«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Արյան հետազոտության հիմնական ցուցանիշները

Արյան հետազոտության հիմնական ցուցանիշները

Հեմոգլոբին

Հեմոգլոբինի հիմնական գործունեությունն է թթվածնի տեղափոխումը թոքերից հյուսվածքներ և օրգաններ, ինչպես նաև՝ ածխաթթվի հեռացումն օրգանիզմից:

Հեմոգլոբինի ցածր ցուցանիշները խոսում են սակավարյունության, արյան կորստի, ներքին օրգանների վնասման, ներքին, թաքնված արյունահոսության մասին:

Հեմոգլոբինը բարձրանում է արյան, սրտի որոշ հիվանդությունների (սրտային անբավարարություն), ջրազրկման ժամանակ:

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտների մակարդակն արյան մեջ կարող է բարձրանալ ինչպես հիվանդությունների, այնպես էլ օրգանիզմի համար անսովոր պայմանների դեպքում, օրինակ, լեռնային վայրերում՝ թթվածնի մակարդակի նվազման ժամանակ:

Էրիթրոցիտների քանակի ավելացում տեղի է ունենում հետևյալ հիվանդությունների ժամանակ. սրտի արատներ (բնածին կամ ձեռքբերովի), թոքերի, բրոնխների, լյարդի, երիկամների հիվանդություններ, օրգանիզմում ստերոիդ հորմոնների մեծ քանակ, Կուշինգի հիվանդություն, հորմոնալ թերապիա:

Էրիթրոցիտների ցածր քանակ դիտվում է սակավարյունությունների, սուր արյունահոսության, օրգանիզմում քրոնիկ բորբոքումների ժամանակ և հղիության ուշ շրջաններում:

Լեյկոցիտներ

Լեյկոցիտների ամենակարևոր գործունեությունը օրգանիզմի վրա բացասական ազդեցության մակարդակը նվազեցնելն է:

Տարբերում են լեյկոցիտների 5 տեսակ․ լիմֆոցիտներ, նեյտրոֆիլներ, մոնոցիտներ, էոզինոֆիլներ, բազոֆիլներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է կոնկրետ գործունեություններ:

Լեյկոցիտների բոլոր տեսակների փոխհարաբերությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել արյան լայնածավալ հետազոտություն:

Լեյկոցիտների քանակի իջեցումը՝ լեյկոպենիան, կարող է լինել վիրուսային վարակների, դեղորայքային թերապիայի (հակացնցումային, ցավազրկող դեղեր) ժամանակ:

Թրոմբոցիտներ

Թրոմբոցիտներն արյան մակարդելիության ցուցանիշ են: Նրանց քանակի ավելացումն արյան մեջ դիտվում է քրոնիկ բորբոքային հիվանդությունների (տուբերկուլոզ, խոցային կոլիտ, լյարդի ցիռոզ), հորմոնալ թերապիայի ժամանակ, վիրահատություններից հետո:

Թրոմբոցիտների ցածր մակարդակը դիտվում է ալկոհոլի ազդեցության, ծանր մետաղներով թունավորման, արյան որոշ հիվանդությունների, երիկամային անբավարարության, լյարդի, փայծաղի հիվանդությունների և հորմոնալ խանգարումների ժամանակ: Այն կարող է լինել նաև որոշ դեղերի օգտագործման դեպքերում (հակաբիոտիկներ, միզամուղներ, դիգօքսին, նիտրոգլիցերին և այլն):

Արյան բիոքիմիական հետազոտության ցուցանիշները

Գլյուկոզա

Այս ցուցանիշը ցածր է ոչ լիարժեք և ոչ կանոնավոր սնվելու, հորմոնալ հիվանդությունների ժամանակ:

Գլյուկոզան արյան մեջ բարձրանում է շաքարային դիաբետի դեպքում:

Ընդհանուր սպիտակուց

Ընդհանուր սպիտակուցի ցուցանիշը կարող է իջնել լյարդի, երիկամների աշխատանքի խանգարման, թերսնման ժամանակ: Նրա քանակի կտրուկ նվազումը ցույց է տալիս, որ սննդակարգը չի նպաստել օրգանիզմի վիճակի բարելավմանը:

Ընդհանուր բիլիռուբին

Ընդհանուր բիլիռուբինի քանակն արյան մեջ լյարդի գործունեության ցուցանիշ է, որը բարձրանում է հեպատիտների, լեղաքարային հիվանդության ժամանակ:

Կրեատինին

Կրեատինինի քանակի որոշմամբ գնահատվում է երիկամների գործունեության վիճակը: Նորմայից բարձրացումը երիկամային անբավարարության նշան է, իջեցումը խոսում է իմունիտետի մակարդակի մասին:


05.03.2024