«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Եզակի վիրահատություն ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ժամանակ՝ դրական ելքով

Եզակի վիրահատություն ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ժամանակ՝ դրական ելքով

«Արմենիա» ՀԲԿ 2-րդ ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Արմինա Նալբանդյանը, ասիստենտներ Գեւորգ Սիմոնյանը եւ Վահե Հակոբյանը կատարել են ենթաստամոքսային գեղձի եզակի վիրահատություն, որն, ըստ ներկայացված տվյալների, առաջինն է Հայաստանում: Վիրահատության առանձնահատկությունն այն է, որ կատարվել է գեղձի ոչ թե մասնակի, այլ ամբողջական հեռացում։ Երկու տարի անց վիրաբույժները վստահ կարող են ասել՝ վիրահատությունը դրական արդյունք ունի:

Մեզ հետ զրույցում նրանք ներկայացրեցին, թե ինչ խնդիրներ է ունեցել հիվանդը, եւ ինչ արդյունք է տվել վիրահատությունը:

2015 թվականի դեկտեմբերի 17-ին վիրահատական բուժման նպատակով «Արմենիա» ՀԲԿ դիմել է պացիենտ` 1951 թ. ծնված, ում մոտ պատահաբար հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղ: Նա Ամանորը դիմավորել էր հիվանդանոցում, դուրս է գրվել 2016 թ. հունվարի 18-ին:

64-ամյա պացիենտի մոտ առկա էր ուղեկցող հիվանդություն՝ ծանր աստիճանի երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Աջակողմյան հատվածում առաջացած ցավերի պատճառով  նրա մոտ ախտորոշվել էր խոլեցիստիտ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում իրականացված սոնոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղ: Հետագայում ախտորոշումը հաստատվել է նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) միջոցով:

ՀՏ հետազոտության տվյալների հիման վրա վիրաբույժները որոշում են կայացնում նրան պատրաստել վիրահատության:

Գոյություն ունի ուռուցքից առաջացած ախտաբանական վիճակ, երբ հնարավոր է հեռացնել օրգանի մի մասը, այլ դեպքերում հեռացվում է ամբողջ օրգանը: Այս դեպքում ամբողջ գեղձը փոփոխված էր, եւ ենթաստամոքսային գեղձն ամբողջովին հեռացնելն (պանկրեատէկտոմիա) անհրաժեշտություն էր: Բժիշկները գնացին այդ քայլին: Սկզբունքորեն, մեծ ծավալի վիրահատություն էր, տեւել է չորսուկես ժամ:
Բժիշկների մոտ կար մտահոգություն, որ վիրահատությունից հետո հնարավոր է շաքարային դիաբետի բարդացում, մարսողության խանգարում, սակայն, բարեբախտաբար, հետվիրահատական շրջանն ընթացավ առանց բարդությունների: Թեպետ հիվանդն ամբողջ կյանքում ստիպված է որոշակի դեղեր ընդունել, սակայն դրանք այն դեղերն են, որոնք յյուրաքանչյուրն ընդունում է գանգատներ ունենալու դեպքում։


Հիվանդը ներկայում գտնվում է էնդոկրինոլոգների հսկողության տակ, գրեթե շեղումներ չկան։ Երկու տարվա ընթացքում ՀՏ հետազոտությամբ մետաստազներ չի հայտնաբերել:  Ուռուցքաբանների դիտարկումները և այլ հետազոտություները ցույց են տվել, որ հակագեները նորմալ վիճակում են, օնկոմարկերը նորմայի սահմանում է։

Չմոռանանք վերջում ընդգծել, որ որքան շուտ հիվանդը դիմի բժշկի, այնքան ավելի շատ հնարավոր կլինի խուսափել բարդություններից:

31.01.2018