«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Մասնագետների համար

Ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համադրումը տարբեր սեռերի մոտ միզապարկի գերակտիվության դեպքում

Ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համադրումը տարբեր սեռերի մոտ միզապարկի գերակտիվության դեպքում

Միզապարկի գերակտիվությունը (ՄԳԱ) բավականին տարածված կլինիկական համախտանիշ է համարվում: Անմիզապահության դեմ պայքարի միջազ­գային ընկերության (ICS) տվյալներով ողջ աշխարհում այս պրոբլեմով տառապում են 50-100 մլն. մարդ: ԱՄՆ-ում ՄԳԱ-ն իր հաճախականությամբ գերա­զանցում է այնպիսի հիվանդություններին ինչպիսիք են շաքարային դիաբետը, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունը, բրոնխիալ ասթման, և գտնվում է 10 ամենատարածված հիվան­դությունների շարքում: Մի շարք հեղինակների տվյալներով հաստատվել է, որ Եվրոպական վեց երկրների չափահաս բնակչության շուրջ 17%-ը ունեն ՄԳԱ-ի ախտանիշներ:

Իսկ Ռուսաստանի Դաշնությունում իմպերատիվ միզարձակություն դիտվում է չափահաս ազգաբնակչության շուրջ 20%-ի մոտ: Ցավոք մեր հանրապեությունում չկան հստակ վիճակագրական տվյալներ ՄԳԱ-ի տարածվա­ծության և հաճախականության վերաբերյալ: Մի շարք տվյալներով հաստատվել է, որ ՄԳԱ ընդհանուր պոպուլյացիայում, մինչև 60 տ. հասակային խմբում, առավել հաճախ դիտվում է կանանց շրջանում, իսկ 60 տ-ից բարձր տարիքային խմբում նկատվում է համախտանշի աճի տենդենցիա տղամարդկանց շրջանում: Սակայն ՄԳԱ-ի ախտանիշները (այն է` հաճախամիզություն, նոկտուրիա, միզարձակման իմպերատիվ ճիգերը) հանդես են գալիս միանման, սեռից անկախ:

ՄԳԱ-ի ախտորոշման մեջ խիստ կարևոր դերակատարություն ունեն համալիր ուրո­դինամիկ հետազոտության մեթոդները, որոնք համարվում են միզապարկի լցման և դատարկման ֆունկցիաների գնահատման դինամիկ մեթոդ: Այսպիսի հիվանդների հետազոտության առավել նուրբ և ինֆորմատիվ մեթոդ է համարվում ցիստոտոնոմե­տրիան, որն առավել ծավալուն ինֆորմացիա է տալիս միզապարկի զգայական և կծկողական ակտիվության վերաբերյալ:

Տվյալ հետազոտության նպատակն է հանդիսացել ուսումնասիրելու ՄԳԱ–ի դեպքում ցիստոտոնոմետրիկ տվյալների առանձնահատկությունները` սեռից կախված: Հետազոտության են ենթարկվել 35 ՄԳԱ–ով հիվանդներ, որոնցից 24-ը (68.6%) կազմել են կանայք, իսկ 11-ը (31.4%)` տղամարդիկ: Ուրոդինամիկ հետա­զո­տություն­ները կատարվել են DANTEC ապարատի միջոցով: Դետրուզորի ակամա (անկայուն) կծկումնրը դիտվեցին հետազոտության ենթարկված ամբողջ հիվանդներից 12-ի (34.3%) մոտ: Պարզվեց, որ դետ­րու­զորի ակամա կծկման հայտնաբերման հաճա­խա­կանությունը տարբեր է: Այսպես, եթե տղամարդկանց մոտ այն ի հայտ է եկել 10-ի (83.3%), ապա կանանց շրջանում միայն 2-ի (16.7 %) մոտ:

Պարզվեց նաև, որ տղամարդկանց մոտ ակամա կծկումները, կանանց հետ համեմատած, առաջանում են միզապարկի առավել փոքր լցվածության ծավալի դեպքում, իսկ կծկումների ամպլիտուդան առավել բարձր է: Ցիստոտոնոմետրիայի տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ տղամարդկանց մոտ միզապարկի լցման ծավալները հավաստիորեն ցածր են դետրուզորի առաջին և առավելագույն ակամա կծկումների առաջացման դեպքում: Առավել զգալի տարբերություն ստացվեց առաջին և առավելագույն ակամա կծկումների ամպլիտուդների վերլուծության դեպքում, որը տղամարդկանց մոտ անհամեմատ առավել բարձր է, քան կանանց մոտ:

Միաժամանակ միզապարկի զգացողական ֆունկ­ցիան գնահատող ցիստոտոնոմետրիկ ցուցանիշների համեմատումը, այն է` միզապարկի լցման ծավալը միզարձակման առաջին, նորմալ և առավելագույն ցանկության դեպքում տղամարդկանց և կանանց մոտ շոշափելի տարբերություն չհայտնաբերվեց: Սակայն միզապարկի առավելագույն ցիստոտոնոմետրիկ ծա­վալը հավաստիորեն ցածր է տղամարդկանց մոտ: Ցիստոտոնոմետրիկ տվյալների գնահատումը արտազատման փուլում նույնպես ցույց տվեց զգալի սեռային տարբերություններ: Տղամարդկանց մոտ ստացվեց ներմիզապարկային զգալի բարձր ճնշում առավելագույն շիթի դեպքում: Տղամարդկանց մոտ առավել բարձր ներմիզապարկային ճնշումը կարելի է բացատրել միզուկային մեծ դիմադրությամբ:

 

Հեղինակ. Մ.Ռ. Սահակյան, Ա.Ա. Մուրադյան, Ա. Է. Ավոյան, Ա.Յու. Բաբլումյան, Դ.Կ. Ֆանարջյան, Հ.Հ. Պետրոսյան, ԵրՊԲՀ–ի ուրոլոգիայի ամբիոն, Արմենիա ՀԲԿ ուրոլոգիական կլինիկա


Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» - 3. 2008 (35) 64-65



08.12.2017