«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում

Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում

Մեր զրուցակիցն է  «Արմենիա» բժշկական կենտրոնի  նեյրոֆիզիոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Չախոյանը:


–   Ի՞նչ է ուսումնասիրում նեյրոֆիզիոլոգիան:


–   Նեյրոֆիզիոլոգիան ուսումնասիրում է կենտրոնական եւ պերիֆերիկ  նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը: Այն իր մեջ ընդգրկում է գլխուղեղի հետազոտության էլեկտրաէնցեֆալոգրամա մեթոդը: Նեյրոմիոգրաֆիան նույնպես ներառում է նեյրոֆիզիոլոգիայի բնագավառը, որը պերիֆերիկ նյարդային համակարգի, նյարդերի ու մկանների ուսումնասիրությունն է: Եթե մարդու գլխուղեղում կան ուռուցքներ, նեյրոֆիզիոլոգան չի կարող միանշանակ բացահայտել, քանի որ ոչ թե կառուցվածքային, այլ ֆունկցիոնալ հետազոտություն է:


Ուսումնասիրությունը կատարվում է հատուկ տեխնիկայի միջոցով. գլխուղեղի մազածածկ տարածքին փակցվում են էլեկտրոդներ, որոնք  դրվում են աջ եւ ձախ ուղեղի բոլոր բլթերի վրա: Ուսումնասիրության ընթացքում ստանում ենք գիր, որոնք արտահայտվում են ալիքների տեսքով:


Նեյրոֆիզիոլոգիան իրականացնում է նաեւ էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, որը պերիֆերիկ նյարդերի ու մկանների հետազոտությունն է: Բոլոր տեսակի պերիֆերիկ նյարդերի հետ կապված հիվանդությունները՝ պոլինեյրոպաթիաներ, մոնոնեյրոպաթիաներ, նյարդամկանային հաղորդչականության խանգարումներ եւ այլ հիվանդություններ եւս հնարավոր է որոշել այս մեթոդով: էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մասն է կազմում միոգրաֆիան` մկանի ուսումնասիրությունն ասեղի միջոցով:


–   Ո՞վքեր են դիմում նեյրոֆիզիոլոգներին:


–   Մեզ հիմնականում դիմում են նյարդաբանական, նեյրովիրաբուժական  խնդիրներ ունեցող,  պացիենտները: Կիրառվում է նաեւ հոգեբուժության պրակտիկան:


–   Ո՞ր դեպքերն են առավել հաճախակի:


–   Առավել հաճախ դիմում են էպիլեպսիայով հիվանդները: Սարքի միջոցով կարողանում ենք որոշել, թե տվյալ անձն էպիլեպսիայի որ տեսակով է տառապում, ինչ տեղակայվածություն ունի: Շատ կարեւոր է գտնել հիվանդության օջախը, որն անհրաժեշտ է եւ՛ ախտորոշման, եւ՛ բուժման գործընթացում: Քանի որ էպիլեպսիայի յուրաքանչյուր դրսևորում պահանջում է համապատասխան դեղորայքային բուժում, ապա այս պարագայում ներյրոֆիզիոլագիական ԷԷԳ (էլեկտրաէնցեֆալոգրաֆիա) մեթոդն ուղղակի անփոխարինելի է` օջախի տեղակայումը հաստատելու համար:


–   Ի՞նչ ախտանշանների դեպքում են իրականացվում էնցեֆալոգրամայի եւ նեյրոմիագրաֆիայի:


–   Էնցեֆալոգրամայի մեթոդով ախտորոշում հիմնականում իրականացվում է այն պացիենտների մոտ, ովքեր գանգատվում են գլխացավերից, գլխապտույտներից, գիտակցության կորստից, իսկ նեյրոմիագրաֆիա կատարվում է պացիենտների մոտ, ովքեր գանգատվում են ձեռքերի կամ ոտքերի թուլությունից, թմրածությունից:


–   Ո՞ր մասնագետների հետ են համագործակցում նեյրոֆիզիոլոգներն իրենց պրակտիկայում:


–   Հիմնական համագործակցութունը լինում է նյարդաբանների եւ նեյրովիրաբույժների հետ: Նյարդաբանները կասկածի դեպքում, ախտորոշումը հաստատելու կամ բացառելու համար պացիենտին ուղեգրում են նեյրոֆիզիոլոգի մոտ` հետազոտության:

28.08.2017