Բրոնխոսկոպիա
Բրոնխոսկոպիան (բրոնխների ակնադիտում) միակ հետազոտությունն է, որը թույլ է տալիս զննել բրոնխները` ներսից: Այդ հետազոտությունն իր ուրույն տեղն ունի բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում: Բրոնխոսկոպիան, մեծավ մասամբ, կատարվում է տեղային անզգայացման ներքո: Բրոնխոսկոպը կարելի է անցկացնել քթով կամ բերանի խոռոչով: Սարքն անցնում է ձայնաճեղքը, շնչափողը և դիտվում է ամբողջությամբ բրոնխիալ ծառը:
Բրոնխոսկոպիան կատարվում է թոքերի գոյացությունների կասկածի, բրոնխոստենոզների, ատելեկտազների անհայտ պատճառականության, թոքերի խրոնիկական բորբոքային հիվանդությունների, արյունախխման, թոքերի դիսիմինացված հիվանդությունների ժամանակ:
Բրոնխոսկոպիայի ժամանակ բրոնխներից վերցվում է բրոնխների արտազատուքը մանէաբանական հետազոտությունների և հակաբիոտիկների զգայունությունը որոշելու համար, ինչպես նաև` հայտնաբերելու թոքերի տուբերկուլոզի հարուցիչը:
Բրոնխոսկոպիայի ժամանակ կատարվում է նաև բիոփսիա` բջջաբանական և հյուսվածքաբանական հետազոտության համար` որոշելու գոյացության տեսակը:
Ներկայացված տեսաբրոնխոսկոպը և պրեմիում HD պրոցեսորը բարձր հնարավորությունների սահմաններում թույլ է տալիս ստանալ առավել հստակ պատկեր, մեծացնել տեսադաշտը՝ հեռվից տեսնելու ավելի խորը տեղակայված ախտաբանական փոփոխությունները:
I-S CAN թվային տեխնոլոգիան և վիրտուալ բրոնխոսկոպն ավտոմատ ընտրում է լավագույն պատկերը և հնարավորություն է ընձեռում այն արագ ստանալ, արտացոլել իրական ժամանակում, ինչը կարևորագույն նշանակություն ունի առկա ցանկացած ախտաբանական փոփոխությունները արագ և վաղ հայտնաբերելու գործում: