«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Այսօր Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով «Արմենիա» ԲԿ ադմինիստրացիան շնորհավորում է էնդոկրինոլոգիայի ոլորտում աշխատող բոլոր բուժաշխատողներին, ովքեր կատարած աշխատանքի շնորհիվ իրենց ներդրումն ունեն խնդրի դեմ պայքարում:

 

Առաջին անգամ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) նշվել է 1991 թ., որի նախաձեռնողներն էին Միջազգային դիաբետային դաշնությունը (International Diabetes Federation) և  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (World Health Organization): Պատճառն ամբողջ աշխարհում դիաբետով հիվանդանալու աճի վտանգն է:

 

1922 թ. հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը (Frederick Banting) առաջին անգամ պատմության մեջ կատարեց ինսուլինի ներարկում՝ փրկելով 14-ամյա տղայի կյանքը, ով տառապում էր շաքարային դիաբետի ծանր ձևով: Ինսուլինի արտոնագիր ստանալու և արդյունքում հեքիաթային կերպով հարստանալու փոխարեն՝ Բանտինգը բոլոր իրավունքները տալիս է Տորոնտի համալսարանին: Հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցվում են բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին, և 1922 թ. վերջին նոր դեղը հայտնվում է դեղերի շուկայում:

 

Երկար դարեր մարդիկ չգիտեին այս հիվանդության դեմ պայքարելու միջոցները, և «շաքարային դիաբետ» ախտորոշումը հիվանդին ոչ մի հույս չէր թողնում ոչ միայն առողջացման, այլև ապրելու. առանց ինսուլինի՝ այն հորմոնի, որն ապահովում է հյուսվածքների կողմից գլյուկոզայի յուրացումը, հիվանդ օրգանիզմը չի կարող գոյատևել և  մատնված է դանդաղորեն մարելու: 

 

Ֆրեդերիկ Բանտինգի և նրա գործընկերոջ Չարլզ Բեսթի (Charles Best) բացահայտումը փրկեց միլիոնավոր մարդկանց կյանքեր: Չնայած շաքարային դիաբետը մինչ օրս բուժելի չէ, ինսուլինի շնորհիվ մարդիկ սովորել են այս հիվանդությունը վերահսկողության տակ պահել:

1923 թ. ճանաչելով 20-րդ դարի առաջին մեծ նվաճումը բիոքիմիայի և բժշկության բնագավառում՝ Բանտինգին և Մակլեոդին (Macleod) շնորհվեց Նոբելյան մրցանակ:

 

 

14.11.2017