«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը

Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը

1. Ի՞նչ է կաթվածը:


Ուղեղի կաթվածը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, վիճակ է, երբ տարբեր ախտաբանությամբ հիվանդի մոտ զարգանում է ուղեղի ֆունկցիայի խանգարում: Կաթվածները տարաբաժանում են երկու հիմնական խմբի՝ իշեմիկ և հեմոռագիկ, որոնք տարբերվում են առաջացման մեխանիզմով:


Համաշխարհային առողջապահական կազմակերպության վիճակագրական տվյալներով նյարդաբանական հիվանդությունների սանդղակում կաթվածներն առաջին տեղում են:

2. Ի՞նչ է տեղի ունենում կաթվածի ժամանակ


Իշեմիկ կաթվածը զարգանում է ուղեղի որոշակի հատվածում անոթների սպազմի պատճառով սնուցման խանգարման արդյունքում, իսկ հեմոռագիկ կաթվածը զարգանում է տարբեր պատճառներից անոթի վնասման արդյունքում ուղեղի տարբեր հատվածներում արյան կուտակման հետևանքով: Եթե արյունն անոթից անցնում է ուղեղանյութ, առաջացնում է պարենխիմատոզ արյունազեղում: Եթե արյունը կուտակվում է կարծր թաղանթի տակ, առաջացնում է սուբդուրալ հեմատոմաներ, որոնք առավել հաճախ զարգանում են գանգուղեղային տարբեր վնասվածքների արդյունքում: Եվ երրորդ տարբերակ, երբ արյունը կուտակվում է ոստայնաթաղանթի տակ` առաջացնելով սուբարախնոիդալ արյունազեղում:

3. Ինչպե՞ս որոշել, որ մարդու մոտ կաթված է զարգանում:


Ինսուլտը (կաթված) սուր զարգացող հիվանդություն է, ինպես սրտամկանի ինֆարկտը (կաթված), այսպես ասած` ինսուլտն էլ ուղեղի ինֆարկտն է: Կաթվածից առաջ կարող են լինել նախանշաններ, բայց՝ ոչ միշտ: Այն զարգանում է հանկարծակի, ընդ որում, իշեմիկ կաթվածներն ավելի հաճախ լինում են գիշերը կամ վաղ առավոտյան, երբ հիվանդը մահճակալից իջնելիս նկատում է, որ, օրինակ, ոտքը չի շարժվում և անգամ կարող է ընկնել:

4. Ի՞նչ գործոններ են նպաստում կաթվածի զարգացմանը:

 

Կան գործոններ, որոնք նպաստում են կաթվածի առաջացմանը և կարևոր է դրանց իմացությունն` այն կանխելու համար:

 

Գործոններ են.

 

  • զարկերակային հիպերտենզիան՝ բարձր ճնշումը, որը մեծ տոկոս է կազմում ազգաբնակչության շրջանում,
  • աթերոսկլերոզը` ներուղեղային և արտաուղեղային անոթների սկլերոզը, որի պատճառով անոթները նեղանում են և ուղեղը բավարար քանակությամբ արյուն չի ստանում,
  • շաքարային դիաբետը՝ նենգ հիվանդություն, որի բարդություններից, եթե ոչ առաջինը, ապա երկրորդը կաթվածն է:
  • ալկոհոլի և ծխելու չարաշահումը, սխալ սննդակարգը, որը բերում է քաշի ավելացման և գիրացման,
  • ապրելակերպը՝ նստակյաց կյանքը նույնպես նպաստում է կաթվածի առաջացմանը:
  • հիպերխոլեսթերինեմիան, որի հետևանքով անոթների պատերին առաջանում են թիթեղիկներ՝ նստվածք, ինչը կարող է փակել անոթի լուսանցքը կամ` մասնակի, կամ` ամբողջովին, դրա հետ կապված առաջացնելով կամ` թեթև, կամ` ծանր արտահայտված կաթված:
  • ռիսկի գործոններից է հասուն տարիքը,
  • երիտասարդ տարիքում երբեմն ռևմատիզմը կարող է նպաստել կաթվածի առաջացմանը, քանի որ առաջացնում է ուղեղի անոթների ռևմատիկ ախտահարում՝ վասկուլիտներ, թրոմբոէմբոլիաներ:

 

 

Ի՞նչ պետք է իմանալ կաթվածի մասին. հարցերին պատասխանում է նյարդաբան Էմմա Հարությունյանը


5. Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն:


