Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի վերջերս բացված բաժանմունքը լիովին նոր ծառայություն է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Չնայած դրան, բաժանմունքում ներգրավված են ոչ թե սկսնակ բժիշկներ և միջին բուժանձնակազմ, այլ տարիների փորձ ունեցող հմուտ և փորձված մասնագետներ Երևանի տարբեր հիվանդանոցներից, որի կորիզն են կազմում նախկին վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի փորձառու աշխատակիցներ: Բոլորն այս բնագավառում երեխաների հետ աշխատելու երկարատև փորձ ունեն:
Կատարվում է հնարավորը`ապահովելու որակյալ, մասնագիտացված օգնություն մեր փոքրիկներին՝ ինչպես օրթոպեդիկ, այնպես էլ՝ վնասվածքների արդյունքում ստացած խնդիրների ժամանակ: Բաժանմունքը տեղակայված է հիվանդանոցի առաջին հարկում:
Իրականացվող ծառայությունների ծավալը
Մանկական օրթոպեդիայի բաժանմունքում շուրջօրյա ընդունվում և բուժվում են տարբեր կոտրվածքներով, վնասվածքներով և բնածին արատներով երեխաներ, կատարվում է վերին և ստորին վերջույթների վնասվածքների բոլոր տեսակի վիրահատությունների ամբողջ ծավալը, կիրառվում են ժամանակակից իմպլանտներ:
Բաժանմունքում կատարվում են երեխաների և դեռահասների խորհրդատվություն, կոնսերվատիվ և վիրահատական, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների բուժում՝ պետպատվերի շրջանակներում.
- ծուռվզություն,
- ծուռթաթություն,
- սինդակտիլիա,
- պոլիդակտիլիա,
- մանկական ուղեղային կաթված,
- ճաճանչային և դաստակային ծուռձեռություն,
- ազդրի բանծին հոդախախտ,
- վերջույթների հետտրավմատիկ դեֆորմացիա և կարճություն,
- վերին և ստորին վերջույթների հոդերի շարժումների սահմանափակում,
- ոսկրերի հետտրավմատիկ ոչ սերտաճած կոտրվածքներ,
- հենաշարժիչ համակարգի բարորակ ուռուցքներ,
- ծնկան հոդի արթրոսկոպիա:
Վիրահատությունները կատարվում են ժամանակակից սարքերով հագեցած վիրահատարաններում, որը նպաստում է հենաշարժիչ համակարգի ֆունկցիոնալ վերականգնմանը:
Հետվիրահատական շրջանում անց են կացվում վերականգնողական համակարգային բուժումներ:
Վիրահատական միջամտությունները
Ընդունվում են մանկական ուղեղային կաթվածով երեխաներ, որոնք ունեն վերջույթների կոնտրակտուրաներ, քայլքի բիոմեխանիկայի խախտման հետ կապված այլ խնդիրներ: Բուժման ժամանակ ընտրվում է լավագույն մոտեցումը` կոնկրետ բուժառուի համար, քանի որ այս հիվանդության դեպքում չկան երկու միանման ախտահարում և բուժման մոտեցում: Կատարվում է առավելագույնը. նախ` վերտիկալացմամբ, ապա` քայլ առ քայլ կարգավորման կիրառմամբ, երեխային առավելագույն նորմայի սահմաններում քայլել սովորեցնելու համար:
Օրթեզավորման հարցերում համագործակցում ենք ոլորտի առաջատար «Լույս բարի» կազմակերպության հետ: Յուրաքանչյուր հիվանդի համար ընտրվում է անհրաժեշտ օրթեզ կամ այլ օրթոպեդիկ պարագա, կատարվում է անհրաժեշտ օրթեզավորում և կորսեթավորում` պետպատվերի շրջանակում:
Ունենք նաև մեծ թվով ազդրի բնածին հոդախախտով երեխաներ, որոնց բուժումը սկսվում է ծնված օրից: Իրականացվում է կոնսերվատիվ բուժում և կոնքազդրային հոդի ցանկացած տեսակի վիրահատական ռեկոնստրուկցիա: Արդեն բավականին մեծ ծավալի ռեկոնստրուկցիաներ են կատարվել «Արմենիա» ՀԲԿ նոր վերանորոգված և ժամանակակից սարքերով հագեցած վիրահատարանում:
Բարորակ ուռուցքները և ուռուցքանման հիվանդությունները միջանկյալ ախտաբանություն են: Վիրահատություններն իրականացվում են փոքր ինվազիվ և մեծ ծավալի ոսկրային դեֆեկտների, դեֆիցիտների և ուռուցքների հեռացման ու ոսկրապլաստիկ նյութերով փոխարինման եղանակներով:
Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև իմպլանտների օգնությամբ թուլացած ոսկրերի պատերի ամրացում: Գործում է ախտաբանական ծառայություն և բոլոր հեռացված նյութերն անպայման անցնում են ախտահյուսվածաբանական հետազոտություն:
Առանձին տեղ են գրավում երեխաների մոտ ծնկան հոդի արթրոսկոպիաները, ինչը նոր ուղղություն է մանկաբուժության մեջ: Շատ ծնողներ լուրջ չեն վերաբերվում ծնկան հոդում հոդասկավառակի (մենիսկի) վնասվածքներին, կարծելով, որ ժամանակի ընթացքում այն կանցնի, բայց խնդիրը գնալով ավելի է խորանում և լրջանում:
Ծնկան հոդի վնասվածքների դեպքում պետք է շտապ դիմել վնասվածքաբանի: Երբ ծնկան հոդն այտուցվում է և լցվում արյունով, նշանակում է առկա ներհոդային վնասվածք կամ պատռվածք և այն պետք է բուժել: Նման դեպքերում ընդունված է բուժել հոդի խոռոչի չորացմամբ, որը ճիշտ մոտեցում չէ: Արթրոսկոպիան թույլ է տալիս երեխաների մոտ նվազագույն կտրվածքով հասնել մեծ արդյունքների:
Բաժանմունք հագեցվածությունը
Ե՛վ տարածքային, և՛ աշխատանքային, և՛ սպասարկման, և՛ սենյակային պայմանները լիովին բավարարում են պահանջվող աշխատանքների իրականացմանը: Բաժանմունքը, վիրահատարանները նոր վերանորոգված են, ապահովված են անհրաժեշտ նոր սարքերով, տեխնիկայով, հարմարեցված է երեխաներին` անհրաժեշտ գույքով և իրերով: Ունի 25 մահճակալ, դեղորայքը, բոլոր նյութական պարագաները համապատասխանում են միջազգային չափանիշներին: