«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Իշիաս (նստանյարդի բորբոքում)

Իշիաս (նստանյարդի բորբոքում)

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Ցավը դիտվում է նյարդի ամբողջ ընթացքով և առաջացնում է հենաշարժական խանգարումներ:

 

Նստաներվը սկիզբ է առնում ողնաշարի գոտկային հատվածից և իջնում ստորին վերջույթներ՝   կոնքազդրային հատված, սրունքներ և ոտնաթաթեր։

 

Հիվանդությունն անվանում են նյարդաբորբ (իշիաս)։ Այն մեծ տարածվածություն ունի աշխարհի ամբողջ բնակչության շրջանում։

 

Ախտանշանները

 

  • Գոտկատեղի, ազդրերի, սրունքների, ոտնաթաթերի թմրածություն,
  • զգացողության իջեցում,
  • մարմնի վերոնշյալ մասերում մկանների թուլություն,
  • ողնաշարի ստորին շրջանում՝ այտուցվածություն,
  • ոտքերում՝ պարեսթեզիաներ, ոտնաթաթերի քրտնոտություն,
  • ջերմության բարձրացում,
  • մաշկի գրգռվածություն,
  • խանգարվում են նաև մարսողությունը, միզարձակումը, 
  • արյան մեջ բարձրանում է հեմոգլոբինը:

 

Ախտաբանությունը հանկարծակի առաջանում է տրավմայի հետևանքով: Այլ դեպքերում հիվանդությունը զարգանում է դանդաղ։

 

Ամենակարևոր ախտանշանը տարբեր բնույթի ցավն է՝ ծակող, գնալով աճող կամ կտրուկ սպազմով, կոտրատվածության զգացումով և այլն, ոտնաթաթերում այրոցով, փոքր կոնքի շրջանում՝ ծանրության զգացումով:

 

Հաճախ դիտվում է նյարդի միակողմանի ճնշում, երբեմն՝ երկկողմանի:

 

Ցավից բացի բուժառուն գանգատվում է նաև․

 

  • մի դիրքում երկար մնալու դժվարությունից,
  • ստորին վերջույթների շարժունակության խանգարումից,
  • զգացողության կորստից և մկանային թուլությունից,
  • ինքնազգացողության վատացումից։


Նպաստող գործոնները

 

  • Օստեոխոնդրոզ և միջողային սկավառակների դիսֆունկցիա առաջացնող ողնաշարի այլ խնդիրներ,
  • միջողային սկավառակների ճողվածքի ճնշում նստաներվի վրա,
  • բնակչության գրեթե 90 տոկոսը տառապում է ողնաշարային խողովակի ստենոզով, որը նստաներվի ճնշման պատճառ է,
  • միջողային սկավառակի տեղաշարժ՝ տրավմայի հետևանքով,
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածությյուն, որն առաջացնում է մկանային լարվածություն և սպազմ (հաճախ նստատեղում) , ինչը կոչվում է տանձաձև մկանի համախտանիշ,
  • նյարդային վերջույթների շրջանում՝ ոսկրերի վնասում։
 

Նստաներվի բորբոքում կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների բարձիթողի փուլում (տուբերկուլոզ, թոքաբորբ, գրիպ), գերսառեցման արդյունքում:

 

Նպաստող գործոններից են հորմոնալ խանգարումները (շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, խպիպ, ճարպակալում), աուտոիմուն խանգարումները: Նորագոյացությունները ևս աճման արդյունքում կարող են նյարդի ճնշման պատճառ դառնալ:
Նստաներվի խնդիրների առաջացման մեջ դեր ունեն նաև մասնագիտական գործոնը, քիմիական նյութերի ազդեցությունը, որոշակի դեղերի օգտագործումը, վնասակար սովորությունները (ալկոհոլի օգտագործումը, ծխելը), նստակյաց ապրելակերպը:

 

Բարդությունները


Ուշ շրջանում կարող են դիտվել.

  • մկանների ատրոֆիա,
  • օստեոպորոզ,
  • փոքր կոնքի օրգանների դիսֆունկցիա,
  • կանանց մոտ գինեկոլոգիական խնդիրներ,
  • ստամոքս-աղիքային խանգարումներ,
  • մասնակի կամ լրիվ կաթված։


Ախտորոշումը


Անհրաժեշտ է նյարդաբանի, թերապևտի, օրթոպեդի խորհրդատվություն:


Հիվանդի զննումից հետո նշանակվում են հետևյալ հետազոտությունները.

  • ռենտգեն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել դիստրոֆիկ-դեգեներատիվ փոփոխությունները (սպոնդիլոլիսթեզ, օստեոխոնդրոզ, ուռուցքի առկայություն, ախտաբանական աճեր)
  • hամակագչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա. օգնում են տեսնել ամենափոքր շեղումներն անգամ,
  • լաբորատոր հետազոտություններ (արյան ընդհանուր և կենսաքիմիական):

 

Բուժումը


Նշանակվում է դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ, բուժական մարմնամարզություն, մերսում:
Որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև վիրահատական միջամտություն:

25.07.2023