«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ

Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով` բետա բջիջների  զգալի կամ ամբողջովին ինսուլին չարտադրելով: Այս հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում:


Շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բուժման մեթոդների, արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանի հետ:

- Ո՞րն է տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի հիմնական տարբերությունը:


- Առաջին տիպ շաքարային դիաբետը ինսուլինակախյալ դիաբետն է, որը գրանցվում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, իսկ երկրորդ տիպի շարքարային դիաբետը հանդիպում է 30-ն անց մարդկանց մոտ: Առաջին տիպ շաքարային դիաբետով հիվանդն զգում է ինսուլինի պահանջ ամբողջովին: Հիվանդությունը սկսում է շատ արագ քաշի նվազումով, ծարավի զգացումով, հաճախամիզությամբ, քաղցի զգացումով: Երկրորդ տիպ շաքարային դիաբետը սկսում է աստիճանաբար, հնարավոր է արտահայտվի մեկ այլ սրացած հիվանդության ժամանակ :


-Խոսենք շաքարային դիաբետի առաջացման պատճառների մասին:


-Առաջացման պատճառներից մեկը մանկական հասակում տարած վիրուսային հիվանդություններն են` կարմրուկ, խոզուկ, դեղնախտ, որոնցից հետո երեխաների մոտ կարող է նկատվել քաշի նվազում, հաճախամիզություն, բերանի չորություն, որոնք շաքարային դիաբետի առաջին նշաններն են: Երիտասարդների մոտ շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող են լինել վիրուսային հիվանդությունները, ինչպես նաև` սթրեսը:

 

Շաքարային դիաբետի առաջացման պատճառներից է նաև գենետիկ նախատրամադրվածությունը, երբ հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար:


- Ինչպե՞ս է կանխարգելվում հիվանդության հետագա զարգացումը: Հնարավո՞ր է լիովին բուժել շաքարային դիաբետը:


-Ներկայում հիվանդությունն ամբողջովին բուժել հնարավոր չէ: Առաջին տիպ շաքարային դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, մենք չենք կարող օգնել: Մենք կարող ենք միայն նշանակել ինսուլինի օպտիմալ չափաբաժին, իսկ երկրորդ տիպ շաքարային դիաբետի բուժումը սկսում ենք դիետոթերապիայից և բուժական ֆիզկուլտուրայից:  Մենք կարող ենք երկարացնել հիվանդի` հաբ չընդունելու ժամանակահատվածը:


-Ինսուլինի օգտագործումը հաճախակի հանգեցնում է հիպոգլիկեմիայի, ի՞նչ անել այդ դեպքում:


-Հիպոգլիկեմիան շատ վտանգավոր է` ի տարբերություն հիպերգլիկեմիայի, որը զարգանում է աստիճանաբար: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն աստիճանաբար ավելանում է, զարգանում հիպերգլիկեմիա, արդյունքում` կոման:  Հիպոգլիկեմիան անմիջապես կարող է զարգանալ այն ժամանակ, երբ հիվանդը ինսուլին օգտագործի: Կարող է հանգեցնել գիտակցության կորստի: Ուստի հիվանդի համար կարևոր է ինսուլինի ճիշտ չափաբաժնի օգտագործումը: Մենք հիվանդներին զգուշացնում ենք միշտ իրենց մոտ ունենալ քաղցր և ճիշտ սննդակարգ սահմանել:


-Որքա՞ն  է արյան մեջ գլյուկոզայի բավարար քանակը, ե՞րբ կարող է անհանգստանալու պատճառ լինել:


-Նորմայում արյան մեջ գլյուկոզայի քանակը 3.5-5.6 մմոլ է: Եթե դրանից շեղումներ են լինում, նշանակվում է գլյուկոզացված հեմոգլոբինի հետազոտություն, որը ցույց է տալիս վերջին երեք ամսվա ընթացքում արյան մեջ գլյուկոզայի օրական միջին տվյալները: Եթե հետազոտության ընթացքում նկատվում է շեղում, ուրեմն պացիենտի մոտ կա շաքարային դիաբետ:


-Տարեցտարի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդներ են ի հայտ գալիս:  Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիվանդությունը գնալով աճ գրանցում:


-Բուժման մեթոդները գնալով ավելանում են, նոր տեսակի ինսուլին են առաջարկում: Բայց հիվանդությունը տարեցտարի ավելանում է կախված ոչ ճիշտ սննդակարգից,  ֆիզկուլտուրայով չզբաղվելուց, ինչպես նաև համակարգիչների առաջ շատ ժամանակ անցկացնելուց: Հիվանդության արագ աճի պատճառ է նաև սթրեսը:


-Ո՞վքեր են գտնվում ռիսկային խմբում:


-Յուրաքանչյուր մարդ այսօր կարող է ռիսկային խմբում հայտնվել, որովհետև սթրեսը թուլացնում է իմունային համակարգը, որն իր հերթին հաճախ բերում է վարակային հիվանդությունների բարձր ռիսկի, իսկ սթրեսը հանգեցնում է ճարպակալման, դեպրեսիաների, որի պատճառով մարդ չի ցանկանում իրեն հետևել: Այսօրվա ընդունած սնունդը նույնպես հանգեցնում է ճարպակալման:


-Ի՞նչ է իրենից ներկայացնում հղիության դիաբետը:


-Հղիության ընթացքում գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, բայց դա տևում է հղիության որոշակի հատվածից մինչև հղիության ավարտ: Հղիին  նշանակվում է ինսուլինաթերապիա, որպեսզի պտղին վնաս չհասցվի: Հղիության ավարտից հետո պետք է ուշադիր լինենք օրգանիզմից ինսուլինը հանելու համար և որ հետագայում շաքարային դիաբետ չզարգանա: Ուստի երեխայի ծննդից հետո հարկ է  շարունակել հսկողությունը:


- Դիաբետով հիվանդ ծնողներից հնարավո՞ր է առողջ երեխա ծնվել:


-Կարող է ծնվել առողջ երեխա, բայց, ամեն դեպքում, ժառանգական գործոնը պահպանվում է, և որոշ ժամանակ հետո կարող է արտահայտվել:


-Ձեր խորհուրդը դիաբետով հիվանդներին:


-Չհիասթափվել, ճիշտ սնվել:  Գանգատների` բերանի չորության, քաշի անկման, հաճախամիզության դեպքերում դիմել էնդոկրինոլոգի: Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի:

28.07.2017