Լուրեր
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:
Այժմ Արմենիայում առկա ՄՌՏ սարքը վերջին սերնդի, 1,5 տեսլա հզորության Canon Vantage Orian սարքն է: Ծառայությունը գործում է ամբողջ ծավալով: Դեռևս չեն կատարվում կրծքագեղձի և սրտի հետազոտություններ, սակայն պլանավորված է ընդգրկել նաև դրանք:
Հետազոտվում են գլուխը, որովայնը, փոքր կոնքը, ողնաշարը, հոդերը, առկա է նաև մանկական ծառայություն: Ծառայության աշխատանքներում ընդգրկված է ՄՌՏ մասնագիտացում անցած 4 ռադիոլոգ:
Մանկական մասնագետը վերապատրաստվել է Կանադայում, նոր է վերադարձել և մանկական ծառայությունը ևս պատրաստ է ամբողջ ծավալով գործելու: Դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս մանկական առանձին ՄՌՏ ծառայությունը քիչ է ներդրված:
Առկա են բժիշկների սենյակ, հետազոտման սենյակ և հանդերձարաններ: Հանդերձարանում բուժառուն նախապատրաստվում է հետազոտությանը, փակվող պահարանում թողնում իր արժեքավոր, մետաղական իրերը՝ ժամացույց, հեռախոս, մետաղադրամներ, կրեդիտային քարտեր:
Առավել հաճախ ի՞նչ հիվանդություններ են հետազոտվում «Արմենիա» ԲԿ-յում
Կնտրոնում ավելի հաճախ հետազոտվում են ինսուլտները՝ իշեմիկ, հեմոռագիկ: Իշեմիկի դեպքում առավելությունն այն է, որ առաջին իսկ րոպեից հնարավոր է հստակ տեսնել օջախը և հիվանդին ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերել:
Ո՞ր ժամերին է հնարավոր ՄՌՏ հետազոտություն անցնել։
Ծառայությունն աշխատում է 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին, չկան ժամային սահմանափակումներ, և այն բուժառուները, ովքեր աշխատում են և չեն կարող հետազոտվել առավոտյան, կարող են դրա համար ներկայանալ երեկոյան կամ անգամ՝ գիշերը:
Հետազոտության համար պարտադի՞ր է բժշկի ուղեգիրը։
Եթե հիվանդը գտնվել է բժշկի հսկողության տակ, իհարկե, ներկայանում է բժշկի ցուցումով: Եվ դա միակ ճիշտ տարբերակն է, մեծամասնությունն այդպես էլ վարվում է: Այլապես, երբ առանց ուղեգրի, բուժառուի ցանկությամբ կատարվում է ողնաշարի ինչ-որ հատվածի հետազոտություն, երբեմն պարզվում է, որ այդ շրջանը բոլորովին էլ պետք չէր հետազոտել: Այդ պատճառով միշտ խորհուրդ է տրվում, որ բուժառուն ունենա բուժող բժիշկ, որը նաև հետազոտությունից հետո կզբաղվի նրա հարցերով, կորոշի բուժումը և կհսկի հիվանդության ընթացքը:
Ինչպե՞ս եք տեղեկանում վերջին նորություններին։
Կենտրոնի բոլոր բժիշկները հետևում են ՄՌՏ հետազոտությանը վերաբերող նորություններին, մասնակցում են Հայաստանում կազմակերպվող գիտաժողովներին։ Փորձում ենք նաև մասնակցել արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին: Մշտական կապ և համագործակցություն կա արտերկրի և Հայաստանի մեր գործընկերների հետ:
Հետազոտության վճարի ինչպիսի՞ համակարգ է գործում:
Հիվանդանոցում գործում է պետպատվեր: Այլ հիվանդանոցների հետ համեմատած, մեզ մոտ հետազոտությունը համեմատաբար մատչելի է, ինչով փոձում ենք բուժառուներին ավելի հասանելի լինել:
Պատերազմի մասնակիցները և նրանց ընտանիքները սպասարկվում են պետպատվերի շրջանակում:


