Լուրեր
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի արդյունքների ու գաղտնիքների մասին բժիշկները ցանկացել են կիսվել մյուս կլինիկաների գործընկերների հետ կազմակերպված շնորհանդեսի շրջանակում: Այս նախաձեռնության մասին զրուցեցինք «Արմենիա» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ:
– Ի՞նչ նպատակով է նման շնորհանդես կազմակերպվել:
– Առաջին անգամ է, որ նման միջոցառում ենք նախաձեռնել: Այս շնորհանդեսը մեր բաժանմունքի կողմից է կազմակերպվել, որի միջոցով ցանկանում ենք ներկայացնել ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած անոթային, մասնավորապես` էնդովասկուլյար վիրահատությունների տեսակներն ու ծավալը: Շնորհանդեսի նպատակն է մայրաքաղաքի այլ հիվանդանոցների էնդովասկուլյար միջամտություններ իրականացնող անոթային վիրաբույժներին ներկայացնել մեր կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ստեղծել փորձի ու մասնագիտական գիտելիքների փոխանակման համագործակցություն: Շատ կարեւոր է, որպեսզի գործընկերներով ունենանք մասնագիտական համագործակցություն:
– Նման կարգի շնորհանդեսները կլինե՞ն շարունակական եւ ինչո՞ւ կարեւորեցիք այն:
– Մեր կողմից ցանկություն կա, որպեսզի այն կրի շարունակական բնույթ: Ըստ իս, տեղեկատվություն տարածելը` նաև մասնագիտական փորձի փոխանակման առումով, կարեւոր է եւ նման շնորհանդեսն այդ խնդիրը լուծելու ճանապարհներից մեկն է: Վիրահատությունների ծավալներից ելնելով` այն կդարձնենք ավանդույթ եւ հնարավոր է, որ համագործակցենք արտերկրի մեր գործընկերների հետ նույնպես:
– Շնորհանդեսին վիրահատված հիվանդները նունպե՞ս հրավիրված էին:
– Ներկա էր միայն բժշկական անձնակազմը, նպատակահարմար չգտանք հիվանդների ներկայությունն ապահովենք, քանի որ սա մասնագիտական աշխատանքներին վերաբերող շնորհանդես է:
– Ո՞րն է «Արմենիա» ԲԿ կողմից իրականացրած էնդովասկուլյար վիրահատությունների առանձնահատկությունը:
– Մեր բաժանմունքում նախկինում իրականացվում էին միայն բաց վիրահատություններ: Առհասարակ, բաց վիրահատություններն իրենց բնույթով տրավմատիկ են, հիվանդները օրեր շարունակ պառկում են հիվանդանոցում, հետվիրահատական բարդություններն առավել ռիսկային են: Ներկայումս կատարվում են նաև փակ՝ էնդովասկուլյար վիրահատություններ, որոնք իրենց տեսակով ավելի արագ ապաքինվող են եւ հիվանդը մեկ կամ երկու օրից դուրս է գրվում հիվանդանոցից:
– Վիրահատությունների նորամուծությունների հետ կապված ի՞նչ հեռանկարներ ունեք:
– Նպատակ կա ընդլայնել վիրահատությունների ծավալը՝ ընդգրկելով գլխի, որովայնի ու այլ տեղակայման անոթները։