«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից

Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ հենաշարժական համակարգի խանգարումների հետևանք լինի:


Մեջքի ցավի դեպքում կան 5 կարևոր ախտանշաններ, երբ անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի.

 

  • բարձր ջերմություն,
  • տնքացող և խորը տեղակայման ցավ,
  • մշտական ցավ,
  • տաքացնող քսուքների անարդյունավետություն,
  • միզարձակության հետ կապված խնդիրներ։
 

Բարձր ջերմություն


Եթե հիվանդ են երիկամները, ցավն արտահայտվում է միակողմանի՝ կողերից ներքև: Բացի այդ, վիճակը բարդանում է ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ, զարկերակային բարձր ճնշումով, սարսուռով և գլխացավով: Հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում այս ախտանշանները հազվադեպ են:


Տնքացող և խորը տեղակայման ցավ


Մեջքի մկանների և ողնաշարի ցավը հաճախ մակերեսային է: Այն ավելի հաճախ ձգող, կրակող, դեպի ստորին վերջույթներ ճառագայթող բնույթ ունի և երբեմն ուղեկցվում է թմրածության զգացողությամբ:


Երիկամների խնդիրների ժամանակ ցավն ավելի ուժեղ է և խորը տեղակայված: Հաճախ այն տնքացող է, բութ և ճառագայթում է դեպի աճուկ կամ ենթազստային շրջան:


Մշտական ցավ


Մկանների և ողնաշարի վնասվածքների ժամանակ ցավը կարող է ուժեղանալ կամ թեթևանալ՝ կապված մարմնի դիրքից:

 

Երիկամների հիվանդությունների դեպքում ցավը մշտական է, անկախ այն բանից՝ նստա՞ծ եք, թե՞ կանգնած: Բացառություն է միայն երիկամային խիթը, որի դեպքում ցավը նոպայաձև է:


Տաքացնող քսուքների անարդյունավետություն


Որպես օրենք, ողնաշարում և մկաններում ցավը թեթևանում է այդ շրջանում տաքացնող քսուքներ քսելուց հետո: Երիկամային ցավին այդ միջոցները, բնականաբար, չեն օգնում:


Միզարձակության հետ կապված խնդիրներ


Եթե մեջքի ցավի ժամանակ միզարձակումը հաճախացած է կամ ցավոտ, անհրաժեշտ է դիմել մասնագետի: Դա ցայտուն նշան է, որ ցավի աղբյուրը հենց երիկամներն են:

07.11.2023