաջադրված խնդիրները։

23.01.2023