Կաթվածի առաջացման դեպքում պետք է անմիջապես զանգահարել շտապ օգնություն: Իսկ մինչ այդ հարկ է չափել զարկերակային ճնշումը (յուրաքանչյուր ընտանիքում տոնոմետր՝ արյան ճնշման չափման սարք ունենալը պարտադիր է) և ունեցած դեղորայքով փորձել իջեցնել ճնշումը, որպեսզի սկսված գործընթացը հնարավորին չխորանա: Հաջորդ քայլը շտապ օգնության միջոցով պարտադիր հոսպիտալիզացիան է: Ոչ մի կաթված տնային պայմաններում չի կարելի բուժել: Կաթվածը լրջագույն ախտաբանություն է և միայն ստացիոնար պայմաններում պետք է կազմակերպել բուժումը, ավելին` բուժումը պետք է շատ արագ կազմակերպել, որովհետև ներկայում կիրառվում է իշեմիկ կաթվածի բուժման նոր մեթոդ` թրոմբոլիզիս, և եթե պացիենտն առաջին երեք ժամերի ընթացքում դիմում է կլինիկա, այս մեթոդով հնարավոր է  վերացնել օջախը:

6. Ինչպե՞ս ապահովագրվել կաթվածից:


Պետք է բացառել կամ հնարավորին մեղմացնել կաթվածին նպաստող գործոնները: Անհրաժեշտ է առողջ ապրելակերպ պահպանել՝ քայլել, վազել, զբաղվել լողով, ճիշտ սնվել՝ չչարաշահել ճարպերի օգտագործումը, հսկողության տակ պահել արյան ճնշումը, իսկ զարկերակային գերճնշում ունեցող պացիենտները կանոնավոր օգտագործեն հիպոտենզիվ դեղորայք:

7. Եթե կան հաճախակի գլխացավեր, ուրեմն կա կաթվածի զարգացման հավանականությո՞ւն:


Սխալ է այն պատկերոցումը, որ եթե հիվանդի մոտ կան գլխացավեր, դա արդեն կաթվածի զարգացման ուղղակի պատճառ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կաթվածը սուր զարգացող հիվանդություն է:  Հաճախակի գլխացավերով հիվանդը, իհարկե, անպայման պետք է դիմի նյարդաբանի, որպեսզի համապատասխան հետազոտությունների արդյունքում հայտնաբերվի գլխացավի պատճառը: Օրինակ, անևրիզմայի ժամանակ, որն առավել հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքում, ունենում են գլխացավեր և ժամանակին բժշկի չդիմելու ու չախտորոշելու դեպքում կարող է հանկարծակի հանգեցնել հեմոռագիկ կաթվածի: Իշեմիկ կաթվածների ժամանակ գլխացավերը բնորոշ չեն:

8. Մեկ անգամ կաթված տարած հիվանդին ինչպե՞ս պաշտպանել կրկնակի կաթվածի վտանգից:


Ախտաբանական գործոնների դեմ պայքարելով կարելի է նվազեցնել կաթվածի զարգացման հավանականությունը, սակայն բացառել անհնար է:

9. Ինչպիսի՞ն պետք է լինի կաթված տարած մարդու ապրելակերպը:

 

Կաթված տարած հիվանդների մեծամասնությունը կլինիկայից դուրս է գրվում նյարդաբանական խնդիրներով` այսինքն, ախտահարված հատվածին բնորոշ ախտանիշներով, օրինակ`վերջույթների թուլությամբ կամ ֆունկցիայի խանգարումով:


Մնացորդային ախտաբանական երևույթները նվազեցնելու համար հիվանդը բուժման հիմնական կուրսից հետո պետք է վերականգնողական բուժում ստանա՝ բուժական ֆիզկուլտուրա, մերսում և այլն: Թե որքանով է հնարավոր արդյունքում վերջույթի ֆունկցիան վերականգնել, դա դժվար է կանխատեսել:

10. Կարո՞ղ է կաթված զարգանալ մինչև 30 տարեկան անձանց մոտ:

 

Կաթվածի զարգացման հավանականությունը և նրան նպաստող գործոնները մեծ տարիքում առավել շատ են, բայց, ցավոք, ներկայում տարիքային սահմանափակումներն այդքան էլ մեծ դեր չունեն: Եթե նախկինում հնարավոր էր հայտարարել, որ կաթվածն ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, ապա այժմ երիտասարդների մոտ ևս հաճախացել է: Երիտասարդ տարիքում մեծ թիվ են կազմում չախտորոշված անևրիզմաները, ռևմատիզմը, ընդ որում, առաջին դեպքում կարող է զարգանալ հեմոռագիկ, իսկ երկրորդ դեպքում` իշեմիկ կաթված: Սուբարախնոիդալ արյունազեղումները նույնպես հաճախ են զարգանում երիտասարդների մոտ:

11. Կա՞ ժառանգական նախատրամադրվածություն կաթվածի առաջացման գործընթացում :

 

Կաթվածն, ինքնին, ժառանգական հիվանդություն չէ, սակայն դրան նպաստող հանգամանքները կարող են փոխանցվել ժառանգականությամբ:

23.01.2018